23.11.2024
Արցախի հարցով Փաշինյանի մտքերն արտագրված են ադրբեջանական պրոպագանդայից. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի մեդիադաշտում ռուս-հայկական հարաբերությունների օբյեկտիվ ներկայացման դեֆիցիտ կա

Քաղաքագետ, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանն այսօր ներկայացրեց «Ռուս-հայկական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի շուրջ մանիպուլյացիոն հոսքերը հայկական տեղեկատվական դաշտում» թեմայով մոնիթորինգի արդյունքները։


Ըստ այդմ, 2023 թվականի հունիսին իրականացված մոնիթորինգի շրջանակներում ուսումնասիրվել են Հայաստանի 6 առաջատար տեղեկատվական ռեսուրսները և Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի հիմնական դերակատարների սոցիալական ցանցերը, որոնք ոչ բարյացակամ են տրամադրված ՌԴ նկատմամբ։ Ուսումնասիրված ռեսուրսները հայաստանյան մեդիադաշտի առաջատար և դիտված տեղեկատվական կայքերն են, ինչի պատճառով էլ դարձել են դիտարկման առարկա։ 

«Այդ ռեսուրսների մոնիթորինգը հնարավորություն է տալիս հասկանալ Հայաստանի ողջ տեղեկատվական տարածքի աշխատանքի ընդհանուր տրամաբանությունը։ Առավել ևս, որ շատ կայքեր այս ռեսուրսներին հղում են կատարում: Դիտարկված ԶԼՄ-ները բաժանվել են պայմանական բլոկների՝ իշխանամետ և արևմտամետ: Ընդդիմադիր լրատվամիջոցները չեն դիտարկվել, քանի որ դիտարկման հիմնական նպատակը մանիպուլյատիվ հոսքերի բացահայտումն էր, որոնք բաշխվում են հիմնականում իշխանամետ և արևմտամետ ռեսուրսներով։ Դիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ հայաստանյան տեղեկատվական տարածքում ռուս-հայկական հարաբերությունների, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի շուրջ նորությունները շարունակում են մնալ առաջատարները արտաքին քաղաքական թեմաների շարքում: Տարածաշրջանում և աշխարհում քաղաքական իրավիճակի դինամիկ զարգացման պատճառով հայկական լրատվամիջոցները շարունակում են ինտենսիվորեն լուսաբանել ռուս-հայկական հարաբերությունների, ՀԱՊԿ-ի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի մասին տեղեկատվական հոսքերը»,- ասաց նա։

Անդրադառնալով քանակական ցուցանիշներին, Ղուկասյանը նշեց, որ հունիսին ռուս-հայկական հարաբերությունների թեմաները և ՀԱՊԿ-ի շուրջ նորությունները լուսաբանվել են նշված տեղեկատվական ռեսուրսներում հետևյալ կերպ՝ դրական լուրեր՝ 7, բացասական՝ 188, չեզոք՝ 156: Նա ասաց, որ հիմնականում գերակշռում են բացասական երանգավորմամբ նորությունները, չեզոք լուրերն (44%) արտացոլում են միայն ռուս-հայկական հարաբերությունների ֆորմալ մասը կամ Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունները։ Տեղեկատվական հոսքերում դրական լուրերը շատ քիչ տոկոս են կազմում՝ 2%: Փորձագետը շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության, ռուս-հայկական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի մասին գործնականում օբյեկտիվ տեղեկատվություն չկա, ռուս-հայկական երկկողմ օրակարգի շրջանակներում ռուսական կառույցների և ընդհանուր առմամբ ՌԴ կողմից տարվող աշխատանքի մասին ոչինչ չկա.


«Այս առումով Հայաստանի տեղեկատվական տարածքում ակտիվորեն լուսաբանվում են արևմտյան կառույցների աշխատանքին վերաբերող նյութեր։ Բացասական լուրերը (53%) հիմնականում տարածում են ոչ միայն արևմտամետ լրատվամիջոցները, այլ նաև իշխանամետ ռեսուրսները։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում վերլուծական ու փորձագիտական հաղորդումների շրջանակներում հիմնական բանախոսները շարունակում են մնալ արեւմտամետ հասարակական-քաղաքական գործիչները»,- ասաց բանախոսը։


Ղուկասյանը նկատեց, որ վերջին ամիսներին արևմտամետ լրատվամիջոցները կտրուկ ակտիվացրել են իրենց հակառուսական քարոզչությունը և հիմնական թեման հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն է, Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ռուս-հայկական երկկողմ օրակարգը, Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիան։ Ասում է՝ այս ԶԼՄ-ները բացահայտ կեղծիքներ են տարածում Ռուսաստանի դեմ՝ մեղադրելով, թե, իբր, Մոսկվան ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ Ադրբեջանին Սյունիքում միջանցք տրամադրելու համար, կամ պահանջում է Փաշինյանից զիջումների գնալ Բաքվին և միևնույն ժամանակ սադրում է Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա։ Բանախոսի խոսքով, այս լրատվամիջոցներում հաճախ են շրջանառվում Հայաստանի դեմ ռուս-թուրքական տանդեմի մասին կեղծ թեզեր։ Ռուսաստանի նկատմամբ արևմտամետ տեղեկատվական ռեսուրսները հիմնականում օգտագործում են հետևյալ հասկացությունները՝ «սպառնալիք», «օկուպանտ», «երդվյալ դաշնակից», «դավաճան» և այլն:

«Հայ-ռուսական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի շուրջ հայկական տեղեկատվական տարածքում հնչող հիմնական մանիպուլյատիվ թեզերն են՝ Ռուսաստանը զոհաբերեց իր դաշնակցին (Հայաստանին) Անկարայից և Բաքվից լոյալություն ձեռք բերելու համար; ՀԱՊԿ-ը հրաժարվել է ինչ-որ կերպ օգնել Հայաստանին և օգնում է Բաքվին; Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից պահանջում են միջանցք Սյունիքում, իսկ Արևմուտքն այս հարցում փորձում է աջակցել Երևանին; Մոսկվան Հայաստանում իշխանափոխության է ձգտում, քանի որ Փաշինյանը չի ցանկանում զիջումների գնալ»,- թվարկեց Ղուկասյանը։

Բացի այս, դիտարկվել են նաև իրենց հակառուսական տրամադրություններով և քարոզչությամբ հայտնի հասարակական գործիչների սոցիալական ցանցերը, որոնք, ըստ Ղուկասյանի, նույն օրակարգն են քարոզում, ինչ արևմտամետ և իշխանամետ լրատվամիջոցները։ Աշխատանքը տարվում է զուգահեռաբար՝ այդ գործիչների կողմից հնչում են նույն մեղադրանքները ՌԴ հասցեին՝ Մոսկվայի դավաճանության, ռուս-ադրբեջանական տանդեմի եւ այլնի մասով։

«Այսպիսով ակնհայտ է, որ հայաստանյան տեղեկատվական տարածքում առկա է ռուս-հայկական հարաբերությունների օբյեկտիվ ներկայացման դեֆիցիտ թե՛ Ռուսաստանի մասին ամբողջական պատկերի, թե՛ նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության թեմայի մասով: Փաստենք, որ այսօր հայ հանրությունը, իր ճնշող մեծամասնությամբ, զրկված է իրավիճակի իրական պատկերի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, իսկ Ռուսաստանի ջանքերի թեման և Հայաստանին շատ ոլորտներում աջակցության տրամադրման թեման մնում է ստվերված կամ բավարար չափով չլուսաբանված»,- հավելեց փորձագետը։