23.11.2024
ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջադրելու իրավասությունը պետք է վերապահել ընդդիմությանը
prev Նախորդ նորություն

Իշխանությունների հանցավոր անգործություն. բարենպաստ բարձունքներն Ադրբեջանինն են. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սյունիքում նախօրեին ադրբեջանական զինուժը մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ դիրքավորվելով Տեղ համայնքի ստորին հատվածում՝ զբաղեցնելով բարենպաստ դիրքեր։ Բանն այն է, որ ՀՀ եւ Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվածություն են ունեցել, որ ՀՀ-ն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը պետք է գործարկվի այս ապրիլի 1-ից, եւ Արցախից Հայաստան մտնող ճանապարհը պետք է անցնի միայն Կոռնիձորով, թեպետ նախկինում Տեղ գյուղով էր անցնում, իսկ սա նշանակում է, որ միջանցքն ու դրա տրամաբանության մեջ մտնող 5 կմ-անոց բուֆերային գոտին եւս Տեղ գյուղից պետք է տեղափոխվի դեպի Կոռնիձոր: Ադրբեջանը փաստացի 2 օր առաջ սկսել է տեղակայման, դիրքավորման աշխատանքներ իրականացնել Տեղ գյուղի այն 5 կմ-անոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ: ՀՀ իշխանությունը, տեղյակ լինելով ՀՀ-ն Արցախին կապող երթուղու փոփոխության ժամկետից, առնվազն պարտավոր էր ժամանակին բանակը կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը տեղակայել այդ հատվածում, որպեսզի Ադրբեջանի զինուժը չգար եւ չդիրքավորվեր բարենպաստ բարձունքներում։ Փոխարենը իշխանությունների հանցավոր անգործության հետեւանքով բարենպաստ բարձունքներն Ադրբեջանը նվաճել է, եւ ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային տարածություն կձեւավորվի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գնացել Է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ մարտի 21-ին, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Երեւանի քաղաքապետարան ու ձերբակալեց քաղաապետարանի պաշտոնյաներին, նրանց հետ կոմիտե է շտապել նաեւ մի քանի օր առաջ պաշտոնից ազատված Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նրան նախաքննական մարմինը չի կանչել, այլ Սարգսյանն ինքն է գնացել ձերբակալվածների կողքին լինելու նպատակով եւ զարմացել, թե այս ինչ է կատարվում, ինչու են իր նախկին գործընկերներին զանգվածաբար բերման ենթարկել: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից, որն ի պատասխան ասաց. «Ես բոլոր իմ գործընկերների համար էլ անհանգստանում եմ»: Ըստ էության, նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: Հիշեցնենք, որ մարտի 21-ին կոմիտեն հայտնեց, որ քննվող չարաշահումների գործով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ է դիմում գրել եւ ազատվել աշխատանքից, եւ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալլաքյանին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում, ոմանք տենչում են Հայաստանում կալանավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ այդ մասին բարձրաձայն խոսում են, ոմանք էլ շտապում են Ռուսաստան՝ մասնակցելու «Հայաստանի օրերը՝ Ռուսաստանի մարզերում» միջազգային նախագծի միջոցառումներին։ Ինչպես հայտնի է, 2023 թվականի փետրվարին հիշյալ միջոցառումը մեկնարկել է Յարոսլավլի մարզում, իսկ ապրիլի 1-4-ը Հայաստանի օրերը կանցկացվեն Սոչի առողջարանային քաղաքում՝ քաղաքի վարչակազմի պաշտոնական աջակցությամբ: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Սոչի կգործուղվեն ՔՊ-ական պատգամավորներ, Նիկոլ Փաշինյանի ընկեր Վահե Ղալումյանը, Մաթեւոս Ասատրյանը եւ ռուս փոքրամասնության ներկայացուցիչ Ալեքսանդր Սանդիկովը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի առողջական վիճակը Գերմանիայում վատացել է: Ինչպես օրեր առաջ հայտնել էինք, Ալեն Սիմոնյանը բակում մարզվելիս սայթաքել, վայր էր ընկել ու վնասել արմունկը, որից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնում նրան վիրահատել էին: Ձեռքը կոտրած եւ վիրահատած Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին գործուղվել էր Գերմանիա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գերմանիա գործուղման ընթացքում բարդություններ են առաջացել վնասված թեւի հետ կապված, ինչի պատճառով էլ ԱԺ նախագահը 1 օր շուտ է վերադարձել Երեւան, որպեսզի ապրիլի մեկին կրկին վիրահատվի: Հավելենք, որ պաշտոնական լուսանկարներում երեւում է՝ Սիմոնյանը վիրակապերով էր մասնակցում գերմանացի գործընկերների հետ հանդիպումներին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովում ներկայացվել են նոր նախագծեր, եւ հաջորդ նստաշրջանին, հնարավոր է, քննարկվեն դրանք. այդ նստաշրջանում նաեւ ընտրություններ են սպասվում: Խորհրդարանում դատավորներ կընտրվեն։ Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը եւ Կարեն Թումանյանը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են Վահագն Թորոսյանը, Լիլիթ Խաչատրյանը եւ Անի Մխիթարյանը։ Իսկ ովքե՞ր են նրանք. Անի Մխիթարյանը ԲԴԽ անդամ է, ում ժամկետը լրանում է հաջորդ ամիս։ Նա իշխանությունների սրտի թեկնածուն է։ Դատավոր Լիզա Գրիգորյանը ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ընկերուհին է. չի բացառվում, որ նա եւս լինի ՔՊ սրտի թեկնածուն։ Արմեն Դանիելյանը իշխանության սրտի կալանք տվող դատավորներից է, նրանց սրտի մյուս թեկնածուն։ Եվ չնայած խորհրդարանում ընտրություն կլինի, սակայն ՔՊ-ում նախապես են որոշում, թե որ պաշտոնում ում կընտրեն։ Նրանց սրտի թեկնածուներին արդեն դուք իմացաք:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը երկուշաբթի երեկոյան հրապարակել էր «հետազոտական Numbeo պորտալի կողմից հրապարակած» տվյալները՝ աշխարհի «ամենաանվտանգ» քաղաքների մասին, որտեղ Երեւանը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։  «Անվտանգության վարկանշային աղյուսակում ներառվել է ընդհանուր առմամբ 242 քաղաք։ Հայաստանն այս հորիզոնականով առաջատար է տարածաշրջանում»,- գրել էր Չախոյանը։ Ըստ Numbeo-ի՝ իսկապես, Երեւանը 14-րդ «անվտանգ» քաղաքն է, ցանկը գլխավորում է Արեւելյան Չինաստանում գտնվող Ցինդաո քաղաքը, երկրորդ հորիզոնականում ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբին է, իսկ երրորդը՝ Կատարի մայրաքաղաք Դոհան։ Խնդիրը, սակայն, ոչ թե Numbeo-ի հրապարակած ցանկն է, այլ դրա մեթոդաբանությունը. Fip.am-ը պարզել է, որ Numbeo-ն չունի վստահելի հարթակի համբավ, եւ դրա հրապարակած վարկանիշերը հիմնված չեն վիճակագրական տվյալների վրա: Դրանք կազմված են օգտատերերի աջակցությամբ եւ նրանց անանուն առաջարկությունների հիման վրա։ Կայքում հրապարակված տվյալները կրկնակի ստուգում չեն անցնում, եւ չկա հրապարակված մեթոդաբանություն, թե ինչի հիման վրա են արվում հաշվարկները։ Numbeo-ի տվյալները հաճախ հայտնվել են նաեւ քննադատության կենտրոնում, իսկ հարթակը երբեք չի համարվել վստահելի վիճակագրական տվյալների կամ հետեւություններ անելու համար։ Նշենք, որ Չախոյանը միակը չէ, որ հղում է արել Numbeo-ի ոչ ճշգրիտ տվյալներին։ Այսպիսով, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հրապարակած տվյալները վերցված են մի աղբյուրից, որը չունի արժանահավատ վիճակագրական տվյալների հավաքագրման մեթոդաբանություն, հիմնված է օգտատերերի անանուն կարծիքների վրա, որոնք հեշտությամբ հնարավոր է մանիպուլացնել:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը նախօրեին ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցում ասում էր, թե իբր «վարչապետն առաջին ալիքից ոչ մեկին հեռացնելու լիազորություն չունի…»։ Գուցե ֆորմալ առումով այդպես է, սակայն Հանրայինում այսօր էլ շարունակվում են ընդդիմադիր Փաշինյանի կողմից ժամանակին այդքան քննադատված ավանդույթները, երբ մարդկանց աշխատանքից ազատում են «սխալ հյուրեր» հրավիրելու համար, եւ հարկատուներիս գրպանից հովանավորվող ալիքում գոյություն ունի սեւ ցուցակ՝ «պերսոնա նոն գրատա» անձինք՝ ի դեմս ընդդիմադիրների։ Դիցուք, տարեվերջին ՔՊ-ական նախկին պատգամավոր Արսեն Ջուֆալակյանին «Չքաղաքականացնել» հաղորդմանը հրավիրելու համար նախագծի հեղինակ եւ վարող Անուշ Մուրադյանին զրկել են իր ստեղծած հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից։ Մեզ ասացին, որ վերեւներից են զանգել եւ հորդորել, որ Մուրադյանը չպետք է շարունակի վարել հաղորդումը։ Ուշագրավ է, որ Ջուլֆալակյանը երեկ անդրադարձել էր Ղազարյանի վերոնշյալ հայտարարությանը եւ անուղղակիորեն հաստատել մեր տեղեկությունը։ Նա Պետրոս Ղազարյանին հիշեցրել էր մի շարք պատմություններ, այդ թվում․ «Կարող էի հիշել ավելի թարմ՝ 2022-ի դեկտեմբերին իմ մասնակցությամբ Հանրայինով եթեր գնացած հաղորդման պատմությունը… Պնդում եմ, որ բոլոր դեպքերում եղել են զանգեր ՔՊ իշխանական վերնախավից», գրել էր Ջուլֆալակյանը։ Նշենք, որ հենց դեկտեմբերին են Մուրադյանին հեռացրել հիշյալ նախագծից, որն այժմ վարում է ոմն Մհեր Խաչատրյան։