25.11.2024
ԵԱՏՄ վարչապետները հավանության են արժանացել Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է տարածքային զիջումներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե այդ հանդիպումը օգուտ կբերի: Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայկական կողմը երբեք չի հրաժարվել որևէ հանդիպումից՝ լինի դա նախագահի մակարդակով, թե արտգործնախարարի, անգամ՝ աշխատանքային մակարդակով:

«Բայց մենք միշտ կողմնակից ենք նրան, որ այդ հանդիպումներն օգուտ բերեն, լինի ինչ-որ առաջընթաց: Եթե չկա առաջընթաց, եթե մենք հանդիպում ենք, իսկ այնուհետ չեն կատարվում պայմանավորվածությունները՝ ո՞րն է այդ հանդիպումների օգուտը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաև ավելացրել է, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվի նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

«Մենք ճանաչում ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում և Ադրբեջանի: Բայց ժողովուրդների ինքնորոշումը որևէ կերպ չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, քանզի տարածքային ամբողջականությունը առնչվում է պետությունների միջև փոխհարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքին ու ժողովրդին, որն ապրում է քաղաքակիրթ աշխարհու, որտեղ բոլոր հարցերը լուծվում են առանց ուժի կիրառման ու առավել ևս պատմական հայրենիքում: Եթե մենք մերժում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ապա մենք չպետք է դուրս գայինք Խորհրդային միության կազմից, քանզի դա տեղի ունեցավ հենց այդ սկզբունքի հիման վրա: Այնպես որ այդ սկզբունքները մեկը մյուսին չեն հակասում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հիշեցրել է, որ մի քանի անգամ Երևանն ու Բաքուն մոտ են եղել ղարաբաղյան հակամարտության խնդրով փաստաթղթի ստորագրման, որտեղ ներառված են եղել հիմնարար սկզբունքները: Դրանց էությունն այն է, որ հայկական կողմը՝ Հայաստանն ու Արցախը, լքում են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները, որոնք կրում են «անվտանգության գոտի» անվանումը:

«Առաջնային դրույթը, որը հստակ ամրգրված էր, այն էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ԼՂ ազգաբնակչության ազատ կամարտահայտության միջոցով և այն պետք է ունենա պարտադիր իրավական ուժ: Այնուհետ նշվում էր, թե ովր է մասնակցում, ինչպիսին է օրակարգը: Այսինքն՝ հանրաքվեն, որը ինքնորոշման սկզբունքի կիրառումն է: Բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր ներկայացնում, մինչդեռ հայկական կողմը այսօր էլ պատրաստ է վերադառնալ այդ փաստաթղթին»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է և պատրաստ է թեկուզ վաղը կամ այսօր ստորագրել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին համաձայնագիրը: Ըստ նրա՝ հայկական կողմը ցանկանում է, որ և՛ համանախագահները, և՛ միջազգային հանրությունը հստակ իմանան, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջման միջոցով: Իհարկե, կա որոշում, և մենք հասկանում ենք, որ այն պետք է հիմնվի փոխզիջումների վրա, դա այն դեպքը չէ, որ հաղթի Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում մշակվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք սկզբունք՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Երևանը պատրաստ է վերադառնալ Բաքվի հետ բանակցություններին, բայց միայն այդ երեք սկզբունքների հիման վրա»,- հավելել է Սերժ Սարգսյանը: