Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86600 քառակուսի կիլոմետր տարածքով, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը (Արցախը)։
«86600 քառակուսի կմ ներառում է ԼՂ տարածքը, բայց միաժամանակ ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձեւաչափով։ Ի՞նչ նկատի ունենք: Նկատի ունենք, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը կարող է մոռացվել, և Ադրբեջանը շարունակելու է վարել էթնիկ զտումների և ցեղասպանության իր քաղաքականությունը, և մենք կարևոր ենք համարում ունենալ միջազգային երաշխիքներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նշված սահմաններում, իսկ Բաքուն՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը` 29800 քառ. կմ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ երկրների միջեւ սահմանը պետք է որոշվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի կողմից 1975 թվականին հաստատված քարտեզների համաձայն։
Նրա խոսքով՝ դա կայունության երաշխիք կլինի։ «Մենք տեսնում ենք, որ դա արձանագրում է նաեւ միջազգային հանրությունը»,- ասաց նա։
Օրերս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ երեք տասնյակ քաղաքական ուժեր, այդ թվում՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պնդելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազորված չէ և իրավասու չէ ստորագրել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 17-ին Ռեյկյավիկում հաստատել է, որ ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը։ Իսկ դա Խորհրդային Ադրբեջանի տարածքն է, որը ներառում էր Լեռնային Ղարաբաղը։
Մինչդեռ, հայտարարության տակ ստորագրած քաղաքական ուժերի կարծիքով, նման ձեւակերպումով փաստաթուղթը կհակասի ինչպես Հայաստանի Սահմանադրությանը, այնպես էլ միջազգային նորմերին, որոնք ամրագրում են Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։
Համաձայն Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվականի որոշման, որը բխում է երկրի Անկախության հռչակագրից, Հայաստանի կառավարությունը հանրապետության համար անընդունելի է համարում ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթուղթ, որում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներառված է Ադրբեջանի կազմում: