25.11.2024
Հունիսի 26-ին կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 270 է
prev Նախորդ նորություն

Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանն ի պատասխան «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունների տարածել է հաղորդագրություն.


«Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, թե «Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ, հղում անելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի անցկացման համար»:


Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մայրաքաղաքի Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններին: Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ պարոն Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է, քանի որ վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույտվություն ստանալու խնդրանքով:


Վստահ ենք, որ պարոն Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում», - ասված է հաղորդագրությունում։


VERELQ-ը հիշեցնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 20-ի արտահերթ նիստում բավարարեց 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։


Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։