26.11.2024
Օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրողների համար կսահմանվեն վարչական տուգանքներ
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը Մեքսիկայի սենատորների հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին:


Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Մեքսիկայի Սենատի կողմից այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի ընդունումը և սենատորների անգնահատելի ավանդն այդ գործում:


«Ուրախ եմ այս հանդիպման համար, որն առիթ է ստեղծում ձեզ երախտագիտության խոսքեր հղել Մեքսիկայի Սենատում ձեր քաղաքական դիրքորոշման համար՝ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին աջակցելու համատեքստում: Մեզ համար շատ մեծ նշանակություն ունի այն, որ դուք այդ քայլն արել եք, քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենացավոտ էջերից է:


Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև այսօրվա մեր իրավիճակի հետ կապված ձեր դիրքորոշման և աջակցության համար, խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիային»:


Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Հայոց ցեղասպանությունն, առաջին հերթին, մարդու իրավունքների խախտման մասին է: Սենատորները շատ լավ գիտակցում են՝ այն թեմաները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների խախտմանը, պետք է մշտապես տեսանելի լինեն, որպեսզի նման ոճրագործություններն այլևս երբեք չկրկնվեն»:


Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը մեքսիկացի խորհրդարանականներին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, ղարաբաղյան հակամարտության ծագման և բովանդակության վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը հայտնվել է հումանիտար ճգնաժամի վտանգի առջև:


Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել մշակույթի, զբոսաշրջության և առևտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացման և առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորություններին: