VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՍԴՀԿ ատենապետ
Նարեկ Գալստյանը հավակնոտ պլաններ ունի։ Նա պատրաստվում է մասնակցել 2017-ի ԱԺ ընտրություններին։ Նրան Սփյուռքից ֆինանսապես աջակցելու խոստումներ են տվել, որպեսզի ամեն գնով անցնի խորհրդարան։ Նա մոտ օրերս կմեկնի Եվրոպա, եւ վերադառնալուն պես կհայտարարվի կուսակցական դրամահավաքի մասին: ՍԴՀԿ-ն կմիավորվի ՌԱԿ-ի հետ, եւ մրցունակ թիմ կստեղծեն։ Հոկտեմբերի 19-ին 2 կուսակցությունների համատեղ ժողով է կայացել, քննարկվել են ներքին քաղաքական եւ առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված հարցեր: Ստեղծվել է միջկուսակցական հանձնախումբ՝ առաջիկայում միասնական միջոցառումներ իրականացնելու եւ քաղաքական երկխոսությունը շարունակելու համար: Մտադիր են լուրջ մրցակից դառնալ երրորդ ավանդական կուսակցությանը՝ ՀՅԴ-ին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով`
Հովիկ Աբրահամյանն այս օրերին առողջությունն է վերականգնում «Նաիրի» ԲԿ-ում: Նախավերջին ԳՄ նիստից առաջ նա հանդիպել է
Սերժ Սարգսյանի հետ, սակայն վերջինս որոշակի ոչինչ չի ասել ընտրություններին իր «մասնակցության» մասով, ասել է` գնա «բզբզա», մինչեւ տեսնենք ինչ ենք անում: «Նախագահից երբեք չի երեւում, ու չես հասկանա` լա՞վ բան ենք անում, թե՞ վատ, Արգամիչին այլ բան չի մնում, քան սպասել, թե ինչ որոշում կկայացնեն՝ վերադառնո՞ւմ է մեծ քաղաքականություն, թե՞ ընդամենը «բզբզում» է»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը: «Այնուհանդերձ, Արգամիչն օրվա երկրորդ կեսին գալիս է ՀՀԿ գրասենյակ, հանդիպում հիմնականում մարզպետների եւ միջին պաշտոնյաների հետ, մի երկու ժամ նստում՝ գնում»»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նորանշանակ պաշտպանության նախարար
Վիգեն Սարգսյանը անցյալ շաբաթ Ազգային ժողովում հայտարարեց պաշտպանության համակարգի հիմքում դրվող նոր կոնցեպցիայի մասին. «Բանակաշինությունից անցնում ենք ազգ-բանակի կառուցման»։ «Ազգ-բանակը» նոր գաղափար չէ, դրա մասին դեռեւս երկու տարի առաջ խոսել են Հիմնադիր խորհրդարանն ու
Ժիրայր Սեֆիլյանը։ 2014 թ. Հիմնադիր խորհրդարանը «Ազգ-բանակ հասարակական կոմիտե» ստեղծելու մասին մամուլի հաղորդագրություն տարածեց, որտեղ նաեւ բացատրել էր, թե ինչ է դրված ազգ-բանակ գաղափարի հիմքում։ «Ձեւավորել համազգային պաշտպանական ներուժը մոբիլիզացնելու եւ նրա արդյունավետ կիրառումն ապահովելու ունակ պաշտպանական համակարգ, իսկ պետության մյուս հաստատությունների գործունեությունը կառուցել դրա առանցքի շուրջ»։ Արդեն մանրամասն մշակված գաղափարը անցյալ շաբաթ ԱԺ ամբիոնից ներկայացրեց Վիգեն Սարգսյանը։ Ճիշտ է,
Վարուժան Ավետիսյանը բանտից նոր նախարարին մեղադրեց իրենց գաղափարը խեղաթյուրելու մեջ, սակայն այս պահին դա չէ կարեւորը։ Կարեւորն այն է, որ Հիմնադիր խորհրդարանի գաղափարը վերագրվել է Սերժ Սարգսյանին եւ իրագործվում է նրա թիմի կողմից»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «
Ռոբերտ Քոչարյանի թիմում էյֆորիկ տրամադրություն է տիրում։ Պատճառը ոչ այնքան այն է, որ նրա մերձավոր շրջապատը վերադառնում է իշխանության՝ զբաղեցնելով կարեւոր պաշտոններ, որքան այն, որ գործող իշխանությունից «աբիժնիկների» մեծ բանակ է ձեւավորվում։ «Աբիժնիկները», իհարկե, ձգտում են դեռ ոչինչ ցույց չտալ, անգամ հայտարարում են, թե «ով նեղանա, թող զույգ աչքով կուրանա», մասնակցում են իշխանական միջոցառումներին, բայց տակից սերտորեն շփվում են երկրորդ նախագահի եւ նրա թիմի հետ։ Շփումների պատասխանատուն հատկապես Քոչարյանի խոսնակ
Վիկտոր Սողոմոնյանն է։ «Աբիժնիկները» հավատարմության երդումներ են տալիս երկրորդ նախագահին, բամբասում երրորդից, համեմատություններ անում ի վնաս վերջինի եւ խոստանում ապահովել նախկինի շռնդալից վերադարձը։ Քոչարյանի թիմում զվարճանում են այս ամենի եւ հատկապես գործող իշխանության ապաշնորհության վրա, որն ամեն ինչ անում է, որ նախկին նախագահի խաղաղ վերադարձն ապահովի։ Ընդ որում՝ ասում են, որ իրենց անելիքը չեն տեսնում՝ իրենց մնում է միայն սպասել։ Եվս մի քանի հզոր «աբիժնիկ», որն այս պարագայում կապահովի նոր կառավարությունը, եւ պալատական հեղաշրջման համար բոլոր պայմաններն ստեղծված կլինեն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ
Վիկտոր Դալլաքյանի և պաշտպանության նախկին նախարարի գլխավորությամբ ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը ստեղծվել է դեռ 2003թ. հոկտեմբերին։ Այն ժամանակ համապետական երկու՝ նախագահական և ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունը գրանցել է
Խաչատուր Քոքոբելյանը։ Այժմ «Ազատ դեմոկրատներ» ի նախագահը 13 տարի առաջ ստեղծած իրեն պատկանող և ոչ մեկին պետք չեկած կուսակցությունը վաճառել է Վիկտոր Դալլաքյանին, այսպիսով՝ վերջինիս ազատելով գրանցման հետ կապված գլխացավանքից»:
«Ժողովուրդ» օրաթրեթը գրում է. «Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի բացահայտվել է 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու հետեւանքով ոստիկանության 3 ծառայողների՝
Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք: Սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ, թե ովքեր են եղել սպանողները: Բայց վերհիշելով մինչ այս եղած հրապարակումները՝ դժվար չէ կռահել, թե ինչ է թաքցնում ՀՔԾ: Հիշեցնենք, որ գնդապետ Արթուր Վանոյանը մահացել էր, երբ հուլիսի 17-ի լուսադեմին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զինված մուտք էին գործել ՊՊԾ գունդ, տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում մահացավ Արթուր Վանոյանը, վիրավորվեց ոստիկանության ավագ ենթասպա
Գագիկ Մկրտչյան, որը դեպքից շուրջ մեկ ամիս անց մահացավ: Իսկ, ահա, ոստիկանության զորքերի ծառայող
Յուրի Տեփանոսյանը, ըստ նախնական տվյալների, սպանվեց ոստիկանության գնդի տարածքից արձակված կրակոցի հետեւանքով: Այս իրողությունները համադրելով՝ կարելի է եզրակացնել, որ ոստիկանների մահվան ողջ պատասխանատվությունը բարդվել է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների գլխներին: Թե կոնկրետ ում, հուսանք ՀՔԾ-ն երկար գաղտնի չի պահի: Ինչեւէ, բացի սպանության բացահայտումից` ՀՔԾ պաշտոնական հաղորդագրությունում անդրադարձել էր այս գործով հետախուզվողներին…. Նրանց թվում էր եղել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը: Իհարկե, Ժիրայր Սէֆիլյանին 2016 թվականի հունիսին կալանավորեցին մի խումբ երիտասարդների հետ ապօրինի զենք փոխադրելու գործով: Նշենք, որ այս առիթով էլ 9 անձի էր մեղադրանք առաջադրվել, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը: Նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինս Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանն է..»: