Գործող քաղաքացիական օրենսգիրքը որոշակիորեն կարգավորում է էլեկտրոնային պայմանագրերի վերաբերյալ հարցերը, սակայն կարգավորումները հնացած են: Նախագծերով էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի եւ ընդհանրապես էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները բերվում են ամբողջովին նոր, ժամանակակից մակարդակի:
Միեւնույն ժամանակ, նախատեսվող կարգավորումներով քաղաքացին այսուհետ առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: Սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է նա մտնում պայմանագիր կնքելիս եւ ինչ պայմանների է համաձայնվում: Սպառողների իրավունքներն առավել լավ պաշտպանելու համար հստակ երաշխիքներ են նախատեսվում պայմանագրերի կնքման դեպքում: Նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» լրամշակված նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցողի խոսքով վերը նշված պայմանագիրն ու դրա պայմանները կազմվում են տնտեսվարողի կողմից: Սպառողը կա’մ միանում է այդ պայմանագրին, կա’մ հրաժարվում է այն կնքելուց եւ հնարավորություն չունի բանակցել կամ պայմանները փոփոխել:
«Սույն նախագիծը սահմանում է կարգավորումներ, որոնք կպաշտպանեն սպառողի շահերը»,- ընդգծել է Արդարադատության նախարարը:
Ինչ վերաբերում է հավելվածի միջոցով պայմանագիր կնքելիս որեւէ պայմանի համաձայնելուն, նախարարը նշել է, որ հավելվածում էջն ուղղակի թերթելու փոխարեն տնտեսվարողը հնարավորություն կունենա հավելյալ կոճակ սեղմելու միջոցով հստակ պատկերացում կազմել, թե ինչ պայմանների է համաձայնում: Ինչպես նաեւ, եթե հավելվածների միջոցով կնքված պայմանագրերում որեւէ պայման փոփոխության է ենթարկվում, քաղաքացին նախապես ողջամիտ ժամկետում ծանուցում է ստանալու:
Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջին ընթերցումից հետո ներկայացրել է գրավոր առաջարկներ, ըստ որոնց` կատարվել են որոշ խմբագրական փոփոխություններ:
Հարակից զեկույցում հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանն ընդգծել է, որ մարդիկ այսօր հիմնականում կատարում են առցանց առեւտուր, ինչի արդյունքում հավելյալ պաշտպանվածության խնդիր է առաջացել, հավելյալ կարգավորումների կարիք կա: Հարակից զեկուցողը նշել է, որ գործող կարգավորումները հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ կերպով պաշտպանել սպառողների իրավունքները, իսկ առաջարկվող կարգավորումները մանրակրկիտ նկարագրում են այն նոր հնարավորությունները, որոնք տրվում են սպառողներին:
Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է հանձնաժողովին կողմ քվեարկել նախագծին: Նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: