24.11.2024
Ethno jazz night. Վահագն Հայրապետյանն ու Ավագ Մարգարյանը հանդես կգան համերգով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորա-բեռնափոխադրումները

Այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:


Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:


Բացի դրանից, չեղարկվել է, հումանիտար հրատապ կարիքներից ելնելով, այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:


Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:


Արցախի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում: Այսօրվա միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը:


Արցախի իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անհապաղ ու անվերապահ կերպով պետք է ապահովվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Լաչինի միջանցքի ռեժիմը առանց ադրբեջանական որևէ միջամտության, ինչպես նաև պետք է կատարվի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերյալ: