26.11.2024
Արշակյանը հույս ունի, որ Մեքսիկան ավելի հասցեական կգնահատի Ադրբեջանի գործողությունները
prev Նախորդ նորություն

Օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրողների համար կսահմանվեն վարչական տուգանքներ

Ներկայումս Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտում գործունեություն են ծավալում շուրջ 53 սերտիֆիկացված արտադրողներ, սակայն օրգանական գյուղատնտեսության զարգացման եւ արտադրանքի ծավալների ավելացման պոտենցիալը բավական մեծ է: Ներկայացված օրենսդրական նախագծերի նպատակն է առավել նպաստավոր պայմաններ ստեղծել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնման եւ արտադրանքի ծավալների աճի համար:


Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:


Առաջարկվող օրենսդրական փոփոխության արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լիազորվում է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ իրականացնել վերահսկողություն, ինչն այսօր չի արվում:


Սահմանվում են վարչական տուգանքներ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պայմանների խախտումների դեպքերում:


Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: