23.11.2024
Նարեկ Մկրտչյանը մասնակցում է AIM 2023 համաժողովին
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմինները կհամագործակցեն

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկին Սկոպիեում մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:


Ինչպես տեղեկացրին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի հետ համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2005 թվականից Բուդապեշտում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի հետ գործակցության շրջանակում, և հուշագրի կնքմամբ այդ համագործակցությունն ավելի բարձր մակարդակի վրա է դրվում՝ նոր խթան հաղորդելով երկու երկրների մրցակցային մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը:


Ըստ աղբյուրի՝ ստորագրման արարողությունից հետո ներկայացվել է Հայաստանի մրցակցային մարմնի կողմից գործարկված e-Compete թվային հարթակը:


Նշվում է, որ այցի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել նաև Հյուսիսային Մակեդոնիայի պառլամենտի փոխնախագահ Գորան Միսովսկու հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: