28.11.2024
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են քննչական ծառայությունների համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Կին թեկնածուների համար առկա իրավական խոչընդոտները կնվազեցվեն

Ներկայում գործող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով կանանց ներգրավվածության իրավական հիմքերը բավական խոցելի են եւ ձեւակերպված են իրավական անորոշությամբ, ինչը լրջագույն խոչընդոտ է կանանց ներգրավվածության առումով: Այս մասին ասել է պատգամավոր Լիլիթ Գալստյանը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու եւ Հանրային հեռարձակողի կառավարման մարմնում, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմնում կին թեկնածուների համար առկա իրավական խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ:


Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ առաջարկելով, որ խորհրդում յուրաքանչյուր սեռի թիվը չպետք է պակաս լինի 3-ից: «Հաճելի էր քաղաքական մեծամասնության կողմից բարձրաձայնումը. այս առաջարկությունն ընդունվել է: Ընդունվել են նաեւ Կառավարության կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում են իրավական տեխնիկային եւ խմբագրական բարեփոխումներին»,- ասել է Լիլիթ Գալստյանը:


Նշվել է, որ Գենդերային ճեղքվածքի ինդեքսում Հայաստանը նահանջ է արձանագրել. նախորդ երեք տարիների 98-րդ հորիզոնականից 2021 թվականին 156 երկրների մեջ հայտնվել է 114-րդ հորիզոնականում:


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը նշել է, որ Կառավարությունը կողմ է առաջարկված փոփոխությունների ընդհանուր տրամաբանությանն ու փիլիսոփայությանը:


Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ներկայացնելով նաեւ քաղաքական թիմի դիրքորոշումը, ողջունել է առաջարկվող փոփոխությունը:


Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: