VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Մարտիրոսյանը, ով նաեւ ադրբեջանցիների հետ բանակցող խմբում է ներգրավված, օրերս ազատվել է ղեկավարի պաշտոնից։ Որոշ տեղեկություններով՝ ազատման պատճառը պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ ունեցած տարաձայնություններն են, Ներսիսյանը դժգոհություններ ունի, եւ որոշել են պաշտոնի իջեցում անել՝ նշանակելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնում։ Մարտիրոսյանին պաշտոնանկ անելով, ըստ էության, զրկել են ռուս խաղաղապահների հետ ի պաշտոնե շփումից, գործընթացներին ներկա գտնվելու հնարավորությունից։ Նշենք, որ Սերգեյ Մարտիրոսյանը Վիտալի Բալասանյանի՝ ԱԽ քարտուղար աշխատելու ընթացքում համանուն վարչությունն էր ղեկավարում ու Վիտոյի հետ մշտապես ներկա էր լինում ադրբեջանցիների հետ հանդիպումներին։ Բալասանյանի պաշտոնանկությունից հետո, կառույցի օպտիմալացման հետեւանքով, այս վարչությունն առանձնացվել էր։ Բացի այդ, նա մտերիմ կապի մեջ է ռուս խաղաղապահների նախկին ղեկավար գեներալ Մուրադովի հետ, Մարտիրոսյանի որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ իշխանությունները երեկ ամբողջ օրը որեւէ կերպ չեն անդրադարձել ադրբեջանցիների կողմից դրսեւորված նոր սանձարձակ ու սադրիչ քայլերին։ Մասնավորապես, երեկ 27 քաղաքացիական անձինք ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ Գորիս քաղաքից ուղեւորվում էին Ստեփանակերտ, սակայն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելափակել էին քաղաքացիական անձանց տեղափոխող մեքենաները։ Ընդ որում, Արցախի պաշտոնյաների հավաստմամբ, ադրբեջանցիները ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետեւանքով քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Չնայած տեղի ունեցածին՝ Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ հայտարարություն չկա: Նախորդ անգամներում այսպիսի դեպքերում գոնե հայտարարություն էր տարածում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, սակայն այս անգամ նրանք էլ են լուռ: Նույնիսկ ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ-ի թեկնածուն է լռում: Սյս ամենին զուգահեռ՝ վերջին օրերին ՔՊ-ն շոուներ է կազմակերպում ԱԺ-ում, որոնք արվում են հենց Նիկոլ Փաշինյանի հրամանով եւ նպատակ ունեն շեղել հանրության ուշադրությունը նոր գործընթացներից, որոնք սպառնում են Հայաստանին եւ Արցախին:
«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած նախօրեին ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքն ու բարքը քննարկման առարկա չի դարձել, բնականաբար, խոսք չի գնացել նաեւ Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին, որի վերաբերյալ կոչով էր հանդես եկել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն ՔՊ խմբակցության մի թեւը որոշել է ԱԺ նախագահի դեմ գործընթաց գեներացնել, որը կյանքի են կոչում ինչպես ֆեյսբուքյան ստատուսների ու ֆեյքերի միջոցով, այնպես էլ՝ հրապարակային հարցազրույցներով։ Դիցուք, տերպետրոսյանական շրջանի գործիչ Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, թե արժե ԱԺ նախագահի հարցը քննարկել, Անդրանիկ Քոչարյանն էլ գրեթե նույնն է կրկնել․ «Տեր-Պետրոսյանը տեսակետ է ասել։ Հարգելով Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ այնուամենայնիվ, դա ուսումնասիրման կարիք ունի։ Դա պետք է քննության առարկա լինի»։ Մեր տեղեկություններով, Ալեն Սիմոնյանի դեմ գործընթացն իր ձեռքն է վերցրել եւ փորձում է առաջ մղել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որին հենց Ալեն Սիմոնյանն է հեղափոխությունից հետո բերել ՔՊ։ Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ օձը տաքացնողին է կծում։ ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ Կոնջորյանն ինքն է հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին։
«Փաստ» օրաթերթը գրում է. Գնալով ամրացող տպավորություն է, որ փողոցից իշխանության հասած ՔՊ-ում հատուկ որոշում է ընդունվել «փողոցային» դրսևորումներով աչքի ընկնելու վերաբերյալ: Ընդ որում՝ էլի ամրացող տպավորություն է, որ նույնիսկ մրցույթ է հայտարարվել՝ ով ավելի աչքի կընկնի այդ գործում: Եվ ահա, ՔՊ-ի կուսակտիվն անշեղորեն իրագործում է «պլենումի» այդ որոշումն ու, առանց չափազանցության, կաշվից դուրս է գալիս «աչքի ընկնելու» համար: Օրինակ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության (!!!) և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի վրա քպականների զանգվածային հարձակումը, հատկապես Արթուր Հովհաննիսյանի ու Ռուստամ Բաքոյանի աննկարագրելի սանձարձակ պահվածքը, թեկնածուի հասցեին ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու բացահայտ սպառնալիքները, է՛լ լեզու կտրելու, է՛լ չգիտես ինչի վերաբերյալ արտահայտություններն ինքնին բնութագրական են: Բնութագրական՝ դրանք գործածողների համար: Բոլորը տեսան: Դա փողոցի էլ չէ, այլ հենց «քուչի» մակարդակ էր: Անխուսափելի իշխանափոխությունից հետո (հիշեցնենք, որ ամեն ինչ վերջ ունի, վերջիվերջո), թերևս, հոգեբանների համար աշխատանքի լայն ճակատ կբացվի: Բայց մինչ այդ, այսինքն՝ հիմա էլ մասնագետները կարծում են, որ նման պահվածքը խորքային պատճառներ ունի: Դրանցից առաջինը այս տեսակի անցյալն է, նույնիսկ սեփական բակերում ընդունված չլինելը, ճնշված լինելը, կյանքում կայացած չլինելն ու հիմա իշխանության տված հնարավորություններով բոլորից «մուռ հանելը»: Երկրորդը՝ չէ, վիրավորվելը չէ, նրանք այդ հատկությունը չունեն: Երկրորդը վախն է՝ եղածը կորցնելուց ու այդ նույն անցյալին վերադառնալուց... Մտածելու բան է: Ու այդքանից հետո, օրինակ՝ նույն Արթուր Հովհաննիսյանը «հատակին» հասնելու, տակից թակոցներ լսելու մասին է խոսում: Չնայած, էլ ինչի՞ց խոսեն, եթե վաղուց շրիշակն անցել են, հատակն անցել են, նկուղի հատակն էլ են ծակել-անցել և շարունակում են «խորանալ»: Այնքան, որ տակից որևէ թակոց իրենք լսել չեն կարող, լավագույն դեպքում՝ հենց իրենցը...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք փաստաբաններ, որոնց վարույթում առկա են խուլիգանության հիմքով դատարաններում կամ նախաքննական մարմիներում առկա գործեր, բարձրացնելու են վերոնշյալ գործերի կարճման հարցը: Ի՞նչն է փաստաբանների այս գործընթացի հիմքը: Բանն այն է, որ փաստաբանները պատրաստվում են դատարաններում եւ նախաքննական մարմիններում օրինակ բերել ապրիլի 4-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների վարքը ու, մասնավորապես, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած սպառնալից արտահայտություններն ու վիրավորանքները, ինչին իրավապահների կողմից մինչ օրս ընթացք չի տրվել: Փաստաբանները պահանջելու են կա՛մ իրենց պաշտպանյալների մասով քրեական վարույթը կարճել, կա՛մ ընտրովի արդարադատություն չիրականացնել: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը ապրիլի 4-ին անցավ շատ լարված մթնոլորտում, որի հեղինակները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին եւ հատկապես Արթուր Հովհաննիսյանը: Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է:
«Հրապարակ» թերթը գրում է. Թեեւ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզական ծառայության մասին» օրենքն ԱԺ-ն ընդունել է դեկտեմբերի 23-ին, նախագահը ստորագրել է դեկտեմբերի 30-ին եւ այն ուղիղ դեկտեմբերի 31-ին ուժի մեջ է մտել, սակայն այդ մարմինը մինչ օրս ձեւավորված չէ։ Մեր հարցին, թե ձեւավորվե՞լ է այդ ծառայությունը՝ աշխատակիցներ, հաստիքացուցակ, վարչական շենք եւ այլն ունի՞, կառավարությունից ասացին՝ դեռեւս չի ձեւավորվել, իսկ թե երբ է ձեւավորվելու՝ գրավոր հարցում ուզեցին։ Նշենք, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հունվարի 23-ին հրաժարական տվեց՝ ՄԻՊ աշխատակիցներին հայտնելով, որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել, եւ հենց հաջորդ օրը հավաքեց իրերն ու հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Ընդ որում, նա պետք է մեկ շաբաթից կրկներ իր հրաժարականը, սակայն այնքան էր շտապում, որ նույն օրը երկրորդ անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, որ պրոցեսներն արագ ընթանան։ Տեղեկություն ստացվեց, որ նա է նշանակվելու Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Այդ օրերին մեր հարցին, թե արդյոք ի՞նքն է նշանակվելու, Գրիգորյանը չպատասխանեց՝ խոստանալով հարցազրույց տալ։ Մի բան պարզ է, որ անգամ օրենքով նախատեսված գործընթացներն իշխանությունը չի կարողանում պատշաճ կազմակերպել։ Մեզ ասացին, որ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի դեռ ԱԱԾ-ն կարող է զբաղվել արտաքին հետախուզությամբ։ Այսինքն, այս ծառայությունը դեռեւս 3 տարի կարող է չձեւավորվել։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ հրաժարական տվեց Քրիստինե Գրիգորյանը, եւ ի՞նչը խանգարեց, որ նա նույն արագությամբ նշանակվի այս պաշտոնին, եւ սույն կառույցը ձեւավորվի։
«Փաստ» օրաթերթը գրում է. Առիթ ունեցել ենք նշել, որ հատկապես վերջին շրջանում հայաստանյան մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ ինտենսիվ «արտաքին» շփումների մեջ են՝ փորձելով որոշակիորեն դիրքավորվել նաև այդ «դաշտում»: Ինչպես երևում է, Երևանի ավագանու սպասվող ընտրությունները ևս զերծ չեն լինի նշյալ «աշխարհաքաղաքական» կոնտեքստից: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի հավանական «առաջին համար», այսինքն՝ քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը դիրքավորվում է, այսպես կոչված, արևմտյան, այդ թվում, մասնավորաբար, «ֆրանսիական» գծում: Բանն այն է, որ Ֆրանսիան տարբեր ասպեկտներով ցանկանում է էլ ավելի ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում, այս պարագայում՝ նաև Երևանի ապագա իշխանության միջոցով: Կան տեղեկություններ, որ Մանե Թանդիլյանի՝ «ֆրանսիական թեկնածու» լինելու հարցում որոշակիորեն շահագրգռված է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Դիվանագիտական շրջանակներում նույնիսկ կատակում են, թե կին քաղաքապետն ուզում է Երևանում էլ կին քաղաքապետ տեսնել: Ի դեպ, այս տեսակետից ուշագրավ է, որ Թանդիլյանի վերջին հանդիպումները տեղավորվում են հենց «արևմտյան» թեմայի մեջ: Ի մասնավորի, վերջերս նա Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին, ինչպես նաև հանդիպում է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողների հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. Օրերս գրել էինք, որ ձեռնամարտ է տեղի ունեցել Տեղ գյուղ ներթափանցած ադրբեջանցիների եւ ՀՀ զինվորների միջեւ։ Տեղի բնակիչներից մեկը պատմեց ձեռնամարտի պատճառը․ ադրբեջանցիները Տեղի արոտավայրերը զավթելուց հետո, երբ սկսել են ամրաշինական աշխատանքներ կատարել եւ պոստեր դնել՝ վրան տնկելով ադրբեջանական դրոշներ, նույնն արել են նաեւ հայ դիրքապահները։ Ադրբեջանցիները մեր զինվորներին ասել են, որ չեն ուզում մոտիկից տեսնել ՀՀ դրոշը, եւ հրամայել են իրենցից մի քանի տասնյակ մետր հեռու խփել՝ ՀՀ տարածքի խորքում, սակայն մերոնք չեն նահանջել, որի հետեւանքով էլ ձեռնամարտ, քաշքշուկ է եղել, ու չնայած մերոնք մի քանի անգամ քիչ են եղել, քան ադրբեջանցիները, բայց ձեռնամարտում հաղթել են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանցիները ապրիլի 4-ին հերթական ահաբեկչական քայլն են իրականացրել արցախցիների նկատմամբ`արգելափակելով ՌԴ խաղաղապահների մեքենան, որով 27 արցախցիներ Գորիսից վերադառնում էին Ստեփանակերտ։ Արցախցի չորս կանանց ինքնազգացողությունը դրանից վատացել էր, նրանցից 3-ը ուշագնաց էին եղել։ Մինչ այս պահը որեւէ երկիր կամ միջազգային կառույց չի արձագանքել ադրբեջանի հերթական հայատյաց քայլին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ միջադեպի մասով դիմել է միջազգային տարբեր կառույցների, փաստեր է ներկայացրել, սակայն դեռեւս արձագանք չկա. «Անընդհատ էլ դիմում ենք միջազգային տարբեր կազմակերպությունների՝ ոչ միայն երեկվա միջադեպի հետ կապված։ Ինչ սկսվել է շրջափակումը, շուրջ տասը զեկույց եմ հրապարակել, որոնք անմիջապես ուղարկվել են միջազգային կազմակերպություն: Ցանկացած տեղեկություն, որը հրապարակվում է նաեւ սոցիալական կայքերում, հրապարակվում է մեր պաշտոնական էջում, հատուկ տեղեկագրի տեսքով ուղարկվում է միջազգային կազմակերպությունների։
Կոնկրետ երեկվա միջադեպի հետ կապված եւս դիմումներ ուղարկել եմ: Այս պահի դրությամբ կոնկրետ միջադեպի մասնակիցներից շարունակում ենք ստանալ փաստեր, տեղեկություններ, որոնք ամփոփվելուց հետո տեղեկանքի տեսքով, արդեն մարդկանց վկայություններով, թե ինչ զգացողություններ են եղել, ինչպես է մեքենան կանգնեցվել, ինչպես են ադրբեջանցիները մուտք գործել, ինչպես է մեքենան կանգնեցվել, հավաքագրվել են եւ նկարներով, տեսանյութերով ուղարկվել են միջազգային կազմակերպությունններին, բայց դեռ արձագանք»,-ասաց նա: Իսկ թե ինչով է պայմանավորում կոնկրետ վերջին միջադեպի հետ կապված քար լռությունը, Գեղամ Ստեփանյանն ասում է. «Զեկույցները մինչեւ տեղ են հասնում, մինչեւ ծանոթանում են նյութերին, ժամանակ է այս ամենը պահանջում»: Ստացվում է՝ միջազգային հանրության անտարբերության եւ քար լռության պայմաններում Արցախի շուրջ 120 հազար բնակիչ գրեթե ամեն օր ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների է ենթարկվում բռնատիրական Ադրբեջանի կողմից: Գրեթե ամեն օր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին աղաղակող երկրները եւ միջազգային կազմակերպությունները շարունակում են լռել Ադրբեջանի անմարդկային արարքների մասին:
«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն 116 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է. ադրբեջանցի պսևդո-էկոակտիվիստները, իսկ իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները աշխարհից կտրել են 120 հազար մարդու։ Այսքանից հետո դեռ մի բան էլ իրենք՝ ագրեսոր-ահաբեկիչներն են լծվել տեղեկատվական գրոհների։ Ադրբեջանական մի շարք լրատվականներ ու գործակալություններ տևական ժամանակ է՝ իրենց առաջնային թիրախներից մեկն են համարում Սարսանգի ջրամբարը և արհեստական թեզեր են շրջանառում՝ պնդելով, թե «հայերը Սարսանգի ջրամբարը կործանում են, մսխում են ամբողջ ջուրը» և այլն։ Այն, որ այս թեզերն անհեթեթություն են, պարզ է յուրաքանչյուր տառաճանաչի, սակայն այս քարոզչական հնարքի ամենազավեշտալին այն է, որ ադրբեջանական պրոպագանդան շեշտում է, թե Արցախը «էկոլոգիական տեռորի է ենթարկում Ադրբեջանին», «էկոցիզմ է իրականացնում՝ արգելելով այդ հատվածի ադրբեջանական հողատարածքների ջրօգտագործումը»։ Փաստացի, տեռորից է խոսում մի երկիր, որը միշտ հենց տեռորիստական է եղել, հանցագործություններ իրականացրել մարդկության նկատմամբ, հիմա էլ՝ ավելի քան երեք ամիս շրջափակել է Արցախը, պարբերաբար կտրում է Արցախի գազամատակարարումը, երկրում ստեղծում նաև էներգետիկ ճգնաժամ։ Մյուս կողմից՝ ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստների» հանցավոր գործողությունների արդյունքում Արցախի էկոլոգիային ահռելի վնասներ են հասցվել։ Այլ կերպ ասած՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում». սեփական հանցագործությունները պարտակելու համար Ադրբեջանը անցնում է հարձակման՝ կեղծ մեղադրանքներ հնչեցնելով ու անհեթեթագույն թեզեր շրջանառելով: