24.11.2024
Մշակվել են ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման հիմնական ուղղությունները
prev Նախորդ նորություն

ՀՀ բնակչության գրեթե կեսը դրական է վերաբերվում ԵԱՏՄ անդամակցությանը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների բնակիչների մեծամասնությունը կողմ է եվրասիական ինտեգրմանը, թեև տնտեսական ճգնաժամի պատճառով հավանությունը ինտեգրման գործընթացների նկատմամբ նվազել է:

ԱՊՀ և ԵԱՏՄ-ին անդամակցող երկրների բնակչության շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ եվրասիական ինտեգրումը պահանջված է նաև 2016-ին: Ընդհանուր առմամբ աջակցությունը գերազանցում է 60%-ը: Սակայն երկրների մեծ մասում այն վերջին տարվա ընթացքում նվազել է: Այդպիսին են «ԵԱԶԲ ինտեգրացիոն բարոմետր» ամենամյա հետազոտության արդյունքները:

Եվրասիական ինտեգրման աջակցության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Հայաստանում: Եթե 2013-ին, երբ երկիրը պաշտոնապես հայտարարեց ԵԱՏՄ-ին միանալու մասին, բնակչության 67%-ը դրական էր վերաբերվում դրան, իսկ բացասական վերաբերմունք ուներ ընդամենը 5%-ը, ապա 2014-ին դրական վերաբերմունքը նվազել է մինչև 64%, իսկ բացասականը հասել 8%-ի: 2015-ին ՀՀ բնակչության արդեն 10%-ն էր բացասաբար վերաբերվում ԵԱՏՄ-ին, իսկ դրական` 56%-ը: 2016-ին դրական վերաբերմունքը ԵԱՏՄ հանդեպ կտրուկ նվազել է մինչև 46%, իսկ բացասականը հասել 15%-ի:

Մինչդեռ Ղազախստանում ԵԱՏՄ-ին դրական վերաբերմունքի ցուցանիշը 2012-2016թթ. 80%-ից նվազել է մինչև 74%, նվազելով ընդամենը 6%-ով, իսկ բացասական վերաբերմունքն աճել է ընդամենը 1%-ով` 4%-ից հասնելով 5%-ի: ՌԴ-ում ևս որոշ չափով նվազել է ԵԱՏՄ-ին սատարողների թիվը` 2012-ին կողմ էր բնակչության 72%-ը, իսկ 2016-ին 69%:

Բելառուսում և Ղրղզստանում հակառակը, վերաբերմունքը ԵԱՏՄ հանդեպ բարելավվել է: Եթե 2012-ին բելառուսների 60% -ն ու ղրղզների 67%-ն էր սատարում եվրասիական ինտեգրման գաղափարին, ապա 2016-ին այդ ցուցանիշներն աճել են մինչև 63% և 81%-ը համապատասխանաբար: