23.11.2024
ԱՄՆ-ի նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է. Մեթյու Միլլեր
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային 3+3 ֆորմատով հանդիպումներին. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային 3+3 ֆորմատով հանդիպումներին, Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա նշել է, որ այս ձևաչափով առաջին հանդիպմանը որոշակի սկզբունքների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվել է։


«Մենք պատրաստ ենք շարունակել այդ ֆորմատում աշխատանքը և, իմիջիայլոց, ասեմ, որ նաև կարևորում ենք: Ինչո՞ւ ենք կարևորում, որովհետև այնպես չստացվի, և սա մեզ համար երբեմն կրկնվող պրոբլեմ է, որ մենք տարածաշրջանային օրակարգն անընդհատ քննարկում ենք հեռու տեղերում, և չենք քննարկում այս տարածաշրջանում, որովհետև, այնուամենայնիվ, հասկանում ենք, իհարկե, միջազգային հանրությունը, մեր գործընկերությունը բոլոր գործընկերների հետ շատ կարևոր է, բայց հանկարծ տպավորություն չստեղծվի մեր տարածաշրջանում, թե մենք մեր տարածաշրջանի երկրների և հարաբերությունների նկատմամբ ունենք, այսպես ասած, քամահրական վերաբերմունք: Ոչ, ամենևին այդպես չէ, և ընդհակառակը, մեր արտաքին քաղաքականության նրբություններից մեկն այն է, որ կարևորում ենք հենց տարածաշրջանային հարաբերությունները՝ դրանք դուրս չդնելով միջազգային հարաբերությունների ընդհանուր կոնտեքստից»,- ասել է նա։


Փաշինյանը խոսքով՝ ժամանակին նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 3+3 ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում:


«Մենք պատրաստ ենք, իհարկե, դեռ պետք է լրացուցիչ քննարկվի: Նախ՝ հանդիպումները գոնե մինչև այս պահը տեղի են ունեցել արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, հիմա նաև պետք է ճշգրտվի, թե ինչպիսի՞ն է կողմերի ընկալումը, ի՞նչ մակարդակով է պետք շարունակել խոսակցությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետի ընդգծել է, որ մինչև այս պահը չի եղել դեպք, որ այդ ֆորմատով քննարկումները հետաձգվեն կամ տեղի չունենան հայկական կողմի պատճառով:


2020-ի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի վեց երկրների (Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) մասնակցությամբ համագործակցության հարթակ ստեղծելու գաղափարով հանդես է եկել Թուրքիան։ Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում 2020-ի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր «Վեցի հարթակ» ստեղծելու մասին։


2021-ի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել էր 3+3 ձևաչափով նախանիստ, որին Հայաստանը մասնակցել էր արտաքին գործերի նախարարի տեղակալի կարգավիճակով։