23.11.2024
Բրյուսելի հանդիպումը կունենա բովանդակային արժեք, հակառակ դեպքում Արևմուտքը չէր շտապի
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտի հանրահավաքն Արցախի և Հայաստանի որոշ շրջանակներ ծանր են տարել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Եռատոնին նվիրված հանրահավաքն Արցախի եւ Հայաստանի որոշ շրջանակներ ծանր են տարել։ Այն, ըստ էության, կազմակերպել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով պաշտոնից հեռացվեց Ադրբեջանի պահանջով եւ ՀՀ իշխանությունների համաձայնությամբ։ Արցախյան աղբյուրների հաշվարկով՝ հանրահավաքին 20-25 հազար մարդ է մասնակցել: Մինչդեռ Արցախը 150 օր շրջափակված է, գազի, վառելիքի խնդիրը կուլմինացիոն կետի է հասել, շրջաններից հնարավոր չի եղել մարդ բերել` հիմնականում ստեփանակերտցիներն են մասնակցել։ Ներկա են եղել նաեւ ԱՀ գործող եւ նախկին նախագահները` Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Հանրահավաքն ի ցույց է դրել վստահությունն առ Ռուբեն Վարդանյան, ինչը ծանր են տարել Արցախում ամբողջական իշխանության հավակնող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Սամվել Բաբայանը, ում հավաքներին մաքսիմում 50-100 մարդ է հավաքվում, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Որոշ տեղեկություններով, Երեւանից անգամ հրահանգել են Արցախի Հանրայինին` ուղիղ չհեռարձակել հավաքը։ ՀՀ իշխանություններին անհանգստացնում է այն, որ Արցախում դիմադրության օջախ է ձեւավորվում Ռուբեն Վարդանյանի շուրջ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում բնապահպանական ու հումանիտար աղետ է հասունանում․ որոշ հաշվարկներով՝ առաջիկա շաբաթներին Սարսանգի ջրամբարը ցամաքեցնելու ադրբեջանական պլանը կարելի է իրականացված համարել։ Հինգ ամսից ավելի շրջափակված Արցախում երեք ամսից ավելի է՝ Հայաստանից հոսանք չի հասնում` Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնելու աշխատանքներին: Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն էներգետիկ ճգնաժամը մեղմելու միակ տարբերակն է եղել արցախցիների համար, եւ ցուրտ ձմռան պատճառով աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից՝ էներգիա ստանալու նպատակով։ Եթե այդ պաշարն էլ սպառվի, արցախցիները կզրկվեն ապրելու համար անհրաժեշտ կենսապայմաններից՝ էլեկտրաէներգիայից եւ այլն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 28-ից ադրբեջնական կողմը արգելել է առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների տեղափոխումը Արցախից Հայաստան, անգամ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ: Մեր տեղեկություններով՝ արգելվել է նաեւ ցանկացած տեսակի ապրանքի ներմուծումն Արցախ: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից։ «Ես չեմ կարող հստակ ասել, պետք է պատկան մարմիններից ճշտել, բայց այն, որ, այսպես կոչված, անցակետը կամ ձերբակալման կետը տեղադրելուց հետո իրավիճակը բարդացել է, դա միանշանակ է: Անցակետի տեղադրումը լրիվ այլ իրավիճակ է ստեղծել. փաստորեն, դրանից հետո Արցախն ամբողջությամբ պաշարման մեջ է »,- մեզ հետ զրույցում ասաց Բաբայանը: Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը. «Ավելի շատ դրա մասին տեղեկացված են իշխանությունները, որոնք մեզ ոչինչ չեն ասում, բայց ակնհայտ է, որ ապրիլի 28-ից սկսած՝ Կարմիր խաչն իր առաքելությունը չի կատարում, հիվանդներ չեն տեղափոխվում Արցախից Հայաստան, ընտանիքների միավորում եւս չի կատարվում: Առավել քան ակնհայտ է, որ նման տեսակի բոլոր գործառույթները դադարեցված են: Կոնկրետ ապրանքատեսակների մասին տեղեկություն չունեմ, բայց, որ ամենակարեւորն է, աղողջական խնդիր ունեցող մարդկանց տեղափոխում չի իրականացվում»,-ասաց նա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի քրեական վարույթով անցնում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Մեզ հայտնի դարձավ, որ նրա դեմ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳՎ վարչությունում հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ինչպես Հովհաննես Շահինյանն էր հայտնել, ոստիկանության Երեւան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան, որպեսզի, քննիչի որոշման համաձայն, ձերբակալեն Շահինյանին, թեեւ վերջինս արդեն տեւական ժամանակ է՝ բացակայում է երկրից: Նշենք, որ Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացվել նրան հետագայում կալանավորման տանելու նպատակով, բայց կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է: Մեղադրանքը փողերի լվացման հոդվածով է, ձերբակալության նպատակն ազատության մեջ գտնվող մեղադրյալին կալանավորման ներկայացնելն է, որը Հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել է, կալանավորման որոշում չի կայացվել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների անունից դիմումներ են ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, քանի որ նրանց կողմից ներկայացված տարեկան հայտարարագրերում լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Հանձնաժողովը պարզաբանումներ է պահանջել պաշտոնյաների հայտարարագրերում առկա անճշտությունների մասով, եւ հիմա սկսել է գնահատել պաշտոնյաների ներկայացրած պարզաբանումները: Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի նոյեմբերի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի՝ օրինակ՝ նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: Եւ, ահա, ԱԱԾ-ի հետ համատեղ աշխատանքի ընթացքում բացահայտված անճշտություններն ու թաքցված նվերները դարձել են խնդիր պետական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համար: Իհարկե, նրանք ինչ-ինչ բացատրություններ տվել են, բայց թե որքանով են հիմնավոր բացատրությունները, ցույց կտա ժամանակը: Իսկ ի՞նչ բնույթի խախտումների մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումի մեջ առկա պարզաբանումներից մեկը վերաբերում է նրա ձեռքի ժամացույցին: Նա կրում է թանկարժեք ժամացույց՝ AWI ապրանքանիշից, սակայն չի հայտարարագրել: Հավելենք, որ վարչապետը ստանում է 1 մլն 580 հազար դրամ: Նա հագնում է թանկարժեք կոստյումներ, նրա կինը կրում է թանկարժեք զարդեր, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի AWI ժամացույցն է մատնանշել միայն:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, Արթուր Ումրշատյանը նախօրեին նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ: Սակայն ՊՆ մեր աղբյուրներն ասում են, որ շուտով նա ավելի առաջ կգնա` կնշանակվի պետ, փոխարինելով Անդրանիկ Քոչարյանի ընկերոջը՝ Աշոտ Զաքարյանին։ Ումրշատյանը ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվեց 2023 թ. փետրվարի 16-ին: Պատրվակը Հանրապետության հրապարակում «Համերի» վարորդի արկածներն էին` Ումրշատյանի ազատմամբ փորձեցին լիցքաթափել հանրային դժգոհությունները, քանի որ պարեկները չէին կարողացել արագ վնասազերծել հրապարակում անկանոն մեքենա վարող վարորդին։ Այլ կերպ ասած՝ հեռացվել էր պաշտոնեական լիազորությունները վատ կամ թերի կատարելու պատճառով, մինչդեռ 2 ամիս անց ավելի պատասխանատու պաշտոնի է նշանակվում, ինչը կնշանակի, որ, ինչպես նախկինում, Նիկոլի Հայաստանում էլ պաշտոնի նշանակելիս հաշվի են առնում ոչ այնքան պրոֆեսիոնալիզմը, որքան անձի կապերը։ Հիշեցնենք․ Ումրշատյանը ժամանակին աշխատել է ոստիկանական համակարգում, հետո ազատվել է աշխատանքից ու Փաշինյանի իշխանության օրոք կրկին վերադարձել ծառայության՝ արդեն բարձր պաշտոնի։ Ակնհայտ է, որ նրա կարիերայի աճի հիմքում մեծամասամբ իր քաղաքական հայացքներն են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգեւ սրբազանը շուրջ 3 տարի է՝ ԱՄՆ-ում է։ 2020 թ. նոյեմբերին տեղեկացանք, որ նա, առողջական վիճակով՝ սրտի խնդիրներով պայմանավորված, մեկնել է, իսկ 2021 թ. հունվարի 21-ին ազատվեց թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվեց հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ: Վերջին 3 տարին ԱՄՆ-ում նրա կյանքի մասին հանրությունը տեղեկացել է մի քանի լուսանկարից, որտեղ նա հայ համայնքի ներկայացուցիչների՝ դերասան Սոս Կարապետյանի, Շպրոտի ու այլոց ընկերակցությամբ նստած է սեղանի շուրջ։ Սրբազանը վերջին անգամ հանրային խոսք է ասել` տեսաուղերձով պատասխանելով Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, սակայն Արցախի շրջափակման ու Հայաստանի վիճակի մասին Պարգեւ սրբազանը չի խոսել։ Մեզ ասացին, որ նա սպասում է գրինքարտ ստանալուն, որ սրտի փոխպատվաստման ենթարկվի, քանի որ ԱՄՆ-ում գրինքարտ ունեցողներն անվճար են վիրահատվում: Մայր Աթոռի հետ կապեր ունեցող մեր զրուցակիցն ասաց, որ Էջմիածնում քչերն են հավատում, որ Պարգեւ սրբազանը կվերադառնա Հայաստան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ բորբոքված կրքերը չեն դադարում: Նախ՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը փոխկապակցված է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ: Բանն այն է, որ այս ընկերությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցներին: Մասնավորապես, «ՄԼ Մայնինգ» ընկերության գրասենյակը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հարեւանությամբ, ընկերության մեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, երթեւեկելիս վնասում են ճանապարհները, որն էլ հետո դժվարացնում է այդ ճանապարհով այլ մեքենաների երթեւեկությունը:  «Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված կադրերում եւս երեւում է, որ ճանապարհին քարեր են, այն դժվարանցանելի է, եւ պատճառն էլ հենց այս ընկերության շինարարական գործընթացին մասնակից մեքենաներն են: «ՄԼ մայնինգ» ընկերության շուրջ դժգոհությունները բազմաթիվ են եւ միայն սրանով չեն սահմանափակվում: Պարբերաբար «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա այս ընկերության գործունեությանն ու առկա դժգոհություններին: