23.11.2024
Որքանո՞վ է նորմալ ՌԴ-ին սպառնալիք համարել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանի ակտիվացումը փոթորկել է Արցախի ներքաղաքական դաշտը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ակտիվացումը փոթորկել է Արցախի ներքաղաքական դաշտը: Նախօրեից ներքաղաքական խժդժություններ են սկսվել իշխանություն-ընդդիմություն դաշտում։ Նախօրեին Բաբայանի հանրահավաքը դադարեցվեց Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, որ քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում: Ընդդիմադիր դաշտում չեն ցանկանում դրանց մասնակցել։ Մեզ ասացին, որ ԱԺ ընդդիմությունը կասկածներ ունի, որ Բաբայանն ու Հարությունյանը միասին են գործում, ուստի չեն ուզում մտնել այդ խաղի մեջ: Նրանք կարծում են՝ եթե նախագահը պատրաստ է ընդառաջ գնալ Սամվել Բաբայանի հանրահավաքին հրապարակ դուրս եկած մոտ հազար հոգուն, ապա ինչո՞ւ չի ընդառաջում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ մայիսի 9-ի հանրահավաքի հազարներին։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ Ռուբեն Վարդանյանն ու խորհրդարանի 4 ուժերը` արտախորհրդարանական ուժերի ու ՀԿ-ների հետ, ճգնաժամից դուրս գալու ծրագիր են ներկայացրել իշխանություններին։ Որպեսզի ներքաղաքական իրավիճակը չսրվի, Հարությունյանը հնարավոր է կոնսուլտացիաներ սկսի թե՛ Բաբայանի, թե՛ Վարդանյանի շուրջ համախմբվածների եւ նրանց ներկայացրած ծրագրերի շուրջ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստան» խմբակցությունից մի խումբ, մեր տեղեկություններով, պատրաստվում է մայիսի 20-ին ուղեւորվել Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնք՝ մասնակցելու ՀՅԴ-ի «Կամավորական շարժում» ՀԿ-ի կազմակերպած հանրահավաքին: Նշենք, որ կազմակերպիչը ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է։ Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմքը փրկելու խնդիր ունի։ Չնայած Արցախի շուրջ զարգացումները մոտենում են կուլմինացիային, սակայն նրանք չեն պատրաստվում վերսկսել դիմադրության շարժումը: Մեր աղբյուրները տարբեր պատճառներ են հայտնում: Մեկն այն է, որ ասպարեզը հանձնում են իրենց պայքարը ծաղրողներին կամ քննադատողներին, թե իրենք մենաշնորհել են փողոցը։ Բայց «Հայաստան» դաշինքը փորձում է իր պասիվությունը քողարկել փոքրիկ գործողություններով, ասենք` մարզեր են այցելում, բողոքի փոքրիկ ակցիաներին են մասնակցում, Իշխան Սաղաթելյանն ու մյուսները պարբերաբար հայտարարում են, որ ժողովրդին պետք է ապստամբության պատրաստել, ասում են` պայքարը չի ավարտվել: Իսկ ՀՀԿ-ական թիմն ու «Պատիվ ունեմ» դաշինքն ավելի պասիվ են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց: Այս օրերին ՔՊ-ում վերանորոգման եւ տեղափոխման աշխատանքների հետ կապված եռուզեռ է: Մեզ հետ զրույցում ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատեց գրասենյակի տեղափոխման մասին տեղեկությունը՝ նշելով, որ դեռ վերանորոգման աշխատանքներ են գնում, ուստի հայտնի չէ, թե երբ կտեղափոխվեն: «Չգիտենք՝ որքան կտեւի վերանորոգումը, հնարավոր է՝ մեկ տարի տեւի»,-ասաց նա: Ի դեպ, Հանրապետության փողոցի վրա է գտնվում նաեւ ՀՅԴ կենտրոնական գրասենյակը, որից մի փոքր այն կողմն էլ ՀՀԿ գրասենյակն է: Ստացվում է՝ ՔՊ-ն գալիս է իր սիրելի նախկիններին հարեւան: Իսկ ի՞նչ ճանապարհով է իշխանական կուսակցությունը ձեռք բերել գրասենյակը. գնե՞լ են արդյոք, թե՞ էլի նվեր են ստացել, ինչպես նախորդ տարիներին, ինչի առիթով «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտում էր արել: Կոռուպցիան մերժող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի վերաբերյալ «ԹՄ աուդիտ» ՓԲԸ-ն եզրակացություն էր ներկայացրել, համաձայն որի՝ կուսակցությունը կատարել է 9 մլն 64 հազար դրամի կանխիկ դրամական վճարումներ։ Բացի այդ, ՔՊ-ն իրավաբանական անձանցից ստացել է 16 մլն 300 հազար դրամի աջակցություն, բայց պարզ չէ՝ ովքեր են խորհրդավոր նվիրատուները: Նաեւ երկու իրավաբանական անձանցից բնեղեն նվիրատվություններ է ստացել՝ տարածքի տեսքով, բայց էլի պարզ չէ, թե ովքեր են իշխող ՔՊ-ին նվերներ տվել: Բացահայտվել է նաեւ, որ 525 նվիրատուների մասով որեւէ տեղեկություն առկա չէ: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թաղվել են կոռուպցիայի մեջ, նաեւ կուսակցության վարչության ընտրություններն են կեղծել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 4-ին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը քրեական գործի շրջանակներում վերջապես ներկայացել է Շենգավիթի դատարան: Տեղեկացանք, որ նա դատավորին հարցրել է, թե իր ներկայությունը պարտադիր է արդյոք բոլոր նիստերին: Դատավորը պատասխանել է, որ կան նիստեր, որտեղ իր ներկայությունը պարտադիր է, ուստի ծանուցման դեպքում պետք է ներկայանա: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւան քաղաքի դատարանը մի քանի անգամ ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին՝ ներկայանալու իր գործով դատական նիստերին, սակայն իշխանական պատգամավորը չի ներկայացել եւ պատճառաբանել է, թե ծանուցում չի ստացել: Դատական համակարգը որոշել է Գաբրիելյանին ծանուցում ուղարկել ՀՀ Ազգային ժողովի միջոցով, որպեսզի նա ներկայանա դատարան, սակայն այդ անգամ էլ վերջինս չէր ներկայացել քանի որ գործուղման է եղել: Մայիսի 4-ին նա ներկայացել է: Իսկ ի՞նչ գործի մասին է խոսքը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի մոտ անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող Ս. Գաբրիելյանի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ: Այս գործը քննում է ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին՝ Ժորա Չիչոյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն անցկացրել է ուսումնասիրություն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ արդյունքների վերաբերյալ պալատի եզրակացությունը կքննարկվի խոհրդարանում վաղը՝ մայիսի 18-ին։ Այդ նպատակով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովները գումարելու են համատեղ նիստ։ Այսպիսով, տեղեկացանք, որ Էկոնոմիկայի նախարարությունում բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ կան արձանագրված թերություններ, օրինակ՝ կան անհամապատասխանություններ, խեղաթյուրումներ։ ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի մարտի 29-ին հաստատվել էր ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր, սակայն այդ ծրագրով նախատեսված աշխատանքները և շահառուների կողմից ծախսերի վերաբերյալ փաստաթղթերը, ծրագրի ավարտից հետո տեղազննության արդյունքները միմյանց չեն համապատասխանում։ Մասնավորապես պարզվել է, որ 36 շահառուների համար ներկայացվել է, որ վճարվել է 611 մլրդ 293 մլն դրամի փոխհատուցում, որը, սակայն, չի համապատասխանում ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ պարզաբանումներին։ Մեկ այլ դեպքում 66 պայմանագրերով ոչ սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ սուբսիդավորվել են նախատեսված 10 տոկոսային կետից ավելի տոկոսով, իսկ 3 պայմանագրերով էլ՝ նախատեսված 12 տոկոսից ավելի։ Ընդ որում՝ այս և բազմաթիվ այլ արձանագրված խախտումները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի ընդունել»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խաղերի ոլորտի կարգավորումը Նիկոլ Փաշինյանը համարում է իր կառավարության ձեռքբերումներից մեկը։ Իսկ կարգավորել են՝ էլեկտրոնային կայքերում խաղային գովազդն արգելելով, որի արդյունքում հայաստանյան մամուլը կորցրեց իր եկամտի կեսից ավելին, որովհետեւ խաղային բիզնեսն ամենախոշոր գովազդատուն էր: Մենք փորձեցինք հասկանալ, թե այս «կարգավորման» արդյունքում որքան է նվազել խաղացողների քանակը, որը նաեւ, ենթադրվում է, պետք է անդրադառնար խաղային բիզնեսի եկամուտների վրա` դրանք պետք է 2021 թ․ համեմատ կրճատված լինեին: Եվ այսպես. համաձայն խաղային ոլորտի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմնին ներկայացված ֆինանսական հաշվետվությունների՝ «2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար 351 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար 932 ՀՀ դրամի խաղադրույք»։ Իսկ որքա՞ն խաղադրույք են արել 2023-ին` միայն 2023 թ. առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ տվյալների, խաղատներում արդեն կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք, այսինքն՝ 2021-ին կատարված ընդհանուր խաղադրույքների թվի մոտ կեսը։ Ստացվում է՝ խաղադրույքների ծավալն ավելացել է։ Հետեւապես, շահումով խաղերի գովազդն արգելելով՝ Փաշինյանն ընդամենը մեկ խնդիր լուծեց՝ զրկեց մամուլին իր եկամտի մոտ 50-60 տոկոսից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ Հայաստանում թմրամոլության ցուցանիշները վերջին տարիներին կտրուկ աճել են: Եւ այսպես, պաշտոնական տեղեկության համաձայն՝ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված գրանցված հանցագործությունների թիվը 2016թ.-ին եղել է 1088, 2017թ.-ին՝ 1271 դեպք, 2018թ.-ին՝ 877 դեպք, 2019թ.-ին՝ 1088 դեպք, 2020թ.-ին՝ 1226 դեպք, 2021թ.-ին՝ 1544 դեպք, իսկ 2022թ.-ին՝ 2268 դեպք: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության օրոք թմրանյութերի օգտագործման առիթով գրանցված հանցագործությունների թիվը կտրուկ աճել է: Սա նկատելի է նաեւ իշխանական շատ պատգամավորների վարքագծից: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը 2018թ.-ին կարճվել է: Իշխող ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Էդուարդ Աղաջանյանը, ԱԺ-ում տարօրինակ հայտարարություն էր արել, թե այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում: Ստացվում է, որ թմրանյութի հետ կապված բոլոր հարցերն ու խնդիրները պետք է փնտրել իշխանության ներսում. փաստերն են դրա մասին վկայում: Հիշեցնենք՝ երեկ էլ պարզ դարձավ, որ Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում ռեկորդային քանակի կոկաին են առգրավել (2.7 տոննա): Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Կոկաինը նախատեսված էր Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար: ՊԵԿ-ը հայտարարել է, թե չգիտեն՝ ում անունով էր թմրանյութերով թաքնված բանանի բեռը Հայաստան մտնելու»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 անձ` 11 դասախոս, 9 ուսանող, 2 գործավար, հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ կաշառք տալու ու վերցնելու համար։ Ըստ նախաքննության՝ 2021 թ. փետրվարից մինչեւ հունիսը ստուգարքների, քննությունների ու դիպլոմային աշխատանքների գնահատականներ նշանակելու համար դասախոսները պահանջել եւ ուսանողներից ստացել են մինչեւ 100 հազար դրամի չափով կաշառք: Մեղադրյալները մեղքը չեն ընդունում, ըստ փաստաբանի` նրանցից նախաքննական մարմինը ճնշումների միջոցով փորձում է ցուցմունքներ կորզել: Ուսանողներից մեկը մեզ ասաց. «Գործ են հարուցել ինչ-որ մեկի ձայնագրությունների հիման վրա, որից չի էլ հասկացվում, թե ով ում ինչ է ասում։ Նույնիսկ կոնկրետ գումարի անուն չեն տալիս, ու հիմա, պատկերացնո՞ւմ եք՝ էսքան մարդու քաշել են մի պատմության մեջ: Չնայած որ չափահաս ենք, մեր ծնողներին են տանում-բերում, թե գումարը դուք եք տվել․․․․»»: