Պաշտպանության փոխնախարարը չի բացառել նոր էսկալացիայի հավանականությունը
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի բացառել հանրապետության սահմանին նոր էսկալացիայի հավանականությունը։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փոխնախարարը հաստատել է սահմանի մոտ ադրբեջանական զորքերի կենտրոնացվածության առկայությունը, ինչպես նաև մեծ քանակությամբ զինտեխնիկայի, այդ թվում՝ հրետանու տեղաշարժը։ Նա մատնանշել է, որ Հայաստանի և Արցախի Պաշտպանության նախարարությունները որոշակի հաճախականությամբ հրապարակում են համապատասխան տեղեկատվություն. «Ավելորդ լարվածությունից խուսափելու համար նպատակահարմար է հետևել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք»,- նշել է Սարգսյանը։
Նա ասել է, որ ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնի եւ ընդհանուր իրավիճակի վրա բացասական ազդեցություն չունենա։
«Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ կա էսկալացիայի մշտական վտանգ, բայց մենք՝ որպես պետություն, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի դեպքերը չհանգեցնեն մեծ էսկալացիայի կամ լայնածավալ ռազմական գործողությունների»,- նշել է Սարգսյանը։