28.11.2024
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից. ՊՆ-ն հերքում է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն չի հանդուրժի ԼՂ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ. Քիմ

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը բացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական փոխադրումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յուրի Քիմն այս մասին ընդգծեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներում:


Յուրի Քիմը նշեց, որ վերջին մի քանի ամիսներին ինտենսիվորեն աշխատել են՝ հասցեագրելու ԼՂ-ում հումանիտար իրավիճակը:


«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակմամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա դրա փակման հետևանքներով: Անընդհատ ասում ենք, որ այդ միջանցքը պետք է բացվի առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժի համար»,-ասաց նա:


Քիմն ընդգծեց հումանիտար մատակարարումները վերականգնելու հրատապությունը:


Նա նշեց, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, USAID-ի գործընկերները, ինքը և շատ գործընկերներ ինտենսիվորեն ներգրավված են այս հարցում՝ ճնշում գործադրելու Լաչինի միջանցքի, ինչպես նաև մարդասիրական, առևտրային և մասնավոր երթևեկության համար այլ ուղիների անհապաղ և անխափան բացման համար՝ հրատապ անհրաժեշտ պարագաների անցումը թույլ տալու նպատակով։ Քիմը նաև ասաց, որ Լուիս Բոնոն կրկին տարածաշրջանում է՝ ճնշում գործադրելու, որպեսզի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ թույլատրվեն անհապաղ և սահուն կերպով:


Նա շեշտեց՝ կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը արագ վերականգնել մասնավոր, մարդասիրական տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, նաև գիտակցում են լրացուցիչ երթուղիների կարևորությունը:


Ըստ նրա՝ տարածաշրջանում փոխվստահության բացակայությունը ամենալուրջ խնդիրներից մեկն է: «Մենք պետք է շարունակենք խրախուսել բոլոր կողմերին կառուցողական աշխատել»,-նշեց Քիմը:


Նա շեշեց. «ԱՄՆ-ն չի հանդուրժի ԼՂ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ, գործողություն կամ այլ վայրագություն՝ լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ»:
Սենատոր Ջեյմս Ռիսչն էլ նշեց, որ Եվրոպայում և Եվրասիայում շարունակվող անկայունությունը պարզ են դարձնում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ուժեղ քաղաքականության անհրաժեշտությունը: