Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը նոր հոդված է գրել՝ "Հայաքվեն և իշխանության «հակաքվեն»" խորագրով.
"Իհարկե, շատերը հասկանում են, որ ստորագրությունների թվով չէ, որ որոշվելու է Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։ «Հայաքվեն» էականորեն կարևոր է նախ որպես պրոցես։ Այս իմաստով գաղափարի հեղինակները անում են կարևոր գործ։ Ինչ կլինի արդյունքում՝ ես չգիտեմ, ոչ ոք չգիտի։ Բայց սա մի պրոցես է, որը տասնյակ հազարավոր մարդկանց թույլ է տալիս ինչ-որ մի օգտակար բան անել, իրենց զգալ քաղաքացի, իրենց զգալ արժանապատիվ պրոցեսի մի մաս։ Սա թույլ է տալիս հիշել, որ Հայաստանը միայն գործող իշխանությունը չէ։ Սա պրոցես է, որը կարող է ունենալ հետաքրքիր զարգացումներ։ Բնականաբար, իշխանությունը հակազդելու է, և առաջին քայլը հիմա անում են՝ քարոզչամեքենայի միջոցով, թե՝ Հայաքվեն կբերի պատերազմի։
Սա թույլ գաղափար է, որովհետև մի իշխանություն, որը երկիրը բերեց պատերազմի և արդեն չորրորդ տարին է՝ չի կարողանում փակել պատերազմի էջը, չի կարող մեղադրել այլոց՝ պատերազմի վտանգ ստեղծելու մեջ։ Ավելին, իշխանությունից դուրս բոլոր հանրային պրոցեսներն այսօր ուղղված են հե´նց նոր պատերազմ թույլ չտալուն։
Այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ, որ այս իշխանությունը այսուհետ հասարակությանը միշտ պատերազմով է վախեցնելու՝ ամեն հարցում, իրենց յուրաքանչյուր տապալումից հետո։
Բայց նրանց հիմնական հակաքայլը դա չէ։
Իշխանությունը գիտի, որ միշտ ավելի ազդեցիկ են լինում քաղաքական պատասխանները։ Իշխանության ամենաազդեցիկ քայլը լինելու է Երևանի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը։ Ընդ որում, կարևորը հաղթողի անձը չէ, այլ՝ իշխող ուժի։
Նիկոլն անմիջապես այդ հաղթանակը վերագրելու է իրեն և իր գործունեությանը։ ՔՊ-ի հաղթանակը նշանակելու է բոլոր առողջ շրջանակների հավաքական պարտությունը։
Դեռ ժամանակ կա՝ դա թույլ չտալու, բայց ես վստահ չեմ, որ արվում է ամեն անհրաժեշտը։
Շաբաթներ առաջ առաջարկել էի «Հանրության թեկնածու»-ի կարգավիճակով ու կոնսոլիդացիայով գնալ Երևանի ընտրություններին (առնվազն 2-3 թեկնածու կա, որ հաջողությամբ դա կանի)։ Հիմա էլ վստահ եմ՝ դա միակ տարբերակն է էլեկտորալ ակտիվության և հանրային առողջացման համար։ Թե ինչո՞ւ չի ստացվում, այս հարցը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. պատճառները տարբեր են։
Հնչում է մի հակափաստարկ, թե՝ հիմա Երևանի ընտրությունների ժամանակը չէ։ Բայց այստեղ նույնպես կարևորը նախ պրոցեսն է՝ էլեկտորալ արթնացման և առողջ կոնսոլիդացիայի՝ ավելի կարևոր նպատակների համար։ Հարյուր հազարավոր մարդիկ ուզում են մի օգտակար քայլ անել՝ այս վիճակից դուրս գալու համար, բայց նրանց ոչ ոք ցույց չի տալիս այդ քայլը, և չեն ստեղծում քայլի հնարավորությունը։ Սա է խնդիրը։
Իսկ Երևանում ՔՊ հաղթանակը իսկապես լինելու է իշխանության «հակաքվեն»՝ ուղղված հանրությանը։ Կարո՞ղ ենք դա թույլ չտալ. միանշանակ՝ այո։ Առողջ տրաբանությունը հուշում է, որ լավ տեմպ առնող «Հայաքվեն», որպես հանրային շարժում, պետք է ստանա էլեկտորալ շարունակություն։ Հանրային շարժումը, որն այս ընթացքում հասցնում է իր շուրջ հավաքել ամենատարբեր քաղաքական հայացքների ու պատկանելության, լայն շառավղով շրջանակների, կարող է բնականորեն ծնունդ տալ իր թեկնածուին՝ քաղաքապետի ընտրությունների հանրության թեկնածուին։ Դա կլինի հանրային պրոցեսի բնական շարունակություն։ Իրոք, կա լավ տարբերակների հնարավորություն։ Մինչ այս արդեն իրենց մասնակցության մասին ազդարարած թեկնածուները ևս պետք է հաշվի առնեն այս հնարավորությունը և գուցե դառնան հենց այս պրոցեսի մի մաս։ Այս միավորումը ևս կդառնա ընդհանուր հանրային պրոցեսի մի բաղկացուցիչը։ Հանուն Արցախի, հանուն պատերազմի էջը փակելու, հանուն ներքին հաշտության պետք է գնալ այս ուղղությամբ։
Հակառակ դեպքում ակտիվացված, մոտիվացված տասնյակ հազարավոր ընտանիքներին մենք հերթական անգամ ուղարկում ենք տուն"։