Եռաբլուր զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին Հայոց Ամենայն կաթողիկոս Գարեգին Բ-ն հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, ավելին՝ ակնհայտ դժգոհություն հայտնեց այն փաստից, որ լրագրողները նրան դիմում են հարցով:
Իսկ հարցերը տրամաբանական էին ու օրվա օրակարգով թելադրված՝ ի՞նչ է անում Եկեղեցին, որպեսզի լուծումներ գտնվեն Արցախի ու արցախահայության փրկության համար, ո՞վ է մեղավոր, ի՞նչ անել: Վեհափառը, սակայն, լուռ էր: Լուռ են նաև եկեղեցու զանգերը:
Եվ ահա մի քանի օր անց, Արցախից բռնի տեղահանվող հայության ահասարսուռ լուսանկարների ֆոնին, Արցախի համայնքներից նոր կոտորածների ու ադրբեջանցիների վայրագությունների մասին ստացվող տեղեկատվությանը զուգահեռ Հայր Ասողիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Վեհափառի ու եկեղեցու: Այս դեպքում՝ նաև Եկեղեցու անգործության:
Ի՞նչ է ասում Հայր Ասողիկը.
"Սիրելիներ,
Արդեն քանի օր է ձեզանից ոմանք գրում են և ասում՝ հնչեցրեք զանգերը, հոգևորականներդ առաջնորդեցեք ժողովրդին:
Պատասխանել եմ ոմանց անձնական հաղորդագրությամբ: Սակայն կարիք եղավ, ահա, նաև այսպես բաց իմ տեսակետն արտահայտելու:
Մեր սուրբ եկեղեցիների զանգերն ամեն օր հնչում են՝ կոչելով մեզ ընդհանրական աղոթքի, սակայն աղոթքը նաև առանձնական սխրանք է, ամեն մի հավատավոր հայորդի իր անձնական աղոթքով պետք է վարի հոգևոր կյանքի՝ հավատքի բարի պատերազմը:
Արդ, մեր կյանքի այս հորձանուտում, երբ չենք կարող մեր սահմանափակ գործողություններով իրավիճակ փոխել, լավագույն միջոցը ներազդելու և խնդիրների բարվոք լուծմանը նպաստելու՝ անձնական ու հավաքական աղոթքն է: Ազգի ու Հայրենիքի ցավը և գալիքի տեսլականը մեր սրտերում կրելով՝ եկեք, անհատապես և միասնաբար կանգնենք աղոթքի. մենակ կամ խումբ-խումբ գնանք և լցնենք մեր եկեղեցիները և սրտագինս աղոթենք, և անկեղծ, զորեղ խոսքի ուժն անպայմանորեն կիջեցնի Ամենազոր Աստծո օրհնությունն ու շնորհը՝ այլակերպելով ու պայծառակերպելով մեր ներկա կյանքը:
Հոգևորականն աստվածային իշխանություն ունի առաջնորդելու հոգիներին, նա Աստծո օծյալ սպասավորն է, նա վեր է ամեն տեսակ մարդկային դասակարգումներից: Ուստի, հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ՝ սահմանափակելով իր տիեզերական իշխանությունը: Եվս առավել, երբ կա Պետություն և պետական հասարակարգ՝ հայ հոգևորականը բացառապես հավատքի քարոզիչ է և ազգային ավանդի պահապան:
Այս օրերին բազմիցս հնչել է Մայր Աթոռի բարձր ձայնն ուղղված ամեն մի հայի, ամեն մի ուժի, օրվա իշխանություններին: Այդ խոսքը հնչել է որպես խորը ապրում ու մեծ ցավ՝ փարատելու համար ներկա համազգային վերքերն ու վիշտը: Եվ մենք՝ հոգևորականներս, ամենուր ենք, որպեսզի մեր ներկայությամբ ազգի զավակների միջև սեր և համերաշխություն սերմանելով ու հաստատելով՝ արմատախիլ անենք չարիքն ու միասնական ջանքերով վերացնենք մեր գոյությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգները:
Ֆիզիկական զանգերից առավել պետք է ղողանջեն մեր հոգու՝ ներաշխարհի զանգերը, որոնց թելերը զօր ու գիշեր շարժում են մեր հոգևոր հայրերը՝ իրենց աղոթքներով, քարոզներով, զրույցներով, այցերով և տարատեսակ հոգևոր այլ սպասավորություններով:
Արթնացեք, սիրելիներ, խոհեմությամբ ունկնդիր եղեք ձեր հոգիների անլռելի զանգակներին և նախանձախնդրությամբ գործեցեք վասն ներկայի և գալիքի: Յուրաքանչյուրից, ով ինչի կոչվել է՝ իր կոչմանը համապատասխան գործողություն պահանջեցեք":
Ուշագրավն այս հայտարարության մեջ այս նախադասությունն է.
"Հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ՝ սահմանափակելով իր տիեզերական իշխանությունը": Սա, ըստ էության, պատասխանն է բոլոր նրանց, ովքեր կոչ էին անում Կաթողիկոսին առաջնորդել համաժողովրդական ցասումը, փորձել փրկել Հայաստանն ու Արցախը....թեև Արցախը էլ փրկել չի լինի:
Ու դրանում հավասարապես մեղավոր են բոլորը, այդ թվում մշտապես լուռ Եկեղեցին...