Այս րոպեներին լարված իրավիճակ է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում:
Արցախցիները, որոնք առավոտյան հավաքվել էին ներկայացուցչության մոտ իրենց բողոքն արտահայտելու համար, ներխուժել են ներս այն պահին, երբ այնտեղ էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Արցախցիները նրան մի շարք մեղադրանքներ ներկայացրեցին՝ ոչինչ չանելու, արցախցիներին մոռանալու, անգամ Ստեփանակերտի շրջակայքում ողբերգական պայթյունից հետո արցախցիներին ուղղված ցավակցություն չհնչեցնելու համար:
Ներկայացուցչությունում անգամ հրմշտոց եղավ ոստիկանների, արցախցիների միջև, որից հետո Շահրամանյանը դուրս եկավ՝ մարդկանց հետ շփվելու համար:
"Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց ինչ պիտի ձեզ ասեմ, շատ մեծ վտանգներ է պարունակում Հայաստանի հետագա ճակատագրի համար։ Մենք բոլորս էլ շատ դժվար, ծայրահեղ ծանր վիճակում ենք, հիմա այստեղ ինչ կատարվում է, ավելի է ծանրացնում իրավիճակը։ Թշնամին մեկն է, մենք բոլորս էլ դա գիտենք։ Եվ ես իմ արած բոլոր քայլերի համար պատասխանատու եմ բոլորի առաջ։ Այստեղ տարբեր ռեպլիկներ են ասում, թե ես թուրք եմ, բայց մեզ ունենք ևս մեկ հայրենիք, ՀՀ-ն է, և մենք ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք",- նշեց Շահրամանյանը։
Արցախցիները նաև նրան հարց ուղղեցին՝ հրամանագիրը ուժի գործադրմա՞մբ է ստորագրել.
"Արցախի Հանրապետությունը լուծարված չի: Այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կա, որը ես ձեզ ասել չեմ կարող: Բայց ես վստահեցնում եմ, որ ոչ մի փաստաթղթով կարում չեն լուծարել ժողովրդի կողմից ձևավորված հանրապետությունը: Առաջիկայում այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ",- ասաց նա՝ հավելելով, որ այդ և այլ փաստաթղթեր ընդունվել են ռազմական գործողությունները կանգնեցնելու համար:
Շահրամանյանը նաև հավելեց՝ թող ոչ մեկ չկասկածի, որ եթե կարողանային հաղթել այդ ռազմական գործողություններում, ապա կանեին դա, բայց խնայել են քաղաքացիական բնակչությանը, որովհետև հակառակ պարագայում մի ժամից թուրքը կմտնել Ստեփանակերտ:
Այս պահին էլ իրավիճակը լարված է: