Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բահրեյնի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշին (նստավայրը՝ ք. Հռոմ):
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:
«Վստահ եմ, որ Ձեր բազմամյա փորձը կօգտագործեք ի նպաստ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման: Մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել ենք դեռևս 1996 թվականին և բարեկամ երկրներ ենք: Մեր համագործակցության այս տարիների ընթացքում միմյանց հետ աշխատելով փորձել ենք համագործակցել, ինչպես նաև տարածաշրջանային տարբեր հարցերում համատեղ տեսակետներ հայտնելով՝ փորձել ենք օգտագործել բոլոր հնարավորությունները տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- նշել է նախագահը:
Դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության նման պետությունն ունի մեծ ներուժ և հզոր գործոններ, որոնց հիման վրա կարելի է կառուցել և զարգացնել արդյունավետ փոխգործակցություն՝ տնտեսական, մշակութային, ներդրումային և մնացած այլ ոլորտներում»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական, գյուղատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու առկա ներուժը: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական կյանքում վերջին տարիների շարունակական բարեփոխումները նշանակալի արդյունքներ են տվել մեր երկրում ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար: Այս կապակցությամբ նախագահը նշել է, որ ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար պատշաճ և անվտանգ պայմանների ապահովումը:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ու բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանն ուղղված ջանքերի խթանումը, ինչպես նաև միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության առկայությունը:
Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել տարածաշրջանային զարգացումների և ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության վերաբերյալ: Այս կապակցությամբ նախագահը նորանշանակ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության դրսևորումների վրա, որոնք նպատակ են հետապնդում խեղաթյուրել հիմնախնդրի էությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի առաջ բերած վտանգներին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Բահրեյն-Հայաստան ուղիղ չվերթների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է նման չվերթների կյանքի կոչումը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա երկկողմ բազմաշերտ հարաբերություններ զարգացման համար:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել արդյունավետ աշխատանքային շփումները: