ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, լրացում՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար հատկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Ըստ հիմնավորման՝ հաստատվել են 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Կացարան, գոյության միջոցներ կորցրած քաղաքացիները կարիք ունեն դրամական տեսքով պարբերական սոցիալական աջակցության՝ ժամանակավոր կացարանում բնակվելու, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ծախսերի կատարման համար:
Որոշման շրջանակում նախատեսվում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 100652 քաղաքացիների 6 ամիս ժամկետով սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Ըստ այդմ՝ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 2 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 40000 անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Որոշման շրջանակում հարկ կլինի 2023 թ. հոկտեմբերից 2024 թ. մարտը ներառյալ ամիսների համար հատկացնել 30 մլրդ դրամ:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Այստեղ ուղղակի «ժամանակավոր կացարան» հասկացությունը կարող է որոշակի շփոթեցնող լինել: Այս գումարը տրվում է մարդկանց բնակարան, բնակելի տարածք վարձելու համար: Ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր գտնվում են խնամքի վայրերում և համայնքային հաստատություններում, ապա այստեղ մենք պետք է հստակ պարզաբանում դնենք, որովհետև կարող են լինել մարդիկ, ընտանիքներ, ովքեր այդ հաստատություններում են տեղավորված, բայց ցանկանում են վարձով բնակարան վերցնել, այս գումարն իրենց տրվելու է: Իսկ խնամքի հատուկ կարիք ունեցող մարդկանց պահով չի ենթադրվում, որ նրանք պետք է լքեն այդ հաստատությունները և բնակարան վարձեն: Մնացած բոլոր դեպքերում մենք այդ աջակցությունը տրամադրում ենք: Նաև խրախուսում ենք սրանով, որպեսզի մեր այդ հայրենակիցները բնակարան վարձեն: Մենք հորդորում ենք՝ նրանք, ովքեր հատուկ խնամքի հաստատություններում չեն, որպեսզի այս գումարի շրջանակում բնակարաններ վարձեն: Մեր դիտարկումները ցույց են տալիս՝ իրատեսական է, որ այդ գնով նրանք կարող են բնակարան վարձել և իրենց կեցության հարցերը լուծել»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև դրամական աջակցության տրամադրման գործընթացում կանխիկ գործարքները նվազագույնի հասցնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը և հանձնարարել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:
«Կարծում եմ՝ պետք է նվազագույնի հասցնել, չեմ ուզում ասել զրոյացնել, կանխիկով գործարքները, որովհետև դա նաև մեր քաղաքականությունն է: Նաև թափանցիկության խնդիր կա, մենք պետք է համոզվենք, որ մեր հատկացրած, տրամադրած ամեն լուման հասել է ճիշտ հասցեատերին, որովհետև եթե մարդը ֆիզիկական և այլ սահմանափակումներ ունի, իսկ որտեղից այդ երաշխիքը, որ այդ ամբողջ գումարը հասնում է իրեն: Այսինքն՝ մենք պետք է բանկային քարտ իր համար թողարկենք: Պետք է դա մինիմումի հասցնել, կրկնում եմ՝ չեմ ուզում ասել զրոյացնել, որովհետև չեմ բացառում մի հատ այնպիսի դեպք լինի, որը հնարավոր չէ դա անել»,- ասել է վարչապետը: