Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից
Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակից «Զիլ» տրանսպորտային միջոցը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և բախվել «Վոլկսվագեն»-ին, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Նախնական տվյալներով՝ 2023-ի օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ»-ի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն»-ի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն»-ը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ»-ը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեից նշում են, որ «Զիլ»-ի վարորդի վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 14-ին ժամը 00:27-ին Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 6 հոգի հոսպիտալացվել է։
Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: