Հոկտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Օլիվիե Դըկոտինյիին։
Մարզպետի աշխտակազմից հայտնում են, որ մարզպետ Ա․ Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է մարզում հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության շրջանակներում կատարված միջոցառումները՝ կարևորելով միջտարածաշրջանային փոխգործակցության, ֆրանսերենի ուսուցման, կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպման, ֆրանկոֆոն արժեքների տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մասնավորապես նշվել է սույն թվականի մայիսի 2-ին Վայոց ձորի մարզի և Օ Դը Ֆրանս ռեգիոնի միջև հաստատված համագործակցությունը, որի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց ընդլայնել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակները և փոքրիկ, բայց արժեքավոր ներդրում ունենալ երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդման գործում:
Կարևորվել է նաև մարզում գործող «Մաշտոց» հրատարակչական հիմնադրամի աշխատանքը, որը շատ կարճ ժամանակամիջոցում, համախմբելով շուրջ հարյուր թարգմանիչների, թարգմանել և տպագրել է գրքեր նաև ֆրանսերենից՝ նպաստելով ֆրանսիական մշակույթի ու արժեքների տարածմանը ոչ միայն մեր մարզում, այլև ամբողջ երկրում:
Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշեց, որ Ֆրանսիան առաջին օրերից իսկ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել բարեկամ հայ ժողովրդին։
Կողմերը հույս հայտնեցին, որ հաջորդ հանդիպումը կլինի ընդլայնված ձևաչափով, և դեսպան Օլիվիե Դըկոտինյին հնարավորություն կունենա տեղում ծանոթանալ մարզի տնտեսությանը, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների ներուժին, մշակույթին և ժողովրդին՝ հետագա համագործակցությունն ավելի ամրապնդելու և նոր նախաձեռնություններով համալրելու նպատակով: