25.11.2024
Ոստիկանությանը վերապահված գործառույթներ իրականացնող լիազոր մարմին կսահմանի ՆԳՆ-ին
prev Նախորդ նորություն

Վեց տարվա կտրվածքով 2024 թ. առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարը կրկնապատկվել է

Առողջապահության ոլորտին գալիք տարվա համար նախատեսված է հատկացնել 168 մլրդ 22 մլն դրամ, որը 21 մլրդով ավելի է 2023 թվականի հատկացումից: 11 մլրդ դրամ 871 մլն դրամը նախատեսված է ուղղել կապիտալ ծախսերին, 156 մլրդը՝ ընթացիկ ծախսերին:


Առողջապահության նախարարությունն իրականացնելու է 12 ծրագիր եւ 49 միջոցառում: Հատկացվելիք գումարների մեջ նախատեսված է նաեւ առողջության համապարփակ ապահովագրության համար հատկացումը, որը կկազմի շուրջ 18 մլրդ դրամ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 6-ի համատեղ նիստում, որտեղ շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականին իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները: Նախարարի խոսքով 2018 թվականի համեմատությամբ 2024 թվականին ոլորտին հատկացվելիք գումարը կրկնապատկվել է: «2024 թվականին առողջապահությանը հատկացված պետական բյուջեն բաղկացած է երկու հատվածից: Առաջին հատվածը մեր պետական պատվերի, կապիտալ ծախսերին ուղղվող միջոցներն են, եւ արդեն իսկ ունենք 18 մլրդ դրամ հատկացված գումար, որը տարվա կեսից կուղղվի ապահովագրական համակարգի ներդրման մեկնարկին: 2023 թվականի փետրվարի 2-ին Կառավարությունը հավանություն է տվել ապահովագրական համակարգի հայեցակարգին, որը բավական ծավալուն, բայց նաեւ շատ հստակ սկզբունքներ, մոդել, կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է: Շուտով կունենանք նաեւ օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում: Տեղի կունենան նաեւ աշխատանքային քննարկումներ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:


Նախարարը փաստել է, որ առաջին անգամ մեր երկրում առողջապահական ծառայությունների համար գները հաշվարկվելու են՝ ելնելով իրատեսական, ծառայությունների մեջ մտնող ամեն հատվածի վերաբերյալ ծախսերի հաշվարկով: Եվ դրա արդյունքում արդեն կձեւավորվի ընդհանուր փաթեթի արժեքը: «Սա շատ լուրջ փոփոխություն է, որովհետեւ տարիների ընթացքում գնային փոփոխությունները շատ հատվածական են իրականացվել եւ ավելի շատ հիմնված են եղել առկա միջոցների եւ հնարավորությունների վրա, եւ բաշխվել են ըստ առաջնահերթությունների եւ հնարավորինս ուղղված են եղել բավարարելու այն հիմնարար կարիքները, որոնք մեր բնակչությունն ունի: Այսինքն՝ այս երեք ուղղությունների հաշվարկներն արդեն իսկ ավարտական փուլում են, պատրաստ են, եւ օրենսդրական քննարկումների ընթացքում մենք դրանք եւս ձեզ կներկայացնենք»,- նշել է նախարարը:


ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այս համատեքստում հավելել է, որ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսից, որը կշարունակվի մինչեւ 2026 թվականը: Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումը կիրականացվի 2026 թվականին: Այն նախատեսվում է ներդնել փուլային տարբերակով: Նշվել է, որ ծրագրի միջնաժամկետ ծախսերը հաշվարկված եւ պլանավորված են:


Հաջորդիվ Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է մինչեւ 2026 թվականը վերակառուցել, կառուցել կամ վերազինել առնվազն 50 առողջապահական կազմակերպություններ:


2023 թվականին ավարտվելու է Մարտունու եւ Վայոց ձորի բժշկական կենտրոնների շինարարությունը: Օրեր առաջ բացվել է Մարտունու ԲԿ-ն, որի վրա Համաշխարհային բանկի հետ համատեղ պետությունը ծախսել է 3.2 մլրդ դրամ: 3 տարվա ընթացքում կառուցվել է 79 մահճակալից բաղկացած, բոլոր սարքավորումներով հագեցած ժամանակակից կենտրոն: Մինչեւ տարեվերջ կավարտվի նաեւ Վայոց ձորի ԲԿ-ի կառուցումը, որը նույնպես կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով:


Հաջորդ տարի շարունակվելու եւ 2025 թվականին ավարտվելու են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Սիսիանի ԲԿ-ի շինարարական աշխատանքները:


«Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում եւ շարունակվելու են հետեւյալ օբյեկտները՝ Վաղարշապատի ԲԿ-ի, Թալինի ԲԿ-ի, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի, Աշտարակի ԲԿ-ի, Մասիսի, Արտաշատի, Նաիրիի, Տաշիրի, Չարենցավանի ԲԿ-ների շինարարությունները: Դրանցից մեծ մասի ավարտական աշխատանքները նախատեսված են հենց 2024 թվականի. 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում»,- ասել է նախարարը:


Վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում շարունակվելու են Վանաձորի ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաշենքի, Հիվանդությունների վերահսկողման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Արմավիրի եւ Արարատի մարզային մասնաճյուղերի արդիականացման աշխատանքները: Նախարարը ներկայացրել է նաեւ 2024 թվականին մեկնարկող կապիտալ շինարարության աշխատանքները:


Ընթացիկ ծախսերին անդրադառնալով՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ մի շարք միջոցառումների իրականացման համար ոլորտում ֆինանսական միջոցների ավելացումներ կան:


Պատգամավորները հարցեր եւ առաջարկներ են ուղղել նախարարներին, որոնց տրվել են պարզաբանումներ:


ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հետաքրքրվել է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց 100 տոկոս անվճար դեղապահովման հարցով, ինչին ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ այդ խմբի քաղաքացիներն ամբողջությամբ անվճար ստանում են իրենց դեղերը: Արձագանքելով՝ Նարեկ Զեյնալյանը նախարարին հորդորել է ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնել, քանի որ դեռեւս բողոքներ կան: