26.11.2024
Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կոնկրետ որոշումներ կկայացնի. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Արցախը խաղաղապահներից պահանջում է քայլեր ձեռնարկել՝ զսպելու Բաքվի սադրիչ գործողությունները

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ, թե իբր ՊԲ-ն ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում։


ԱԳՆ-ից նշում են, որ Ադրբեջանը Արցախում իրադրության լարման է գնում ՄԱԿ-ի ԱԽ նիստ գումարելու պահանջից երկու օր անց․ «Պահանջում ենք միջազգային բոլոր դերակատարներից և, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմից անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․


«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:


Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար:


Միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ գումարելու Հայաստանի Հանրապետության պահանջից ընդամենը երկու օր անց: Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից միջազգային կառույցների ուշադրությունը շեղելու փորձ:


Վերստին նշում ենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով հայտնվել է լիակատար շրջափակման մեջ: Ավելին, 2023 թ. հունիսի 15-ից Արցախի ժողովուրդը զրկված է Լաչինի միջանցքով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սննդամթերքի, դեղորայքի և կենսական նշանակության մնացած բոլոր ապրանքների անգամ նվազագույն քանակի ներկրման հնարավորությունից։


Այսպիսով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, միջազգային համընդհանուր իրավական նորմերը, ինչպես նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված կոնկրետ միջազգային իրավական ակտերը, որոնց թվում են ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները Լաչինի միջանցքի ապարգելափակման վերաբերյալ։


Պահանջում ենք միջազգային բոլոր դերակատարներից և, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմից անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները:


Ստեղծված իրավիճակում հրամայական ենք համարում հնարավորինս հրատապ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի գումարումը՝ Լաչինի միջանցքի ամբողջական և անվերապահ ապարգելափակմանն ուղղված անհրաժեշտ և արդյունավետ միջոցների իրականացման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով»,- ասված է հայտարարությունում։