25.11.2024
Ադրբեջանի դեսպանի ռազմատենչությունը միայն իրենց վնաս տվեց. ադրբեջանագետ
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը պատրաստ է Բաքվի հետ երկխոսելու, բայց պայմանով. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել եւ ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսելու, մի պայմանով` եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։ Այսինքն՝ ԱՄՆ միջնորդությունը մերժում են, որովհետեւ նրանք բացառապես ինտեգրման են մղում Արցախը, իսկ ռուսների հետ դեռ կա շանս՝ դրանից խուսափելու: Պաշտոնական հաղորդագրությունում ՌԴ-ի  մասը բացակայում է: Ասված է. «Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին եւ պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է ադրբեջանական աճող սպառնալիքների պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության համար: Մինչդեռ նախկինում հրաժարվում էին  բանակցություններից, քանի որ «Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում՝ ինտեգրացիայի թեման», խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանն ասել էր Արայիկ Հարությունյանը։ Հաշվի առնելով Արայիկ Հարությունյանի` Պուտինին գրած նամակը, չի բացառվում, որ Բաքվի հետ բանակցություններն իրականացվեն ՌԴ-ի միջնորդությամբ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ տանող ՀՀ ԶՈւ երկու զինծառայողներին` Հարություն Հովագիմյանին եւ Կարեն Ղազարյանին ադրբեջանցիներն առեւանգել էին եւ տեղափոխել Բաքու: Այժմ նրանց դատում են: Երեկ տեղեկացանք, որ այս կեղծ քրգործով ադրբեջանցի դատախազը հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել դատարանից: Եվ անկախ նրանից, որ Հայաստանի իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է բացել եւ անգամ դիմել է Մարդու իրավունքների եւրոպական դատարան` այս առևանգման ու դատավարության դեպքով, ագրեսորը որոշել է ավարտին հասցնել հաշվեհարդարը` ոչ մի հանցանք չգործած հայ զինծառայողների նկատմամբ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի գործունեությունը դադարեցված է: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ գրասենյակի փաստացի լուծարման պատճառը դարձյալ ընտրակեղծիքներն են: Պարզվում է, որ Մալաթիայում ՔՊ-ն թեւերի է բաժանված եղել. մի թեւն ուղղորդվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից, մյուս թեւը՝ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի տիկնոջ ազգական, Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Էդգար Հակոբյանի կողմից: ՔՊ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների ընտրությունների ժամանակ կողմերը իրենց ցանկալի մարդկանց ցուցակներ են տվել շարքային ՔՊ-ականներին, որպեսզի ընտրեն, եւ այդ կեղծիքը պատահաբար բացահայտվել է: Պատգամավոր Էդգար Հակոբյանն իր համար է ցանկալի ցուցակ տվել, իսկ թաղապետ Բարխուդարյանը՝ իր: Ու երբ բացահայտվել են կեղծիքները վերստուգիչ հանձնաժողովի անդամների կողմից, որոշվել է կասեցնել կուսակցության գրասենյակի գործունեությունը մինչեւ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների նոր ընտրությունները ավելի հարթ պայմաններում: 


Օրաթերթը փորձեց այս տեղեկությունը նախ ճշտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանից, սակայն թաղապետը խնդրեց իրեն միայն թաղապետարանին վերաբերող հարցերով անհանգստացնել, կուսակցական հարցերով դիմել կուսակցության ղեկավարությանը: Նա միաժամանակ չհերքեց մեր տեղեկությունները: Զրուցեցինք նաեւ ՔՊ-ի՝ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ, պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ, որն ասաց. «Ես նման բան չգիտեմ, որ լուծարվել է, ես տարածքային կառույցի խորհրդի նախագահն եմ եղել, իմ պաշտոնավարելու ժամկետը լրացել է, հավանաբար դրա համար էլ տեղյակ չեմ: Տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների ընտրություններ պետք է լինեն, բայց հետաձգվել են»:


Կուսակցության փոխնախագահ Գեւորգ Պապոյանը չցանկացավ մեկնաբանել կատարվածը: «No comment»,- ասաց նա: Մյուս փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ պարզաբանեց հետեւյալը. «Գրասենյակի խորհրդի կազմի ընտրությունները հետաձգվել են, եթե չեմ սխալվում, տեխնիկական պատճառներով. մանրամասներին տեղյակ չեմ: Նախորդ խորհուրդը, որն ընտրվել էր, ժամկետով էր, հավանաբար ժամկետը լրացել է, այլ ապոկալիպտիկ սցենարներ չեն եղել»: Հիշեցնենք, որ սա ՔՊ-ում ընտրությունների կեղծման երկրորդ դեպքն է: Նախորդ տարի՝ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ՔՊ վարչության անդամների ընտրությունները նույնպես կեղծվել էին, ինչի հետեւանքով մի շարք ՔՊ-ականներ դուրս էին մնացել վարչության կազմից: Այսպիսով, ստացվում է՝ ՔՊ-ն սեպտեմբերին սպասվող Երեւանի ավագանու ընտրություններից առաջ մնացել է առանց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եթե որեւէ դատարանում նախատեսված է դռնբաց դատական նիստ, նշանակում է, որ լրագրողները ազատ կարող են մասնակցել, լուսաբանել եւ հանրայնացնել այն: Հայաստանի որեւէ ներպետական օրենքով կամ միջազգային կոնվենցիաներով արգելված չէ դռնբաց նիստի լուսաբանումը: Այս տարրական ճշմարտությունը ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը չգիտի կամ չի ցանկանում իմանալ, դրա համար երեկ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ իրավունքով է ԲԴԽ-ն արգելել իր դատական նիստի լուսաբանումը, որտեղ քնվում էր դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցման հարցը, ասել է. «Լրագրողների աշխատանքը պետք է լինի երաշխավորված պետական մարմիններում։ Ես չեմ խոսի ԲԴԽ-ի մասին, որովհետեւ խոսքը դատական վարույթի մասին է, եւ Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող է խնդրահարույց իրավիճակ ձեւավորվել։ Պետք է լինի հստակ կանոնակարգ, որը կուղղի լրագրողների եւ քաղաքացիների ներկայացվածության պրոցեսը։ Մենք հիմա միջազգային չափանիշների ուսումնասիրություն ենք իրականացնում»։


Հատուկ օմբուդսմենի համար ընդգծենք, որ արդարադատության իրականացումն ապահովելու կարեւորագույն բաղադրիչներից է արդարադատության իրականացման հրապարակայնությունը: Վերահսկողություն պետք է լինի դատական իշխանության նկատմամբ, եւ, ամենակարեւորը, դատական իշխանությունը հաշվետու պետք է լինի հասարակությանը: ՀՀ-ն` որպես մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել է մարդու իրավունքներին վերաբերող կարեւորագույն միջազգային փաստաթղթեր, որով պարտավորվել է հարգել մարդու իրավունքները, այդ թվում` արդար դատաքննության իրավունքը, որն իր մեջ պարունակում է հրապարակային դատաքննության իրավունքը: Ի՞նչ միջազգային չափանիշներ է ուսումնասիրում օմբուդսմենը, երբ դրանք վաղուց կան, գրված են, պարզապես պետք է պահպանվեն, ինչը Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում չի արվում:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե տենդերներում կոռուպցիան արմատախիլ է արվել, ոստիկանությունում մի շարք մրցույթների մասով մեզ սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել։ Այն կապված է աշխարհում առաջատար «Ինֆորմատիկ Սոլուշն» եւ «Ինտելջետ Սոլուշն» ընկերությունների հետ, որոնք, թերեւս, հավատալով խոստմանը, թե ՀՀ-ում կոռուպցիա չկա որոշել են մեր երկրում գործունեություն ծավալել։ Մի քանի անգամ հաղթելով վարորդական իրավունքի վկայականների եւ նույնականացման քարտերի պատրաստման եւ մատակարարման մրցույթներում, սակայն, հայտնվել են լուրջ խնդիրների առաջ։ Նրանց շահերը ներկայացնող փաստաբան Գագիկ Խաչիկյանը պատմում է, որ մրցույթներից հետո ընկերության ղեկավարության հետ կապ է հաստատել Սարմեն անունով մեկը եւ ասել, թե «կարգերն այլ են, մրցույթներում հաղթելու եւ հետագայում նորմալ աշխատելու համար անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել»։ Դրանից հետո  մրցույթներում սկսվել են արհեստական խոչընդոտները, օրինակ՝ պահանջվող տեխնիկական տվյալների փոփոխում, բարդացում, պատվերը չընդունել, անիրական ցածր գին առաջարկող ընկերությունն է հաղթել, ապա հրաժարվել է պատվերից, արդյունքում մրցույթը չեղարկվել է, եւ միանձնյա գնումով են իրականացրել։ Այս սցենարը կրկնվել է քանիցս, իսկ Սարմենն ամեն անգամ հայտնվել է իր զգուշացումներով, ապա առաջարկել` 5 մլն դրամ տալ իրեն՝ խոչընդոտները վերացնելու համար, այլապես ընկերության «ոտքը կկտրի մրցույթներից»։ Փաստաբանն ասում է՝ իրավապահներին դիմել են, ապարդյուն։ Առաջիկայում Խաչիկյանը խոստացավ ավելի մանրամասն ներկայացնել ապօրինությունների ողջ շղթան, իսկ առայժմ վարչապետի, գլխավոր դատախազի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ուշադրությունն է հրավիրում այս իրավիճակի վրա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեկ շաբաթից կլրանա մեկ տարին՝ հաշված այն ողբերգական օրվանից, երբ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում մահացավ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչ օրս պրոդյուսերի մահվան մեղավորները հայտնաբերված չեն, ու մինչ օրս մահվան այս դեպքի համար որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել։ Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր 2022 թվականի հուլիսի 15-ին Երեւան քաղաքի Կենտրոնի դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է: Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ 2022 թվականի մայիսի 17-ից։ Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քրեական վարույթը նախաձեռնվել է՝ ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածով, որը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։ Այսինքն՝ իրավապահ համակարգը պրոդյուսերի մահվան մեղքը փորձում է բարդել ՔԿՀ-ի եւ սպասարկող բուժանձնակազմի վրա։ Իրավապահների համար քննության առարկա չդարձավ ամենակարեւոր հարցը՝ արդյոք Արմեն Գրիգորյանի կալանավորումը հիմնավո՞ր էր, թե՞ ոչ: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը Գրիգորյանի մահվանից մեկ տարի անց դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու, թե գործով կա արդյոք մեղադրյալ, թե ոչ։ Ի պատասխան՝ լրատվականից հայտնեցին. «Վարույթով նշանակված է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս հանձնաժողովի եզրակացությունից հետո նախաքննական մարմինը կորոշի՝ պրոդյուսերի մահվան մեջ կան մեղավորներ, թե ոչ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2008 -2022 թվականներին Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Մհերյանը, որն այժմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է, 2022 թվականին 1 մլն 900 հազար դրամով ավտոտնակ է վաճառել։ Տարվա վերջում նա ունեցել է մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ, որոնք բոլորն էլ ձեռք են բերվել 2019 թվականին, երբ նա դեռ աշխատում էր ՊԵԿ-ում։ Մհերյանն իր պաշտոնին նշանակվել է անցյալ տարի: Այդ նույն տարում նա ձեռք է բերել «Մազդա» մակնիշի ավտոմեքենա եւ վճարել դրա համար 2 մլն 388 հազար դրամ, սակայն ունի նաեւ չորս այլ ավտոմեքենա, որոնք գնվել են տարբեր տարիներին։ Այսինքն՝ վարչական շրջանի ղեկավարն ունի հինգ մեքենա։ Մհերյանը բանկային հաշվին գումար չի ունեցել, կանխիկ ունեցել է 1 մլն 900 հազար դրամ եւ 35 հազար դոլար։ Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը 13 մլն դրամ է եղել, որը գոյացել է աշխատավարձերից եւ գույքն օտարելուց ստացված եկամուտից։ Այս եկամուտների պայմաններում նա ունի նաեւ 62 մլն դրամի վարկ, որից 14 միլիոնը բնակարանի հիփոթեք է, իսկ մյուս տվյալները պաշտպանված են, մեզ հասանելի չեն։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ՊՆ-ն հունիսի 2-ին 5 մլն դրամի պայմանագիր է ստորագրել «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ, որի դիմաց կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին։ Այդ գումարով տպվել են պաստառներ, բուկլետներ, 70 հոգու համար ֆուրշետ է կազմակերպվել։ ՊՆ-ից գրավոր հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե ովքեր են մասնակցել միջոցառմանը, քանի հոգի, ինչու է հունիսին կազմակերպել նման միջոցառում։ Եւ բացի «Արկածախնդիր» ՍՊԸ-ից այլ ընկերություններ մասնակցե՞լ են մրցույթին, ինչո՞ւ է ընտրվել հենց այդ ՍՊԸ-ն։ Այս պարզ հարցերին, որոնց կարելի է մի քանի ժամվա ընթացքում պատասխանել, ՊՆ-ից օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չեն պատասխանել, ավելին՝ գրություն ենք ստացել, որ այս հարցերին պատասխանելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ուստի կպատասխանեն 30-օրյա ժամկետում։ Հավանաբար, 30-օր է անհրաժեշտ՝ ողջամիտ բացատրություն գտնելու համար, թե այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում ՊՆ-ի ինչին է պետք Երկրորդ աշխարհամարտին նվիրված միջոցառումը, կամ արդյոք արժե՞ր «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքել»: