Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչից կտեղեկանա, որ Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները վերադառնում են նախկին մակարդակին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը զրոյացրել է այդ հարաբերությունները, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի միջնորդական առաքելությունն իրականացնում է ԵՄ-ն, մյուս ուղղությունը Մոսկվան է, և կա նաև Միացյալ Նահանգները»,- չորեքշաբթի օրը Բաքվում ասել է Ալիևը:
«Վաշինգտոնում հանդիպում եղավ, բայց հիմա այս ուղղությունը մի կողմ է թողնվել, քանի որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը (ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը), որն այժմ Բաքվում է, ասել էր, որ Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները նախկինի պես չեն լինի, և մեղադրանք է առաջադրել Ադրբեջանին: Եթե նա նման հայտարարություն է արել, նշանակում է, որ հարաբերությունները նախկինի պես չեն լինելու բոլոր ուղղություններով։ Մենք դա այդպես հասկացանք։ Նա հայտարարել էր, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված սահմանափակումներ են կիրառվելու ԱՄՆ այցելելու նկատմամբ։ Սա առաջին դեպքն է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների պատմության մեջ։ Մեր երկրների միջև եղել է ռազմավարական հարաբերություն, և այս վարչակազմը դա զրոյացրել է, մենք չգիտենք, թե որն է պատճառը, մենք ասացինք՝ լավ, եթե Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չկարողանան այցելել ԱՄՆ, ապա ինչպե՞ս է մեր արտգործնախարարը գնալու այնտեղ, կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես է լինելու, եթե հանդիպում կազմակերպվի (Հայաստանի արտգործնախարարի հետ- խմբ.)»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն ասի, որ Բաքվի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, ապա ստացվում է, որ Վաշինգտոնը հեռանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում միջնորդությունից։
«Եթե ասեն, որ հարաբերությունները նախկինի պես կմնան, և ես հույս ունեմ, որ դա այսօր կլսեմ, ապա մենք կկարողանանք վերականգնել վաշինգտոնյան գործընթացը։ Եթե դա տեղի չունենա, ապա (խաղաղության գործընթացում միջնորդության համար) կմնան միայն Բրյուսելը և Մոսկվան",- հավելել է Ադրբեջանի նախագահը։