VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին հաջորդեց նրանց մամուլի ասուլիսը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել, այլ կազմակերպվել է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը Մոսկվա է մեկնել, որպեսզի որոշակիորեն մեղմի հայ-ռուսական հարաբերություններում կուտակված ու գնալով մեծացող լարվածությունը, որ ստեղծվել է ՀՀ իշխանությունների դրևսորած «հետևողական» վարքագծով (ՀԱՊԿ զորավարժություններից, ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտոնից, դեկտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպումից հրաժարում, ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայում, Ռուսաստանի հասցեին կոշտ մեղադրանքներ և այլն)։ Պաշտոնական հաղորդագրությամբ, անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Լաչինի միջանցքի խնդրին և մի շարք այլ կարևոր հարցերի: Ի մասնավորի, Արարատ Միրզոյանը շեշտել է, որ «պրակտիկայում չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի»։ Նա նաև նշել է, թե այս տեսանկյունից Հայաստանն «ակնկալում է, որ դաշնակիցները ակտիվ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանը կատարի ստանձնած պարտավորությունները և վերջ տա ուժի կիրառմանը»։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Միրզոյանը ներկայացրել է նաև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի»՝ Ադրբեջանի կողմից ներկայացված փաթեթը, ինչպես նաև Հայաստանի առաջարկները՝ ցանկանալով տեղում ռուսների տրամադրությունները հասկանալ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրված ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ՔՊ-ականները որեւէ քաղաքական հարց չեն տվել, թե, օրինակ, ինչու նա պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փոխարենը ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը, իսկ արդեն հարցուպատասխանի ռեժիմի ժամանակ տվել են որոշ հարցեր՝ պատերազմի հետ կապված, թե ում մեղքն էր, որ պարտվեցինք այս կամ այն տարածքում եւ այլն: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանին հարց է տրվել Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին. «Մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետեւ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»: Այսինքն՝ խոսքը դրսի դրդամբ ներքին խարդավանքների մասին է: ՔՊ-ականները ցանկալի պատասխան չեն լսել: Հավելենք, որ հաջորդը ԱԺ հանձնաժողով կգա ԳՇ նախկին պետ, մեղադրյալի աթոռին հայտնված Արտակ Դավթյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի որդու պաշտպանները դատարանի դահլիճում եւ նախաքննական մարմնում, ԱԱԾ-ում բանավոր կերպով հայտարարել են, որ կասկածներ ունեն, որ իրավապահները Գրիգորի Խաչատուրովի հետեւից են ընկել նրա՝ 2021 թվականի հայտարարության պատճառով, որի ժամանակ ՊՆ գեներալը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ասել է թե՝ նախաքննական մարմնում եւ դատարանի դռնփակ նիստում այդ հարցը բարձրացվել է: Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը մարտի 16-ին կալանավորվեց եւ այժմ գտնվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում: Ըստ Գլխավոր դատախազության՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։ Գրիգորի Խաչատուրովը չի ընդունում մեղադրանքը: Արդյունքում՝ փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժեց նրան կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, որից հետո Գլխավոր դատախազությունը հակակառուպցիոն դատարանի որոշման դեմ բողոք է տարել ՀՀ վերաքննիչ դատարան, ինչը դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է: Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են, որ դա կարված ուղղորդված քրեական գործ է, որի վաղեմության ժամկետը 10 ամսից լրանում է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կոռուպցիոն վերջին սկանդալային բացահայտումներից հետո ՔՊ-ականները երես են թեքել իրենց թիմակցից՝ Արսեն Թորոսյանից, ում պաշտոնավարման օրոք էլ կորոնավիրուսի դեմ պայքարի քողի ներքո գումարներ են մսխվել պետբյուջեից: Բանն այն է, որ իր նախկին տեղակալի՝ Գեւորգ Սիմոնյանի եւ նույն գործով մյուս աղմկոտ ձերբակալություններից հետո Արսեն Թորոսյանը տարբեր պատրվակներով հանդիպումներ է փնտրել թիմակիցների հետ, զրուցել է նրանց հետ, որպեսզի նախ թիմակիցների տրամադրությունները ստուգի, հասկանա՝ ինչպես են տրամադրված իր նկատմամբ, բացի դա, փորձել է նրանց սիրտը շահել, տարբեր արդարացումներ բերել, որպեսզի մեղադրանքների սլաքներն իր ուղղությամբ չգան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, թիմակիցներին սիրաշահելու Թորոսյանի այս փորձերն ապարդյուն են անցել, ավելին՝ տեղեկացանք, որ ՔՊ-ականները շատ բացասական են տրամադրված Թորոսյանի նկատմամբ, միեւնույն ժամանակ զգուշավոր են նրա հետ, քանի որ չեն կարողանում հասկանալ՝ ի վերջո, Փաշինյանը մինչեւ ուր է պատրաստ գնալ, արդյոք թույլ կտա, որ բանը հասնի այն կետին, որ Թորոսյանին պատգամավորական մանդատից, անձեռնմխելիությոնից զրկեն եւ կալանավորեն:
Տեղեկացանք, որ աղմկոտ ձերբակալություններին հաջորդող մի քանի օրերին Թորոսյանը շատ անտրամադիր է եղել, վախվորած, բայց, ըստ մեր աղբյուրների, վերջին մի քանի օրերին Թորոսյանի տրամադրությունն ակնհայտ բարձր է: Թիմակիցները չեն կարողանում հասկանալ՝ որն է Թորոսյանի այդչափ բարձր տրամադրության պատճառը: ՔՊ-ում կարծում են, որ Թորոսյանին, ի վերջո, հաջողվել է ինչ-որ շրջանակների համոզել, որ ինքը որեւէ մասնակցություն չի ունեցել այդ չարաշահումների մեջ, վստահեցրել, որ կարող են իրեն էլ հարցաքննել եւ տեսնել, որ ինքը «մաքուր է»։ ՔՊ-ում ոչինչ չեն բացառում, քանի որ Փաշինյանն իր թիմակիցների հետ բաց չի խոսում, մտերիմներ թիմում չունի, ուստի նրանից հասկանալի չէ՝ ինչ որոշում ունի նա՝ Թորոսյանի հետ կապված: ՔՊ-ականներն էլ, կարելի է ասել, լուռ հետեւողների դերում են, չեզոք հարաբերություններ են պահպանում Թորոսյանի հետ, մինչեւ տեսնեն՝ Նիկոլ Փաշինյանն ինչ որոշում կկայացնի։ Մի բան հստակ է. ՔՊ-ականների մեծ մասի սրտով է Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ թե՛ նախարար, թե՛ վարչապետի աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ Թորոսյանը չոր ու կոպիտ է եղել իր թիմակիցներից շատերի հետ, անգամ չի էլ ցանկացել հանդիպել նրանց՝ արգելափակելով նրանց հանդիպումները Փաշինյանի հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականին այլ հրաժարականներ են հաջորդել: Հեռանում են նաեւ յուրայինները։ Նրա հրաժարականի օրը՝ ուրբաթ օրը, դիմում են գրել նաեւ մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը: Լուրեր էին շրջանառվում, որ աշխատակազմի քարտուղար կնշանակվի ավագանու ՔՊ-ական անդամ Արմեն Գալջյանը, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, թույլ չեն տա, որ քաղաքապետի ԺՊ Լեւոն Հովհաննիսյան-Արմեն Գալջյան զույգը տնօրինի քաղաքապետարանի լծակները։ Դիմում է գրել նաեւ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Սեւակ Ասատրյանը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին սոցցանցային տիրույթում ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող՝ «Հաղթանակի» զբոսայգու դիմաց գտնվող առանձնատան ինտերիերը: Հիշեցնենք, որ առանձնատունը 2022 թվականին գնել էր գործարար Նարեկ Նալբանդյանի կինը՝ Լիլիթ Պետրոսյանը: «Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել այն մասին, թե ինչպես են տան ներսից լուսանկարները հայտնվել հրապարակային դաշտում: Մեր ունեցած տեղեկություններով, Լիլիթ Պետրոսյանը ցանկացել է առանձնատան գրավով վարկ ձևակերպել հայաստանյան բանկերից մեկում: Համապատասխան աշխատակիցները, ինչպես և կարգն է, գույքը գնահատելու համար այցելել են առանձնատուն ու լուսանկարել այն, ինչպես ասում են, «ներսից ու դրսից»: Դրանից հետո լուսանկարները հայտնվել են համացանցում: Արդյո՞ք նախկին կամ ներկա սեփականատերերը կդիմեն համապատասխան իրավական գործողությունների՝ առանձնատան ինտերիերի լուսանկարների հրապարակայնացման հետ կապված, ճշտել չհաջողվեց:
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ ԱԺ խորհրդի նիստում որոշումներ են կայացվել՝ «Հայաստան» խմբակցությունը լքած Արամ Վարդեւանյանի, Արթուր Ղազինյանի, Վահե Հակոբյանի փոխարեն այլ պատգամավորներ են ընդգրկվել միջազգային պատվիրակություններում: Եվրանեսթում Ղազինյանին կփոխարինի Էլինար Վարդանյանը, ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ վեհաժողովներում Վահե Հակոբյանին՝ Աշոտ Սիմոնյանը, ՀԱՊԿ վեհաժողովում Մխիթար Զաքարյանին՝ Աղվան Վարդանյանը, ԱՊՀ միջխորհրդարանականում Ելենա Կիրակոսյանին՝ Գեղամ Նազարյանը, ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեում Արամ Վարդեւանյանին՝ Ասպրամ Կրպեյանը, Հռիփսիմե Ստամբուլյանին` Թադեւոս Ավետիսյանը, Միջխորհրդարանական միությունում Արամ Վարդեւանյանին` Աննա Գրիգորյանը եւ այլն։ Այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում 23 հարց է։ Երեկ երեկոյան ՔՊ-ն խմբակցության նիստ է հրավիրել, որը նախատեսվածից ուշ են սկսել, քանի որ պատգամավորների կեսից պակաս մարդ է ներկայացել, սակայն Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու նախագծի հարցը չեն քննարկել, թեեւ նախագիծն ԱԺ-ում քննարկվելու է չորեքշաբթի օրը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում Հայ-Ռուսական համալսարանի շուրջ: Գործող ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի լիազորությունները մայիսի 14-ին ավարտվում են, իսկ ռուսական կողմը հակված չէ ռեկտորի ընտրություններ անցկացնել, քանի որ համոզված է, որ Դարբինյանը կվերընտրվի: Վերջինս էլ տեղեկացրել է հիմնադիրներին (ՀՀ եւ ՌԴ կառավարություններին), որ չի պատրաստվում առաջադրվել՝ համալսարանի եւ իր նկատմամբ շարունակվող ճնշումների պայմաններում, եթե լիարժեք սատարում չունենա նրանց կողմից: Վերջին տարիներին ռուսական կողմը բազմիցս փորձել է փոխել համալսարանին վերաբերող իրավակարգավորումները՝ նպատակ ունենալով պաշտոնանկ անել Արմեն Դարբինյանին: Հայկական կողմն այդ ընթացքում իներտություն է դրսեւորել՝ առանձնապես ո՛չ խանգարելով, ո՛չ էլ օժանդակելով այդ գործընթացին: Այժմ եկել է նոր ընտրություններ անցկացնելու պահը: Դարբինյանը շարունակում է վայելել համալսարանականների վստահությունը, եւ նրանք պատրաստվում են նրան առաջադրել որպես հաջորդ հնգամյա ժամանակահատվածի համար ռեկտորի միասնական թեկնածու: Դարբինյանն էլ ուլտիմատում է ներկայացրել հիմնադիրներին՝ կառաջադրվեմ միայն մի պայմանով՝ երբ նախօրոք ստանամ երկու կառավարությունների ամբողջական համաձայնությունն ու սատարումը, հակառակ դեպքում մայիսի 14-ին, 23։59 րոպեին կդադարեցնեմ պաշտոնավարումս: Համալսարանի գիտխորհուրդն այս կապակցությամբ նախօրեին բավական կոշտ որոշում է կայացրել՝ պահանջելով հայկական կողմից՝ անհապաղ կարճել հարուցված քրեական գործը եւ դադարեցնել համալսարանի հիմնադիր փաստաթղթերը «արկածախնդիր փոփոխությունների ենթարկելու փորձերը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. 2022 թ. նոյեմբերի 1-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում ձախողվելուց, այդուամենայնիվ, զոռբայությամբ սեփական թեկնածուին «անցկացնելու» անհաջող փորձերից հետո, երբ «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամներն ու թեկնածուները հրաժարվեցին մանդատներից ու նշանակվեցին ավագանու նոր ընտրություններ, դրանք ՔՊ-ի համար բառիս բուն իմաստով դարձել են «պատերազմի դաշտ»: «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանության համար մարտի 26-ին կայանալիք ընտրությունները պարզապես կենաց-մահու կռիվ են, և այդ ճանապարհին քպականները ոչ մի միջոցի առջև կանգ չեն առնում: Նրանք «մարտի» են նետել հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները, այդ թվում ու առաջին հերթին՝ վարչական ու ֆինանսական, այսինքն՝ փաստացի կիրառում են ամբողջ իշխանական լծակներն ու «գործիքակազմը», որ կիրառել են բոլոր ընտրությունների ժամանակ՝ ամեն գնով հաջողության հասնելու համար: Մեր տեղեկություններով, օրերս էլ Սյունիքի մարզպետարան են հրավիրվել Սիսիան խոշորացված համայնքի բոլոր դպրոցների տնօրենները: Ասում են՝ հանդիպումն ու ծավալված զրույցը, մեղմ ասած, հաճելիներից չի եղել: Ըստ մեր աղբյուրների, նույնիսկ սպառնալիքներ են հնչել, թե ինչ կարող է լինել համապատասխան քանակի ձայն չբերելու դեպքում: Սրան զուգահեռ Սիսիանում ակտիվ ստուգումներ են իրականացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարների մոտ, շատ դեպքերում, ինչպես այստեղ են ասում, «ընկերական» ակտեր են գրում: Մյուս կողմից՝ անիմաստ քաշքշուկների մեջ են գցում իրենց կարծիքն ու տեսակետը չկիսող քաղաքացիներին: Մի խոսքով, ինչպես Սիսիանում կես կատակ-կես լուրջ ասում են, վարչական ռեսուրսների կիրառման, ճնշումների, «բարեգործությունների» առումով «սրանք թե՛ սեփական, թե՛ «նախկինների» բոլոր արատավոր երևույթների ռեկորդները խփեցին»: