23.11.2024
Հայաստանում երբեք այսքան քաղբանտարկյալներ չեն եղել. Հայկ Մամիջանյան
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը դարձնել պետական ծառայության առանձին տեսակ

Հաշվի առնելով Պրոբացիայի ծառայության գործառույթների բացառիկությունը, ինչպես նաեւ հասարակության անվտանգությունն ապահովող, քրեական արդարադատության իրականացմանն աջակցող, կրկնահանցագործության կանխարգելման եւ կրճատման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող մարմնին բնորոշ նպատակները եւ գործառույթները` ծառայությունը կգործի որպես պետական ծառայության առանձին տեսակ:


Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայության նպատակներով եւ գործառութային առանձնահատկություններով: Օրենսդրական փաթեթով կարգավորվում են Պրոբացիայի ծառայության կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, հիմնական սկզբունքները եւ խնդիրները, ծառայություն անցնելու կարգն ու պայմանները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:


«Պրոբացիայի ծառայության մասին եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հիմնական կարգավորումները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նշվել է, որ Քրեակատարողական օրենսգրքի 13-րդ հոդվածում պատիժը կատարող մարմինների շարքում նշվում է նաեւ Պրոբացիայի ծառայությունը: Այն ապահովում է նաեւ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանքը եւ վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների կատարումն ու այլ գործառույթներ: Առաջարկվում է ընդլայնել ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքները:


Պատգամավոր Լիլիթ Մինասյանին հետաքրքրել է` արդյո՞ք նախագիծը քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների հանձնաժողովի հետ, չի եղե՞լ նախագիծը պետական ծառայությանը վերաբերող փաթեթում ներառելու առաջարկ: Լեւոն Բալյանն իրազեկել է, որ նախաձեռնությունը քննարկվել է շահագրգիռ բոլոր մարմինների հետ, նման առաջարկ չի եղել:


Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւս խոսել է պետական բոլոր մարմիններին քաղծառայության համակարգ ներառելու եւ այս ոլորտում իրականացվող քաղաքականության մասին` համաձայնելով, որ ծառայության այս տեսակը քաղծառայության համակարգի տիրույթում չէ: Լեւոն Բալյանը պարզաբանել է, որ օժանդակող գործառույթներ իրականացնող հատվածը մնում է քաղծառայության համակարգում, իսկ հատուկ ծառայության համակարգ անցնում են բացառապես պրոբացիայի ծառայողները, որոնք շփվում են քաղաքացիների հետ, ապահովում պատժի կատարումը: Ըստ փոխնախարարի` այս կարգավորմամբ ապահովվում է նաեւ պատիժ իրականացնող այլ մարմինների հետ հավասարությունը:


Բյուջետային հատկացումները կավելանան տարեկան 70 մլն դրամով: Առաջարկվում է ներդնել ատեստավորման համակարգ, որը Պրոբացիայի ծառայողին հավելավճարի հնարավորություն կտա: Այս մասին պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին պատասխանելիս` նշել է Լեւոն Բալյանը եւ հավելել, որ վերոնշյալը հաշվի առնելով` բյուջետային ավելացումների վերջնական հաշվարկը հասկանալի կլինի նախագծի ընդունումից հետո:


Հարակից զեկույցում պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի դրույթների, ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության, միջազգային կառույցների առաջարկությունների իրագործման, ինչպես նաեւ ոլորտի խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Պրոբացիայի ծառայողներին եւ քրեակատարողական ծառայողներին տրամադրվող սոցիալական երաշխիքների միասնականացման նպատակով նախագծով առաջարկվել է պրոբացիայի ծառայողների համար սահմանել զինվորական կենսաթոշակի իրավունք:


Վլադիմիր Վարդանյանը, համակարգի աշխատակիցների ատեստավորման գործընթացին անդրադառնալով, կարեւորել է բարեվարքության ստուգման բաղադրիչի առկայությունը:


Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: ԱԺ խորհրդին կառաջարկվի հարցի քննարկումն ընդգրկել դեկտեմբերի 5-ի հերթական նիստերի օրակարգի նախագծում: