ԿԸՀ-ն գրանցել է օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստեղծված «ՀայաՔվե» նախաձեռնող խմբին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 20-ի արտահերթ նիստում բավարարեց 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։
Հարցը զեկուցող ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։ ԿԸՀ-ն Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ է գրանցել Արամ Պետրոսյանին։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հավելեց, որ նախաձեռնող խումբը նախագծի հետ ԿԸՀ է ներկայացրել նաև դիմում, որը ԿԸՀ-ից ակնկալում էր 7 հարցի պատասխան։ ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ դիմումատուն՝ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը, նիստի ավարտից հետո կստանա իր դիմումի գրավոր պատասխանը։