VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Սահմանային վերջին լարվածություններով պայմանավորված՝ այսօր, Ազգային ժողովում փակ նիստ կհրավիրվի, որին կմասնակցեն իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներ, ինչպես նաեւ ՊՆ-ի, ԳՇ-ի ներկայացուցիչները: Երեկ՝ ԱԺ նիստի մեկնարկին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում հարկ համարեց խորհրդարան հրավիրել ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնք պարզաբանումներ կներկայացնեն սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ կդիմեն պատկան գերատեսչությանը եւ ըստ այդմ՝ կքննարկեն նիստի ֆորմատը։ Տեղեկացանք, որ նիստը փակ է լինելու։ Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատել են ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանին, ով այդ պաշտոնին էր 2020-ի հոկտեմբերից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր խորհրդարանում տեղի կունենա փակ քննարկում, որի ընթացքում քննարկվելու է սահմաններին տիրող իրավիճակը: Մասնավորապես, վերջին օրերին Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանային լարումների առիթով խորհրդարանում պատգամավորները բացատրություններ կլսեն գործադիրից: Նշենք, որ փակ նիստը տեղի է ունենալու հենց ԱԺ-ում կեսօրից հետո: Նիստը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ քննարկմանը մասնակցելու է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, լինելու են ներկայացուցիչներ նաեւ ՊՆ-ից եւ Զինված ուժերից, որոնք տիրապետում են սահմանային իրավիճակին եւ հստակ կարող են պարզաբանումներ տալ՝ իրավիճակի հետ կապված:
«Հրապարակ» թերթը գրում է. Ի տարբերություն ՀՀ սահմանների անպաշտպան, անտեր-անտիրական վիճակի, Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների պաշտպանությունն աննախադեպ մտածված եւ կուռ է կազմակերպված։ Սեփական անձը պաշտպանելիս ՀՀ իշխանությունն աննախադեպ ֆանտազիա եւ հնարամտություն է դրսեւորում, ինչը բացարձակապես չի դրսեւորվում երկիրը պաշտպանելիս։ Նախօրեին Տեղ գյուղում սկսված փոխհրաձգությունից հաշված րոպեներ հետո Պռոշյան փողոցի կառավարության առանձնատների՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրի դիմաց հարյուրավոր ոստիկաններ էին շարվել։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը թերեւս վախեր է ունեցել, որ քաղաքացիները ոտքի կկանգնեն, եւ շտապել է րոպե առաջ երկաթյա պաշտպանության պատվար ստեղծել։ Երեկ էլ՝ խորհրդարան ժամանելուց մոտ մեկ ժամ առաջ, Դեմիրճյան փողոցում էին զորք կուտակել, որպեսզի խուսափեն տհաճ միջադեպերից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գրեթե ամեն օր ժողովրդավարության, խոսքի իրավունքի եւ ազատ կամարտահայտման մասին խոսող ՔՊ-ականները վերածվել են կոճակ սեղմողների եւ մեկ մարդու կամք կատարողների խմբի: Ամեն որոշում կայացվում է բացառապես մեկ մարդու հրահանգով, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Սրա մասին թերեւս վկայում են նաեւ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած քվեարկությունները: Այպիսով, երեկ ՔՊ-ականները միանձնյա ՄԻՊ ընտրեցին դատախազի տեղակալին, միաձայն էլ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին զրկեցին անձեռնմխելիությունից, որպեսզի դատախազութունը հնարավորություն ունենա հանրային քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ: Երկու քվեարկություններին էլ ընդդիմությունը չի մասնակցել: Ուշագրավ է, որ ՄԻՊ-ն ընտրվել է 69 կողմ 0 դեմ ձայնով, իսկ Մհեր Սահակյանը անձեռնմխելիությունից զրկվեց 65 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ստացվում է՝ ՔՊ-ականներն անգամ ձեռնպահ քվեարկելու հնարավորություն չեն ունեցել, անվավեր չեն արել որեւէ թերթիկ, մեկ մարդու նման գնացել ու կատարել են վերեւներից իջեցված հրահանգը: Նկատենք, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներն իրենք էին ՀՀԿ-ականներին հեգնում եւ անվանում «կոճակ սեղմողներ», փաստացի հիմա այս հարցում իրենք հավասարվել ու նույնիսկ գերազանցել են ՀՀԿ-ականներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ 65 կողմ, 0 դեմ ձայնով նախ Անահիտ Մանասյանին ընտրեց ՄԻՊ, ապա ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցեցին միայն ՔՊ-ականները, այն էլ՝ ոչ ամբողջ կազմով, քանի որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը երեկ առավոտյան գործուղվել էր Սանկտ Պետերբուրգ։ Ինքը՝ Մհեր Սահակյանը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, անձամբ կողմ կքվեարկեմ այս միջնորդագրին, քանի որ ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»։ Երեկ նա չմասնակցեց քվեարկությանը, ինչո՞ւ, որովհետեւ, Սեյրան Օհանյանի փոխանցմամբ, պատգամավորը վերջին դեպքերի կապակցությամբ մեկնել է Տեղ համայնք։ Նշենք, սակայն, որ Տեղ մեկնած ընդդիմադիր պատգամավորների շարքում Սահակյանի անունը գործընկերները չէին հիշատակել։ Ագնեսա Խամոյանի եւ Քրիստինե Վարդանյանի գրառումների համաձայն՝ Տեղ են մեկնել Արթուր Սարգսյանը, Աննա Գրիգորյանը, Ասպրամ Կրպեյանը, Գառնիկ Դանիելյանը եւ իրենք։ Հիշեցնենք, որ Սահակյանը մոտ 2 շաբաթ առաջ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հարվածել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Սահակյանը խորհրդարանում հայտարարեց, որ ինքնապաշտպանության է դիմել, մինչդեռ իրեն խուլիգանություն են վերագրում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը չի ներկայացել Հակակոռուպցիոն դատարան։ Նրան, որպես վկա, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով ծանուցել էին ներկայանալ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Միրզաբեկյանը դիմում է ուղարկել Հակակոռուպցիոն դատարան եւ հայտնել, որ առողջական խնդիրներ ունի, ուստի չի կարող ներկայանալ դատարան: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով դատարան են կանչվելու ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, Սեյրան Օհայանը եւ ՊՆ որոշ աշխատակիցներ: Սեյրան Օհանյանը ներկայացել է եւ հարցաքննվել, ՊՆ աշխատակիցների հարցաքննությունը շարունակվում է: Հավելենք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով էր իրականացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի շուրջ սկանդալներ են հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ համայնքի ղեկավարները դատարաններ են դիմում՝ ընդդեմ ընկերության: Մասնավորապես, Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող հողատարածքի մրցույթն անվավեր ճանաչել, «Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցութային կարգով, 25 տարի ժամկետով, վարձակալության տրամադրելու մասին» 22.04.2019թ. որոշումը, վերացնել, որպես հետեւանք՝ «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագիրը եւ դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել: Այսինքն՝ ինչ տվել են ընկերոթյանը, հետ են ուզում: Ի դեպ, հենց 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների։ Այդ ընկերությունների ցանկում հատկապես ուշագրավ էր «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ։ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն զբաղվում է ավազի եւ խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։ Նկատենք, որ այս ընկերությունն առաջին անգամ չէ, որ արտոնություն է ստանում գործադիրից։ 2018 թ. հունվարի 25-ին «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն: Երկու արտոնություն էլ ստացել է 2017-ին՝ հունիսին եւ օգոստոսին։ «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգից էլ է ահազանգ ստացել ընկերության գործունեության մասով, որին կանդրադառնանք առաջիկայում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատերը կհիշեն խորհրդային տարիներին քաղաքային ավտոբուսների հանրահայտ ցուցանակը՝ «Վարորդը նաև հսկիչ է»: Հիմա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանինն է: Համենայն դեպս, պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին գլխավոր դատախազի պատասխանը (եթե դա ընդհանրապես կարելի է պատասխան համարել) հիշեցրեց նշված բանաձևը: Աննա Վարդապետյանը փաստացի ընդունեց, որ արտառոց բան չկա, երբ վարչապետի աշխատակազմից զանգում են անկախ մարմնի ներկայացուցչին, ասենք՝ դատախազին, քննիչին: Թեկուզ դատավորին: Նա ասում է, որ ոչ մի վատ բան չի տեսնում «մասնագիտական քննարկման մեջ»: Ուղղակի «հանճարեղ» է, եթե ավելին չասվի: Գիտե՞ք՝ մենք նույնպես «մասնագիտական քննարկման մեջ» ոչ մի վատ բան չենք տեսնում: Բայց ո՞ւմ հետ «մասնագիտական քննարկում», վարչապետի օգնականի՞, ընդհանրապես կառավարության ներկայացուցչի ու անկախ մարմնի ներկայացուցչի՞: Կապ չունի, թե ինչ գործով, ով և ում է զանգահարել, ով ինչ գործերով է կարմիրով «նկատառումներ» իրականացրել: Ցանկացած զանգ, ցանկացած նմանատիպ «քննարկում» ուղղակի հրահանգավորում է, միջամտություն է արդարադատության իրականացմանը: Ստացվում է՝ Աննա Վարդապետյանը չի էլ հերքում, որ իրեն էլ կարող են զանգահարել կառավարությունից, կամ ինքը կարող է զանգահարել կառավարություն ու «մասնագիտական քննարկում» անցկացնել: Լո՞ւրջ: Արդյո՞ք սա չի նշանակում իրավապահ համակարգի՝ մեկ անձից լիարժեք կախվածության մեջ դնելու փաշինյանական համառ ջանքերի լիարժեք լեգիտիմացում: Ու դրանից հետո ի՞նչ անկողմնակալություն կարող է ակնկալել քաղաքացին նման իրավապահ համակարգից: Դրա համար էլ իշխանավորներն ինչ ուզում անում են, իսկ Նիկոլ Փաշինյանի թանին թթու ասողները նույնիսկ «անթույլատրելի» բառի համար պիտի նստեն...
«Փաստ» օրաթերթը գրում է. Որքան էլ մոտ հինգ տարի շարունակ օրվա իշխանությունների կողմից ամեն ինչ արվել է բանակը թուլացնելու, վարկաբեկելու ուղղությամբ, այնուամենայնիվ, թե՛ Հայաստանի զինված ուժերը, թե՛ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, չնայած դժվարություններին ու խոչընդոտներին, հերոսաբար լուծում են իրենց խնդիրները: Դրա վկայությունն են նաև վերջին օրերին ադրբեջանցիների ահաբեկչական գործողություններին, սադրանքներին տրված անհրաժեշտ պատասխանները: Հիմա, առավել քան երբևէ, մեծապես կարևորվում է բանակին, հերոսաբար դիմադրող զինվորականներին քաջալերելն ու աջակցելը: Ի մասնավորի, թերթի աղբյուրի փոխանցմամբ, մարտի 5-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ արագ արձագանքած և անհրաժեշտ դիմադրություն ցույց տված զինվորականները դրամական պարգևատրում են ստացել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից: Հիշեցնենք, որ այդ օրը ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող:
«Փաստ» օրաթերթը գրում է. Գնալով ավելի ու ավելի մեծ վտանգներ են սպառնում Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու ինքնորոշմանը: Թշնամին ավելի ու ավելի սանձարձակ է դառնում, իսկ Հայաստանի իշխանությունները, ինչպես քաղաքական ուժերն ու փորձագետներն են նշում, հայանպաստ որևէ քայլ չեն անում: Այս պարագայում մեծապես կարևորվում է Հայաստանի ոչ իշխանական հատվածի մաքսիմալ հնարավոր կոնսոլիդացիան, համապատասխան դաշինքների, իսկ հնարավորության դեպքում միասնական բևեռի ստեղծումը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս առումով վերջերս բավական ինտենսիվ հանդիպումներ են ընթանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ի մասնավորի՝ ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ակտիվ հանդիպումներ է ունենում ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի, միավորների ու անհատ գործիչների հետ: Մեր ունեցած տեղեկություններով, քննարկումների առանցքում առավել միասնական գործելու հնարավորությունների փնտրտուքն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը 69 կողմ ձայնով մարդու իրավունքների պաշտպան ընտրեց գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Անահիտ Մանասյանի՝ 2022 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրի համաձայն, որը նա ներկայացրել է գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելու պահին, նա 2 բնակարանի սեփականատեր է, որոնցից մեկին տիրապետում է միանձնյա սեփականության իրավունքով, իսկ մյուսին՝ համասեփականության։ Երկու բնակարաններն էլ գտնվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մեկը ձեռք է բերվել 1995 թվականին, մյուսը՝ 2015 թ․։ Մանասյանն ունի մեկ «Ֆորդ» մակնիշի մեքենա, 9 մլն 300 հազար դրամ, 9 հազար 326 ԱՄՆ դոլար եւ 9 հազար 123 եվրո բանկային ավանդներ։ 2022 թվականին Մանասյանի բանկային հաշիվներում առկա են եղել 23 հազար 654 եվրո, 204 ԱՄՆ դոլար, 16 մլն 401 հազար դրամ գումար։ Նույն ժամանակահատվածում կանխիկ միջոցները կազմել են 6 հազար 600 ԱՄՆ դոլար, 4 հազար 750 եվրո, 140 հազար ՀՀ դրամ»: