4.12.2024
Ալիևի ցեղասպան ռեժիմը սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Բեգլարյան
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան դատապարտում է Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը և պահանջում հրավիրել ՄԱԿ ԱԽ նիստ

Ֆրանսիան խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սկսած ռազմական օպերացիան՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ, այդ թվում՝ բնակելի շրջանների ուղղությամբ։


«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են ամիսներ շարունակ տևող ապօրինի շրջափակումից տառապող հազարավոր քաղաքացիական անձանց և հակասում են բանակցային ճանապարհով կարգավորման հասնելու միջազգային հանրության ջանքերին։


Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը և հարգել միջազգային իրավունքը։ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագրի համար բացառիկ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա։


Ֆրանսիան պահանջում է շտապ հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ։


Փարիզը սերտ կապի մեջ է եվրոպացի ու ամերիկացի գործընկերների հետ՝ վճռականորեն արձագանքելու այս անընդունելի հարձակմանը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։


Ավելի վաղ ադրբեջանական կողմը, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողության» մեկնարկը կապել էր հայկական կողմից իբր տեղադրված ականներից պայթեցված ոստիկանների մահվան հետ։ Իրականում այս միջադեպն օգտագործվել է որպես ագրեսիայի պատրվակ, որը նախապատրաստվում էր արդեն մի քանի ամիս։ 


Ադրբեջանն ամեն օր Հայաստանին ու Արցախին մեղադրում էր հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ընդ որում ՝ ադրբեջանական կողմը զորքեր էր կուտակում Հայաստանի սահմանների մոտ։ Վերջին փուլը Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպումն էր, որտեղ ադրբեջանական կողմը հանդես եկավ Արցախի և Հայաստանի հասցեին ստահոդ թեզերով ու մեղադրանքներով:


ՀՀ ԱԳՆ-ն այսօր հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում նշել է, որ Բաքվի մեղադրանքները կեղծ են և հող նախապատրաստող ագրեսիայի համար, ինչին մենք հիմա ականատես ենք լինում: