30.11.2024
Ինչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Ղարիբաշվիլին
prev Նախորդ նորություն

ԲԴԽ-ն վերածվել է դատական իշխանության դեմ մահակի. Արման Թաթոյան

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) վերածվել է դատական իշխանության դեմ մահակի: ԲԴԽ գործող նախագահի անմիջական կազմակերպմամբ` համառ փորձեր են արվում դատարանները տեղափոխել քաղաքական իշխանության ազդեցության ներքո` դատարանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու միջոցով: Այս ջանքերը նենգափոխել են դատարանների անկախությունը երաշխավորողի ԲԴԽ-ի սահմանադրական առաքելությունը, և ԲԴԽ-ն ներկայում գործում է իր առաքելությանը հակառակ։ Այս մասին գրում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ուսումնասիրությունները հաստատում են, որ դատական իշխանության նկատմամբ ոտնձգություններն անմիջականորեն իրականացվում են հենց ԲԴԽ-ի միջոցով՝ բարձրագույն քաղաքական իշխանության հովանավորությամբ և անմիջական աջակցությամբ։ Ամբողջ գործընթացն ուղեկցվում է կոռուպցիոն ռիսկերով և տարվում է գաղտնիության պայմաններում ու ակնհայտ խտրական մոտեցումներով։

Այս ամենը հիմնավորվում է մի շարք գործոններով։

Նախ, ԲԴԽ գործող նախագահն այս պաշտոնում պաշտոնավարումից անմիջապես առաջ զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը, այսինքն՝ պետության գործադիր իշխանության համակարգում զբաղեցնում էր քաղաքական բարձր պատասխանատու դիրք: Նա իշխող քաղաքական կուսակցության անդամ էր: Ունենալով այդպիսի կարգավիճակ` պարբերաբար հանդես էր գալիս վրեժխնդիր շարժառիթներով արվող բացահայտ անպատասխանատու հայտարարություններով, դատավորներին ուղղված սպառնալիքներով այն մասին, որ ինքն ունի նախապես կազմված 40 դատավորների ցուցակ, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ընդ որում, դա անում էր առանց իրավական ընթացակարգի ու հիմքի՝ նկատի ունենալով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու նախարարի իրավասությունը, որն էլ ինքը գործադրում էր բացահայտ չարաշահումով ու կամայական մոտեցմամբ։ Ավելին, այդ պաշտոնյան ինքը չէր էլ բացահայտում, թե ինչպես է այդ 40 դատավորների ցուցակները կազմել՝ արդյոէ սուրճի սեղանի շուրջ ընկերոջ հետ զրուցելիս։

Նշվածից բացի, դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթների և տույժերի կիրառության առկա պրակտիկան վկայում է, որ գոյություն չունի որևէ պաշտոնական հրապարակում առ այն, թե ինչ օբյեկտիվ չափանիշներով կամ կանոններով ղեկավարվելով է Արդարադատության նախարարը հարուցում կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ։

Այդպիսի ընթացակարգերը բացակայում են նաև ԲԴԽ-ի դեպքում։
Նշվածից բացի, անհասկանալի է՝ ինչ սկզբունքով են որոշվելու, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որ վճիռի հիման վրա որ դատավորին նկատմամբ է հարուցվելու կարգահապական վարույթ, և տույժի ինչ տեսակ է կիրառվելու ու ինչու տույժի հենց այդ տեսակը։

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի օր առաջ Արդարադատության նախարարին առաջարկել է ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու մի քանի, հանձնաժողովի ձևակերպմամբ, «չափորոշիչներ»։

Ակնհայտ է, սակայն, որ այս «չափորոշիչների» հրապարակումը ձևական բնույթի է, և հանձնաժողովն ինքը վստահաբար գիտակցում է, որ դրանք չեն կարող զսպող դեր ունենալ ԲԴԽ-ի նախագահի և Արդարադատության նախարարի տնտեսական ու անձնական շահերով փոխկապված կոռուպցիոն ռիսկերի համար, քանի որ այդ «չափորոշիչների» ընդհանրության աստիճանը թույլ չի տալիս ապահովել որևէ զսպում կամ կանխատեսելիություն։

Օրինակ՝ պարզ չէ՝ ինչպես և երբ է կիրառվելու ըստ գործերի վաղեմության ժամկետների կամ ըստ այբբենական կարգի, կամ ըստ դատական ատյանների վարույթների հարուցումը։ Ասենք, արդյո՞ք, այբբենական կարգը վերաբերում է դատավորների ազգանուններին, թե՞ գործերին։

Ակնհայտ է, որ այս «չափորոշիչները» ԲԴԽ նախագահն ու Արդադադատության նախարարն օգտագործելու են՝ դատավորներին իրենցից մշտական կախվածության մեջ պահելու համար։

Նշվածից բացի, դատավորրների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և տույժի ենթարկելու ողջ գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում։ Օրինակ՝ միայն 1 օրվա մեջ՝ 2023թ. հուլիսի 3-ին փակ դռների ետևում ԲԴԽ-ն դադարեցրեց միանգամից 4 դատավորի լիազորություն։ Ավելին, դատավոր Դավիթ Հարությունյանի գործով հրապարակված տվյալներով, այդ թվում՝ ԲԴԽ-ի նիստի ձայնագրության հատվածից ակնայտ է, որ ԲԴԽ-ն նրան բացահայտ ապօրինաբար զրկել է իր վերաբերյալ հարցի քննությանը մասնակցելու հնարավորությունից։ Նիստը հատուկ այնպես է կազմակերպել, որ նիստին մասնակցելու հնարավորություն չունենան նաև փաստաբանները։ Ապօրինաբար չի թույլատրել լրագրողների մասնակցություն նախապես հայտարարված բաց նիստին` այդ կերպ վարույթի ենթակա կողմին զրկելով պաշտպանության լրացուցիչ միջոցից:

Բացահայտ խտրական ու կոռուպցիոն ռիսկերի մասին է վկայում այն, որ, օրինակ, դատական համակարգում ներկայում կան դատավորներ, ում հետ կապված առկա են խախտում արձանագրող ՄԻԵԴ վճիռներ, բայց նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ չեն հարուցվում, քանի որ նրանք, ասենք, անձնական շահերով սերտ փոխկապակցված են ԲԴԽ-ի նախագահի կամ Արդարադատության նախարարի հետ (օրինակ՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ, ԲԴԽ դատավոր անդամ կամ դատական համակարգի այլ դատավորներ)։ Սա բացարձակ հայեցողական վերաբերմունքի ու կամայական մոտեցման արդյունք է:

Այս ամենին գումարվում են հրապարակային տվյալներն այն մասին, որ ԲԴԽ գործող նախագահը և Արդադատատության գործող նախարարը համատեղ բիզնես գործընկերներ են, ինչպես նաև մտերիմ ընկերներ։ Խոսքը իրավական ծառայություններ մատուցող և դատական իշխանության ոլորտում գործող առևտրային (բիզնես) կազմակերպությանը վերաբերող տվյալների մասին է։

Ստեղծված իրավիճակը սկզբունքորեն է հակասում իրավունքի գերակայությանը, անհամատեղելի է դատական իշխանության անկախության հետ:

Այս պայմաններում ԲԴԽ-ն դատարանների անկախությունը երաշխավորողից վերածվել է դատավորների պատժիչ մարմնի, որն ուղղված է դատական իշխանության նկատմամբ ամբողջական, այդ թվում՝ քաղաքական վերահսկողություն սահմանելուն։ Սա իր հերթին խորքային վտանգներով խաթարելու է մարդու իրավունքների պաշտպանությունը դատարաններում առհասարակ։