26.11.2024
Պատգամավոր. Ոչ մի ձերբակալություններով այլևս հնարավոր չէ կասեցնել սկսված գործընթացը Արևմտյան Հայաստանում
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Համագումարից հետո ՀՀԿ-ում «շատ նոր ու թարմ դեմքեր չեն լինի»

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր ԱԺ ընտրություններից առաջ ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբոլյանը մտածում են միավորվելու մասին։ «Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատուր Քոքոբելյանը եւ Հրանտ Բագրատյանը օրերս Արցախում հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ առաջարկելով Հայաստանի ապագա խորհրդարանում ներկայացնել Արցախի իշխանություններին։ Նրանց աջակցության դիմաց նրանք նույնիսկ առաջարկել են, որ իրենց ցուցակը գլխավորի ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը: Համաձայնությունը կարծես կայացել է, եւ մնում է ստանալ Սերժ Սարգսյանի «դաբրոն»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի հարցը կրկին սրվել է. նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ծրագրել է նոյեմբերի 25-ին ավագանու նիստ հրավիրել ու երեկվանից կատաղի «աշխատանք» է տանում ընդդիմադիր ավագանիների հետ, որպեսզի համոզի ներկայանալ ու քվորում ապահովել, որ ինքն էլ դառնա փաստացի քաղաքապետ։ Խոսակցություն կա, որ Ասլանյանին կուսակցությունից ուլտիմատում են ներկայացրել՝ կամ ապահովում է քվորումը, կամ հրաժարական է տալիս։ Սակայն ընդդիմադիրները դեռեւս դիմադրում են։ Հիշեցնենք, որ ավագանու անդրանիկ նիստը տապալել են շաբաթներ առաջ՝ միասնաբար բոյկոտելով այն»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետականում շշուկով են խոսում նոյեմբերի 26-ին սպասվող դարակազմիկ համագումարի մասին: ՀՀԿ-ականները գցում-բռնում են, թե ովքեր կընդգրկվեն գործադիր մարմնի կազմում, ովքեր դուրս կմնան: Անգամ ընտրյալների նեղ շրջանակը համոզված չէ՝ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ ԳՄ կազմում ընդգրկվելու հավանականությունն էլ ուղիղ համեմատական է լինելու ՀՀԿ ցուցակում լինելուն: ԳՄ-ից, ըստ մեր աղբյուրի, հնարավոր է դուրս մնան Ռազմիկ Զոհրաբյանը, Դերենիկ Դումանյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը: Հայտնի է, որ կուսակցության ղեկավարը կլինի Սերժ Սարգսյանը, հավանաբար՝ փոխնախագահի պաշտոնը կստանձնի Կարեն Կարապետյանը։ Հնարավոր է՝ ԳՄ կազմում ընդգրկվեն Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Մուշեղ Լալայանը, Ռուբեն Թադեւոսյանը, Գալուստ Սահակյանը, Կարեն Կարապետյանները, Դավիթ Հարությունյանը, Տարոն Մարգարյանը, Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Հրանուշ Հակոբյանը: «Շատ նոր ու թարմ դեմքեր չեն լինի»,-«հանգստացրեց» մեր աղբյուրը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մեր երկրում վերջին 7 տարվա մեջ ամենացածրն է եղել՝ 0.4 տոկոս: Մասնավորապես աննախադեպ անկում է գրանցվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում` 7,3 տոկոս, ինչը նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում աղետ է սպասում: Նկատենք, որ այս արդյունքներն արտացոլվում են ոչ միայն նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի, այլեւ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության ժամանակ: Հիշենք` Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո խոստացավ ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության հետ կապված դրական սպասումները, որոնք կարող էին աշխուժություն մտցնել ՀՀ-ի տնտեսության մեջ, դեռեւս չեն նշմարվում»:

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու ՀՅԴ գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել:
Կամավորագրված քաղաքացիները Հայաստանի տարբեր մարզերից են: Ներկայումս այդ քաղաքացիների հետ անհատական աշխատանքներ են տարվում՝ նրանց ունակությունները գնահատելու եւ ճիշտ բաշխում կատարելու համար: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը:
«Այսօրվա դրությամբ հավաքագրվել է 650 հոգի, հիմա հիմնականում աշխատանքները տարվում են հավաքը շարունակելու համար: Թեեւ գումարտակը կազմված է լինելու 400-500 հոգուց, բայց շատ պետք է հավաքվեն, որ ընտրության հնարավորություն լինի: Ցանկությունը, կամավորագրումը քիչ է, նաեւ պետք է պատրաստված լինեն, առողջական վիճակը պետք է թույլ տա: Հիմա անհատական աշխատանքներ են տարվում բոլոր անդամագրվածների հետ՝ զուտ իրենց ռազմական ունակությունները, հմտությունները ճշտելու համար, որ կարողանանք իմանալ՝ ում, ինչ կարգավիճակով կարող ենք օգտագործել (ով է գնդացրորդը, ով է հրաձիգը, ով է հրետանավորը, տանկիստը, հետախույզը, կապավորը): Ընտրությունից հետո որոշելու ենք՝ ովքեր են առաջին պահի համար պիտանի, ովքեր են հետագայում որպես պահեստային պետք գալու: Դրանից հետո անցկացվելու են վարժական հավաքներ, ունակությունները կատարելագործելու, նախապատրաստելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Մխիթարյանը:
Սրան, ըստ հանձնախմբի ղեկավարի՝ հաջորդելու է ստորաբաժանումների ներդաշնակումը, գնդի, դասակի, գումարտակի կազմումը, զորավարժությունների անցկացումը: Վերը նշված կազմակերպչական աշխատանքները, Մխիթարյանի կարծիքով կավարտվեն դեկտեմբերին»: