ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր խոսքը սկսել է` մեջբերումներ կատարելով ՀՀ գործող ազգային անվտանգության ռազմավարության երկու հոդվածներից:
Ըստ նրա` առաջինը` ցեղասպանության կանխարգելումը, ՀՀ եւ ԼՂ բնակչության պաշտպանության պատասխանատվությունը` մեր արտաքին եւ պաշտպանական քաղաքականության անկյունաքարերից է: Երկրորդը` Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը: Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ` ՀՀ-ն որպես ԼՂ-ի անվտանգության երաշխավոր աջակցում է ԼՂ իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից եւ հարկադրանքից բնակչությանը պաշտպանելու գործում:
ՀՀ-ն կկանխարգելի ԼՂ բնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած փորձ:
Պատասխանելով լրագրողի հարցին` հոկտեմբերի վերջին Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ նախատեսված հանդիպման չեղարկման վերաբերյալ` Սեյրան Օհանյանը փաստել է. «Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումը տեղի չի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պատճառով: Ադրբեջանի նախագահը չի ցանկացել մեկնել»:
Ըստ նրա` Ադրբեջանն Արեւմուտքից ստացել է այն, ինչ իրեն անհրաժեշտ էր: «Այս փուլում ինքն իր նպատակին հասել է: Կարծում եմ` հետագա գործընթացներում նա շեշտը դնելու է Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության պայմանագրի կնքման վրա, որի հիմնական նպատակներից մեկը, անկասկած, Հայաստանի նկատմամբ ճնշումների շարունակականությունն է` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ենթակառույցների ապաշրջափակման շրջանակներում»:
«Հայաստան» խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ: «Հակամարտությունը լուծված չէ, որովհետեւ Ադրբեջանի Հանրապետությունը ցույց է տվել իր վարքագիծը, որ բոլոր պայմանավորվածությունները մերժում է, մեզ հետ խոսում է ուժի ենթատեքստով եւ Լեռնային Ղարաբաղը հայաթափելով` ինքն այդ խնդիրը չի լուծել: Այս շրջանակում մենք պետք է փաստենք, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ»,- նշել է նա:
Ըստ Սեյրան Օհանյանի` գոյություն ունեցող միջազգային համապատասխան ձեւաչափով բանակցություններն այլընտրանք չունեն:
ՀՀ վարչապետի հայտարարած «Խաղաղության խաչմերուկի» նախագծի առնչությամբ նա ասել է. «Խաղաղության խաչմերուկ դառնալը լավագույն ցանկություն է ՀՀ իշխանությունների եւ հայ ժողովրդի համար, չկա որեւէ մեկը Հայաստանում, որ խաղաղություն չի ուզում: Բայց խաղաղության օրակարգն այս պահին, կարծում եմ, այն խորամանկ քայլերի ու շարունակական խաբկանքի հերթական դրսեւորումն է, որ իրականացնում են մեր հակառակորդները` թուրք-ադրբեջանական տանդեմը»: