Ճանապարհային երթեւեկության խնդիրը կառավարության առաջնահերթություններից է․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի վերաբերյալ` բարձրացնելով ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրը:
«Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր:
Շիրակի մարզի վթարին մասնակից երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել են եւ՛ տեխզննում, եւ՛ ԱՊՊԱ պայմանագիր, վարորդները ունեցել են իրավազոր վարորդական իրավունքներ: Մնացած հարցերի պատասխանը կտա քննությունը:
Ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են եւ կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետեւողական ներդրման եւ վերահսկման միջոցով:
Ցավակցում եմ բոլոր ավտովթարների բոլոր զոհերի բոլոր հարազատներին»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ։
Օգոստոսի 14-ին ժամը 00:27-ին Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 6 հոգի հոսպիտալացվել է։ Վթարի մասնակից «Զիլ» տրանսպորտային միջոցը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և բախվել ուղևորատար «Վոլկսվագեն»-ին։ Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: