VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի գիշերը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հայտարարեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց է սկսում։ «Սա լրացուցիչ ճիգ է՝ միջազգային ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը՝ պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին եւ մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»,- ասաց նա ու հավելեց՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, ապա դրանից հետո կդիմեն ավելի կոշտ գործողությունների, թե ինչպիսի, չմանրամասնեց։
Նախագահի տեսաուղերձից հետո խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի մոտ շտապ խորհրդակցություն է հրավիրվել՝ բոլոր խմբակցությունների ղեկավարների եւ որոշ պատգամավորների մասնակցությամբ, իսկ արդեն կեսգիշերն անց՝ ժամը 1-ի սահմաններում, բոլորով այցելել են հրապարակում նստացույց անող Արայիկ Հարությունյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչու է նա ակնկալում, որ կարող է այդ քայլով շարժել աշխարհի գութը։ Հարությունյանն ասել է, որ այլ ճանապարհ չկա, բոլորին նամակներ է գրել` արձագանք չկա, իրավիճակը բարդ է, ուստի այս ճանապարհով է որոշել ուշադրություն գրավել։ Ընդդիմադիրներն ակնարկել են, որ նախեւառաջ ՀՀ իշխանություններից է պետք պահանջել։
Նախագահը նշել է, որ իր տեսաուղերձում հստակ ասվում է, որ նաեւ ՀՀ իշխանություններին է այս քայլն ուղղված։ Հետաքրքրվել են՝ ի՞նչ հետագա կոշտ միջոցների մասին է ակնարկել նախագահը, սակայն Հարությունյանը փակագծեր չի բացել՝ նշելով միայն, որ ուրիշ ակցիաներ էլ են մտածել, սկզբի համար` գուցե հացադուլ եւ այլն։ ԱԺ նախագահը եւս միացել է նստացույցին։
«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը 24-ժամյա ռեժիմով քննադատում էր պետական ապարատը ՀՀԿ-ականացնելու գործընթացը, սակայն իր իշխանության օրոք եւս անկուսակցական պաշտոնյաներ գրեթե չկան։ Միայն վերջերս նկատեցինք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սկսել է մասնակցել ՔՊ-ի կուսհավաքներին: Նա ՔՊ ակունքներում չի եղել, նախ նշանակվել է Արսեն Թորոսյանի տեղակալ։ Այդ շրջանում նա անկուսակցական էր: Իսկ ե՞րբ է համալրել ՔՊ-ի շարքերը։ Նախարարի խոսնակը հակիրճ պատասխան տվեց՝ 2022-ին։ Հիշեցնենք, որ Ավանեսյանը նախարարի պաշտոնին նշանակվել է 2021 թվականի ընտրություններից հետո։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից նրան զրկելու գործընթացը։ Ընդդիմադիրների համոզմամբ՝ իշխող ՔՊ-ի գործողություններն ապօրինի են: ՍԴ դիմումի հիմքում մի քանի հիմնավորում են ընդգրկելու։ Առաջինը՝ որ օրենսդիրներն իրավունք չունեին ժամանակավոր անաշխատունակության՝ բյուլետենի մեջ գտնվող Թովմասյանին զրկել պաշտոնից, իսկ բյուլետենը պայմանավորված է եղել երեխաների առողջական խնդիրներով։ Մյուս հիմքն այն է, որ ԱԺ խորհրդի նիստին ներկայությունն իմպերատիվ պահանջ չէ, պատգամավորը պարտավոր չէ մասնակցել։ Բացի այդ՝ Թովմասյանը գրավոր աշխատել է խորհրդի հետ, եթե պետք է եղել օրենսդրական նախաձեռնությունների համար` դիմումներ է գրել։ Երրորդ հիմքը․ պատգամավորը` հանձնաժողովի նախագահը, չի կարող սահմանափակել որեւէ մեկի խոսքի ազատության իրավունքը՝ ո՛չ Էդգար Ղազարյանի, ո՛չ էլ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի, ով նիստի ողջ ընթացքում սպառնալիքներ էր հնչեցնում։
Թե երբ կներկայացվի դիմումը, մեր աղբյուրները ժամկետ չնշեցին, իրավաբաններն աշխատում են, որից հետո կդիմեն գործընկեր ֆրակցիային` «Հայաստան» դաշինքին, քանի որ ՍԴ դիմելու համար 26 պատգամավորի ստորագրություն է պետք։ Դիմումում կներկայացվեն նաեւ Թովմասյանի գործունեության որոշ դրվագներ, որպեսզի հիմնավորեն, որ փորձել են կասեցնել Թովմասյանի՝ ի պաշտոնե միջազգային կառույցների հետ կոնտակտը, իսկ Թովմասյանն Արցախի թեմայով ի պաշտոնե 900 գրություն է ուղղել տարբեր կառույցների, դեսպանների, մոտ 500 գրություն էլ՝ իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի մասին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական կարիերան Հայաստանում եւ մյուս ամիս պետք է գնա Հայաստանից:
–Տիկին դեսպան, կա՞ Հայաստանում մի բան, որ ձեզ դուր չի եկել, որի հետ հաշտ չեք մինչ օրս։ Ի՞նչ կառաջարկեք, ինչպե՞ս փոխել: Ձեր մոտ՝ Գերմանիայում, կարգուկանոնը առաջնային է։
-Մեքենաներ վարելու խնդիր ունենք։ Ես կուզեի, որ ավելի դանդաղ վարեինք, հատկապես կուզեմ փոխվի ոստիկանական ավտոմեքենաների վարման ձեւը: Իմ երկրում այդ ազդանշաններով մեքենաները վարում են լրիվ այլ դեպքերում, դրանք օգտագործում են այլ նպատակներով: Քանի որ մենք աշխատում ենք ոստիկանական համակարգի բարելավման ուղղությամբ, իմ առաջարկը դա կլիներ: Անհնար է շատ հաճախ հասկանալը, թե նրանք իրենց բարձրախոսով ինչ են ասում մեքենայի միջից: Ես մտածում էի՝ խնդիրն իմ մեջ է, քանի որ հայերեն չեմ հասկանում, բայց հարցնում եմ մյուսներին, նրանք եւս չեն հասկանում։
–Որպես տուրիստ կգա՞ք Հայաստան Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։
-Միանշանակ կվերադառնամ: Ես պետք է փոքր-ինչ դադար ունենամ եւ հաջորդող դեսպանին հնարավորություն տամ սովորելու աշխատանքին, բայց որոշակի ժամանակ անց միանշանակ կվերադառնամ Հայաստան։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ն մասնակցելու է հին դեմքերով: Թեեւ դեռ որոշված են միայն առաջին 5 համարների անունները, բայց արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք ունի նոր իշխանության հնացած ցուցակը: Արմեն Փամբուխչյանը՝ Փամբը, կլինի 2-րդ համարը: Նա 2001 – 2006 թվականներին սովորել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում եւ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Փամբուխչյանն այն երջանիկներից է, որը մինչ հեղափոխությունն աշխատել է բանկային համակարգում եւ 2018-ից նրա մոտ սկսվել է պաշտոնական առաջխաղացման շրջանը: Հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, հոկտեմբերին՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։ Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ ապրիլի 12-ին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Նրա՝ որպես նախարարի գործունեությունից ոչինչ չի հիշվում, սակայն «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունի օրերին Արմեն Փամբուխչյանն ի ցույց դրեց իր կառավարման անկարողությունը, երբ իր օգնականի հետ մաքուր, փայլուն կոշիկներով նկարվում էր պայթյունի ֆոնին այն դեպքում, երբ պայթյունից մեկ տարի անց՝ մինչ օրս, կա մեկ անհետացած մարմին «Սուրմալու»-ից: Մենք հերթով կանդրադառնանք իշխող ՔՊ-ի կազմած ընտրացուցակի ներկայացուցիչներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Մատենադարանի տնօրենի ընտրությանը վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը փոխելով՝ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին դարձրին Մատենադարանի տնօրեն, այժմ քննարկումներ են գնում, թե ով է նրան փոխարինելու ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում: Հիշեցնենք, որ նախարարությունում նա համակարգում էր մշակույթի ոլորտը: Ինչպես տեղեկացանք, այս պահին շրջանառվում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի անունը, ով 2020 թ. դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է եւ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը բարելավել է: Նա 2022 թվականի վերջում 48 մլն դրամի վարկ է ունեցել, որը հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար է նախատեսված, սակայն բուն հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մասին տեղեկություններ հայտարարագրում առկա չէ։«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատի մարզի Այնթափ համայնքում համատեղ սեփականության իրավունքով հողամաս ունի պատգամավորը եւ Աջափնյակ վարչական շրջամում էլ կրկին համատեղ իրավունքով բնակարան ունի՝ ձեռք բերված 2013 թվականին։ ՔՊ-ական պատգամավորը մեքենա չունի։ Լուսինե Բադալյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ բանկային հաշիվներին առկա գումարը նվազել է՝ 456 հազարից դառնալով 198 հազար դրամ, սակայն ավելացել են կանխիկ դրամական միջոցները։ Մասնավորապես, տարվա սկզբում նա ունեցել է 1500 դոլար, որը տարվա վերջում դարձել է 4 հազար դոլար, իսկ 2 մլն 600 հազար դրամն էլ դարձել է 3 մլն 500 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում պատգամավորը վաստակել է 10 մլն դրամ, որից 8 մլն 320 հազար դրամը նրա աշխատավարձն է, իսկ 1 մլն 680 հազար դրամ էլ նա ստացել է Ֆինանսների նախարարությունից։ Ինչի դիմաց է պատգամավորը Ֆինանսների նախարարությունից գումար ստացել, պարզ չէ. հայտարարագրում չի երեւում: Նշված է նաեւ, որ նա մեկ տարվա ընթացքում 6 մլն 600 հազար դրամ է ծախսել վարկը մարելու համար: Եւ անհասկանալի է մնում, թե այդ դեպքում ինչպես են նրա կանխիկ միջոցներն աճել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ պաշտոնավարումը դադարեցված ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը հանրագիր է ներկայացրել ԲԴԽ անդամներին, որով առաջարկել է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ վերջինիս կողմից դատավորի վարքագծի կանոնի խախտման, այն է՝ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում վարույթի կողմ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ առանձին հանդիպումներ ունենալու համար: Հիշեցնենք, որ ԲԴԽ շենքի մոտ գտնվող, ենթադրաբար Գ. Մինասյանին պատկանող սրճարանում այդպիսի մի հանդիպման փաստին ԶԼՄ-ներն արդեն անդրադարձել են, նույնիսկ հրապարակվել է հանդիպումներից մեկի տեսանյութը, հանդիպումների փաստն իր հարցազրույցում հաստատել է Գրիգոր Մինասյանը, իսկ Կարեն Անդրեասյանն էլ այն չի ժխտել: Այսինքն՝ ակնհայտորեն կա շահերի բախում: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել հանրագիրը ամբողջությամբ, որտեղ փաստարկված է, թե օրենքի ինչ կետեր է խախտել։
Անդրեասյանը՝ իր ընկերոջը՝ նախարար Մինասյանին հանդիպելով: Ու հետաքրքիր է, թե ինչ որոշում կկայացնեն ԲԴԽ անդամները: Եթե նրանք չիրացնեն օրենքով իրենց վերապահված լիազորությունները և Կ. Անդրեասյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցեն, ապա դա կնշանակի, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատավորները դատարանների շենքերի մերձակա հասարակական սննդի օբյեկտներում կարող են անարգել հանդիպել իրենց վարույթում գտնվող գործերով կողմերին և շփվել նրանց հետ, քննարկել գործի հանգամանքները: Տիգրան Պետրոսյանի կողմից ներկայացված հանրագիրը՝ ստորև
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանին երեկ հրավիրել են Քննչական կոմիտե՝ առերեսման։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալ Սուրեն Թորոսյանը առերեսման ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ հարցերին պատասխանելուց։ Ավելին՝ վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել։ Իսկ, ահա, տուժող Արմեն Սահակյանը պնդել է նախկինում իր տված ցուցմունքը եւ հայտնել է, որ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազ է փչել իր դեմքին, որից հետո փայտով հարվածներ է հասցրել։ «Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի շուրջ մեկնաբանություն խնդրեց տուժող Արման Սահակյանի փաստաբան Արսեն Բաբայանից, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «Այս գործով քաղաքական իշխանության մասնակցությունն ակնհայտ տեսանելի է։ Սուրեն Թորոսյանին մեղսագրված հանցանքն ակնհայտորեն չի համապատասխանում կատարած արարքին, մեղսագրվել է էականորեն ավելի մեղմ հանցագործություն, քան իրականում կատարել է։ Հատկանշական է, որ քննիչը հենց այսօր, երբ ես ներգրավվեցի վարույթին եւ բարձրացրի այդպիսի հարցեր, քննիչն անմիջապես հայտարարեց նախաքննության ավարտ։ Այսինքն՝ ընդամենը հունիսի 7-ին կատարված դեպքի նախաքննությունն ավարտվում է հուլիսի 18-ին՝ ընդամենը 40 օր հետո»։
Դատելով իրավիճակից՝ իրավապահները ամեն կերպ փորձում են ՔՊ-ական Թորոսյանին ազատազրկման չտանել եւ պատժել ընդամենը տուգանք նշանակելով։ Հիշեցնենք, որ 2023թ. հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում՝ Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում, բնակավայրի բնակիչ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս. Թ.-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա. Ս.-ն ճանաչվել է տուժող, որից հետո նախաքննական մարմինը Թորոսյանին ազատ էր արձակել ու մեղադրանք առաջադրել։ Դեպքից անցել է մեկ ամիս, ու մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է սպասվում այս գործով ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին։ Նա նաեւ արցախցի անչափահասին էր իջեցրել ավտոմեքենայից, թողել ամայի փողոցի վրա, եւ այսօր շարունակում է մնալ իր պաշտոնին եւ ավելին՝ անպատիժ: