22.11.2024
Հայաստանը չի կարող գոյատևել, եթե մեր երկրի ղեկը մնա թուրքամետների ձեռքին.Վարուժան Գեղամյան
prev Նախորդ նորություն

Իրանը կշարունակի Ադրբեջանին զսպելուն ուղղված գործողությունները. Stratfor

Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները մտել են փակուղի, բռնությունների բռնկումները կա՛մ Լեռնային Ղարաբաղում, կա՛մ երկու երկրի ընդհանուր սահմանին ավելի ու ավելի հավանական են դառնում, թեպետ ադրբեջանական լայնածավալ ռազմական գործողությունը կամ հակամարտությունում Իրանի անմիջական մասնակցությունը մնում է քիչ իրատեսական: Նման եզրակացության են հանգել Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները:

Նրանց կարծիքով՝ Ադրբեջանի գործողությունները և Հայաստանի նախազգուշացումները լարվածության աճի նշաններ են, ինչը վկայում է, որ բանակցային գործընթացը վտանգի տակ է։

«Ադրբեջանը, հավանաբար, կդիմի հրադադարի փոքրածավալ խախտումների՝ Լեռնային Ղարաբաղի կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տակտիկապես շահավետ տարածքներ զավթելու և նմանատիպ գործողությունների համար։ Չնայած վերջին ագրեսիվ գործողություններին՝ Ադրբեջանը դժվար թե սկսի լայնածավալ ռազմական գործողություն, քանի որ ավելի քիչ ծախսատար մեթոդները կարող են Բաքվին իր նպատակների հասնելու հնարավորություն տալ: Ամեն անգամ գրավելով որոշ դիրքեր՝ ադրբեջանական ուժերը բարելավում են իրենց մարտավարական դիրքերը, նույնիսկ եթե այդ տարածքային նվաճումները դե ֆակտո շփման գիծը տեղափոխում են ընդամենը մի քանի մետրով»,- նշված է հրապարակման մեջ:

Նշվում է, որ վերջին մահաբեր էսկալացիայի ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերին, հայկական կողմը դիմեց ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և իր ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումն ապահովելու համար: Ըստ հեղինակների՝ Ռուսաստանի գլխավորած դաշինքը չկարողացավ պատշաճ կերպով արձագանքել, ինչն ավելացրեց Ադրբեջանի կառավարության բանակցային լծակները՝ առանց Հայաստանի հետ մեկ այլ լայնածավալ պատերազմի, ինչպես նաև միջազգային դատապարտման (և հավանական պատժամիջոցների) ռիսկի։

Վերջերս ԵՄ դիտորդների տեղակայումը սահմանի հայկական կողմում կարող է Ադրբեջանին հետ պահել լայնածավալ հարձակումից: Նշվում է, որ հայկական կողմը, անհրաժեշտության դեպքում, կարող է երկարաձգել նրանց մանդատը:

«Վերջին շաբաթներին Հայաստանն առաջընթաց է գրանցել հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, որը Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցն է: Հայաստանի և Թուրքիայի համար իրենց երկկողմ կապերի վերականգնմանն ուղղված նման ջանքերը լծակ են, որը նրանք կարող են օգտագործվել Ադրբեջանին խաղաղ բանակցություններում ավելորդ պահանջներ ներկայացնելուց հետ պահելու համար, քանի որ Բաքուն կնախընտրեր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկացած քայլ պայմանավորված լիներ Հայաստանի հետ իր հակամարտությունը դադարեցնող համաձայնագրի կնքմամբ»,- նշում են վերլուծական կենտրոնի փորձագետները:

Նրանց գնահատմամբ՝ Իրանը կշարունակի Ադրբեջանին զսպելուն ուղղված գործողությունները՝ պահպանելով առանց այն էլ բարձր լարվածությունը երկու երկրի միջև։ «Իրանին անհանգստացնում են Ադրբեջանի կողմից 2020 թ. հրադադարի մասին համաձայնագրի բազմակի խախտումները, ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հեղինակության խարխլումը, ինչպես նաև Ադրբեջանի ոտնձգություններից Հայաստանը պաշտպանելու Ռուսաստանի հանձնառության նկատմամբ վստահության կորուստը»,- նշված է հոդվածում: