26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը շարունակում է ակտիվություն դրսևորել
prev Նախորդ նորություն

Ձեզ օգտագործում են. «Նաիրիտի» աշխատակիցների բաց նամակը Սամվել Կարապետյանին

«Նաիրիտ» գործարանի համակարգող խումբը՝ գործարանի նախկին և ներկա աշխատակիցները, բաց նամակ է հղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետեր և բարերար Սամվել Կարապետյանին: Նամակում ասված է.

«Ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի՝ 2015թ ապրիլի 7-ի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները ստանալու և պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով հայցադիմումը նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Չիչոյանի կողմից բավարարվեց, և գործարանը սնանկ ճանաչվեց:

Վճիռն անսպասելի և անասելի ցավոտ էր մեր՝ նաիրիտցիներիս համար, որոնք մի ամբողջ կյանք են ապրել «Նաիրիտ»-ում, իրենց անտրտունջ և նվիրված աշխատանքով Հայաստանի պատիվը մշտապես բարձր են պահել խորհրդային և միջազգային շուկաներում «Նաիրիտ»-ի բարձրակարգ կաուչուկի արտադրանքով։

Ինչպես գիտենք, բոլորովին վերջերս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքում տեղադրվեց հայտարարություն, ըստ որի՝ հայտարարվում է մրցույթ՝ նպատակ ունենալով «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով ներգրավվել մասնավոր գործընկեր, և հրավիրվում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտ՝ մինչև 2017թ.-ի հունվարի 20-ը՝ ժամը 15։00-ն։

Հայտնի է, որ վերջին ամիսներին ասպարեզում են «Նաիրիտ»-ում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությամբ հանդես եկող կազմակերպություններ, սակայն «Նաիրիտ»-ի սնանկության վճիռը փաստացի արգելք կհանդիսանա այդ ընկերությունների համար, և «Նաիրիտ»-ը վերջնականապես կգնա լուծարման ճանապարհով։ Ստացվում է՝ մրցույթի ավարտից ընդամենը մեկ ամիս շուտ գործարանը սնանկ ճանաչելու արագացված որոշմամբ Նաիրիտը կարող է զրկվել երբևիցե վերագործարկվելու հնարավորությունից։

Բոլորին է հայտնի Ձեր կողմից ծավալվող բարեգործական նախաձեռնությունները հանուն Հայաստանի և Արցախի բարօրության, ինչի մասին են վկայում Ձեզ շնորհված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը և բազմաթիվ պարգևները՝ ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար։

Հաշվի առնելով Ձեր հնարավորությունները, չուրանալով Ձեր հայրենասիրական նկրտումները՝ խնդրում ենք՝ ժամանակավորապես դադարեցնել «Նաիրիտ» գործարանի սնանկության վճիռը՝ մինչև մրցույթի ավարտը՝ 2017 թվականի հունվարի 20-ը։ Հայտարարված մրցույթն ու դրա արդյունքում ստեղծվող հնարավորություները՝ «Նաիրիտ»-ը վերականգնել և վերաթողարկել վերստին՝ կարող է իրականանալ միայն Ձեր կողմից այդ վճիռը ժամանակավորապես կասեցնելու դեպքում, ինչի հնարավորությունը, որպես ՀԷՑ-ի սեփականատեր՝ բնականաբար ունեք։

Հակառակ դեպքում, վստահ ենք, ձևավորվելու է կարծիք, ըստ որի՝ Ձեր անմիջական մասնակցությամբ և պատճառով է արդյունաբերական նախկին հսկան կորցրել իր հնարավորությունը՝ վերականգնելու իր երբեմնի համբավը։ Արդեն հնչում են մենաբանություններ, որ Ձեզ օգտագործում են` «Նաիրիտ»-ի հանցավոր թալանը իրագործողներին կոծկելու համար: Եվ կամ Դուք կատարում եք օտար պետության պատվերը` Հայաստանի տնտեսական թուլացմամբ` այն ավելի վերահսկելի և կախյալ դարձնելու:

Դուք կանգնած եք դժվարին ընտրության առջև. մի կողմում գործարանի, նաև երկրի թալանն իրականացրած մի քանի կարկառուն պաշտոնատար անձինք են, մյուս կողմում` հազարավոր նաիրիտցիները, որոնց համար «Նաիրիտ»-ը և՛ հարազատ տուն է, և՛ աշխատելու ու երկիրը շենացնելու հնարավորություն: Ապացուցեք, որ Ձեզ համար երկրի շահն է առաջնային, որ Դուք իսկապես մտահոգ եք երկրի տնտեսական առողջացմամբ, բարի կամք ցուցաբերեք և «Նաիրիտ»-ի սնանկության վճիռը ժամանակավորապես կասեցրեք, որով հնարավոր կլինի հայտարարված մրցույթը հասցնել իր տրամաբանական ավարտին։

Ակնկալում ենք, որ որպես հայրենասեր հայորդի՝ թույլ կտաք, որ Նաիրիտ գործարանի վերագործարկումը դառնա անկյունաքար Հայաստանի տնտեսության զարգացման համար»:

Հիշեցնենք, նոյեմբերի 28-ին կայացած դատական նիստում դատավորը բավարարել է հայցվոր հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դիմումը և «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչել: