Բռնի տեղահանված ավելի քան 3000 արցախցի է դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ է դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։ Չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված։ Գուցե, նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու։ Հույս ունեմ, որ շատ հստակ ենք այդ ուղերձը տալիս և նաև կոչ եմ անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին՝ որպես առաջնային պլան ունենալ Հայաստանի Հանրապետությունում մնալը։ Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար։ Այն դեպքում, երբ դե-ֆակտո ցանկություն կամ հնարավորություն չի լինելու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց վարչապետը։
Նա կոչ արեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան. «Մենք ավելի քան 100 միլիոն դոլարի հատկացում ենք արել, ամենատարբեր ծրագրեր ենք իրականացնելու»: