24.11.2024
Ադրբեջանագետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով
prev Նախորդ նորություն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կողմից վերջին օրերին հաճախ հնչող հարցերի վերաբերյալ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կողմից վերջին օրերին հաճախ հնչող հարցերի վերաբերյալ.


1․ Ինչպե՞ս հաշվառվել ՆԳՆ Միգրացիայի քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։

Հաշվառվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայաստանի համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները հրապարակված է https://irazekum.am/ հարթակում) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40):

2․ Արդյոք քաղաքացին համարվու՞մ է հաշվառված, եթե իր տվյալները ներբեռնել է Առաջնային կարիքի գրանցման հարթակում։

Ո՛չ, քանի որ այդ դեպքում համարվում է, որ հաշվառվել են քաղաքացու կարիքները, իսկ գրանցվել անհրաժեշտ է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։

3․ Ու՞ր դիմել, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձն ունի սննդի, հագուստի և առաջնային այլ պարագաների կարիք։

ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով լրացվում է առաջնային կարիքի գրանցման հարթակը՝ https://e-soc.am/,
եթե ունեք կարիքներ ու դեռ չեն բավարարվել դրանք, կարող եք մոտենալ վարչական շրջաններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

4․ Ի՞նչ անել ՀՀ-ում աշխատանք գտնելու համար։

Անձը կարող է գտնել աշխատանք «Գտիր աշխատանք» https://workforall.am/
հարթակի միջոցով կամ կարող է մոտենալ իր բնակավայրին մոտ գտնվող ՄՍԾ տարածքային կենտրոն, գրանցվել որպես աշխատանք փնտրող և համալրել առաջարկվող թափուր հաստիքներից մեկը։

5․ Ինչպե՞ս ստանալ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված 100 հազար դրամ միանվագ աջակցությունը։

Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Եթե ՀՀ մուտք գործելուց հետո անցել եք հաշվառում և ունեք բանկային քարտ, ապա որևէ լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա։ Հաշվառում անցած և տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։

6․ Եթե անձը ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 2020 թվականին, արդյոք կարող է օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցությունից։

Ո՛չ, քանի որ աջակցությունն ուղղված է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված անձանց հրատապ կարիքների բավարարմանը։

7․ Ի՞նչ անել անձնագիր չունենալու կամ ժամկետանց անձնագրի դեպքում։

Անհրաժեշտ է մոտենալ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք)։

8․ Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձը 75 (կամ ավելի) տարիքի կենսաթոշակառու է և չունի բանկային քարտ, ի՞նչ անել։

75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։


9․ Վարձավճարի 40 հազար դրամ + կոմունալ վճարների համար՝ 10 հազար դրամ 6-ամսյա ծրագրից օգտվելու համար ի՞նչ պետք է անել․ հոկտեմբերի համար գումար կտրամադրվի՞։

 Հոկտեմբեր ամսվա համար վարձի և կոմունալ ծախսերի վճարման նպատակով սոցիալական աջակցություն կտրամադրվի․ ընթացակարգը կներկայացնենք առաջիկայում։ Աջակցությունը վերաբերվում է նրանց, ովքեր չունեն բնակարան Հայաստանում։

10․ Եթե անձն ունի հաշմանդամություն, և սայլակ է անհրաժեշտ, ու՞ր դիմել։

ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների (այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն) կարիք, կարող են զանգահարել 114 թեժ գիծ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կկազմակերպվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։