Զոհրաբյան. Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Իսկ թե ի՞նչ ձևաչափով՝ շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի, մանրամասներն առաջիկայում կհրապարակի անձամբ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի առաջիկա քաղաքական գործընթացներին: Ավելին՝ միանշանակ նա լինելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել »,- ընդգծեց նա:
Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել կուսակցությունը, ինչը բխում է նաև կուսակիցների ցանկությունից: Պատգամավորն ընդգծեց, որ նման առաջարկով հանդես են եկել, բայց պատասխանը և որոշումը պարզ կդառնան առաջիկայում, երբ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ և կհնչեցնի բոլոր հարցերի պատասխանները:
«Ես հասկանում եմ, որ ոչ իշխանական դաշտում շատ քաղաքական ուժերի բոլոր սցենարները խառնվել են, որովհետև մարդիկ երևի նստել, խորհրդարանը լեյտենանտ Շմիդտի որդիների նման բաժանել են իրենց մեջ ու Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է: Բայց մեկ բան կարող եմ ասել` հասկանալի է այդ մարդկանց խուճապը, որովհետև Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալով առանց բացառության բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի սցենարները խառնվել են և դա փաստ է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հանրության շրջանում տարածում գտած այն լուրին, թե Գագիկ Ծառուկյանն իր վերադարձը համաձայնեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Զոհրաբյանը նշեց, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է և ավելացրեց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր մասնակցությունն այս կամ այն քաղաքական գործընթացներին: Կոնկրետ Գագիկ Ծառուկյանը, նրա խոսքով, վերադառնալու է երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու նպատակով:
«Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, և ես բարոյապես կոռեկտ չեմ համարում քննարկել և վերլուծել, թե մարդկային հարաբերություներում նրանք ինչ են քննարկում և ինչ չեն քննարկում»,- ասաց նա, իսկ հարցին՝ մտավախություն չունի՞, որ գործչի վերադարձով կրկին արյունահեղության վտանգ կստեղծվի երկրում շեշտեց՝ ոչ:
Վերջում էլ ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստանը» այս պահին դաշինքային որևէ ֆորմատ չի քննարկում: