28.11.2024
Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում. նախագահի հրամանագրերը
prev Նախորդ նորություն

Միջնորդները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը. Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանին

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ.
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի` 2023 թ․ հուլիսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։


Ընդունելով այն կարևոր երկարամյա միջնորդական դերը, որն ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ունեցել և շարունակում է ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում, միևնույն ժամանակ կարծում ենք, որ միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը։ Համոզված ենք, որ այնպիսի բարդ և տևական հակամարտության կարգավորումը, ինչպիսին է ադրբեջանա-ղարաբաղյան հիմնահարցը, կարող է հաջողությամբ պսակվել, այն դեպքում, եթե հակամարտության բոլոր կողմերը և միջնորդները, ամբողջովին գիտակցելով իրենց պատասխանատվությունը, ցուցաբերեն ճկունություն, ստեղծարար մոտեցում, կառուցողականություն և առաջնորդվեն ինչպես միջազգային իրավունքի նորմերով, այնպես էլ համընդհանուր այնպիսի արժեքներով, ինչպիսիք են արդարությունը, արժանապատվությունը և ազատությունը: Գտնում ենք, որ անսասան հավատարմությունն այս սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից կուտակված միջնորդական փորձի կիրառումը կնպաստեն հակամարտության արդար ու համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։


Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ակնհայտ ցեղասպանական մտադրությամբ իրականացվող նվաճողական և էթնիկ զտման քաղաքականության, շարունակվող անմարդկային շրջափակման, բռնության և ագրեսիայի կրկնվող դեպքերի, աճող ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության պայմաններում նմանատիպ հայտարարությունները հիշեցնու են ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականություն։ Ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, ագրեսորի հանդարտեցումը վերջինիս կողմից ընկալվում է որպես իր ապակառուցողական քաղաքականության խրախուսում, ինչը հանգեցնում է միայն հետագա բռնությունների և մարդկային տառապանքների։


Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված և արժանապատիվ կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ, այլ պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա։ Նորագույն պատմության մեջ և միջազգային պրակտիկայում կան ժողովրդի կամարտահայտության հիման վրա նման բարդ և ձգձգված հակամարտությունների լուծման օրինակներ: