Հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած սարքերի կիրառումն առողջապահության ոլորտում
Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար անհրաժեշտ գույքային եւ տեխնիկական, ինչպես նաեւ մասնագիտական հագեցվածության պահանջների մեջ պարբերաբար կատարվում են փոփոխություններ` հաշվի առնելով միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումները, կրթական ծրագրերի զարգացումները եւ փոփոխությունները: Լիցենզիաները դարձնելով 5 տարի ժամկետով տրվող` հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը:
Նախարարի խոսքով նախատեսվում է վերանայել նաեւ 2002 թվականից ի վեր տրված լիցենզիաները: Նա հայտնել է, որ ներկայացվել էին մի քանի առաջարկներ, որոնք ընդունվել են:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո, սակայն պատգամավորների առաջարկների քննարկման արդյունքում որոշվել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 1 տարի հետո:
Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: