25.11.2024
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է  Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին
prev Նախորդ նորություն

Արդարադատության ոլորտում ծրագրերը կատարվել են 89-90 տոկոսով. Գրիգոր Մինասյան

2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի եւ մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ի նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:


Ձեռք է բերվել ստի ժամանակակից դետեկտոր՝ պոլիգրաֆ, որն արդեն գործարկվում է: Ձեռք է բերվել նաեւ հատուկ սարքավորում` նախատեսված փաստաթղթերի, թղթադրամների, ձեռագիր գրառումների եւ ստորագրությունների, լիարժեք հետազոտության կատարման համար: Նոր տեխնիկայով հնարավոր է դարձել նաեւ մոդելավորել ու ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղակայությունների 3D ձեւաչափով պատկերներ եւ պարզել հրազենային վնասվածքներն առաջացնող զենքի եւ կրակողի դիրքը դեպքի վայրում:


Տնային կալանք եւ վարչական կալանք կիրառելու նպատակով ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության անհրաժեշտ միջոցներ՝ շուրջ 200 միավոր՝ ձեռքին կամ ոտքին կրելու համար: Նախարարի տեղեկացմամբ վերջին 2-3 ամսվա ընթացքում նման 70 որոշում է կայացվել, համակարգն արդյունավետ աշխատում է:


Ըստ զեկույցի՝ 2022 թվականին ավարտվել են Հակակոռուպցիոն դատարանի ձեւավորման աշխատանքները: Ստեղծվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն ձեւավորվել են երկու առանձին՝ քաղաքացիական եւ վարչական պալատներ, ինչպես նաեւ ստեղծվել է նոր՝ հակակոռուպցիոն պալատը` ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան քննության ամբողջ շղթան:


Դատական գործերի մասնագիտացված քննությունն ապահովելու եւ դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով Երեւան քաղաքում առանձնացվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական եւ քրեական դատարանները: Նախարարի խոսքով 3 մլն բնակչություն ունեցող երկրին անհրաժեշտ է 1000 դատավոր, Հայաստանում կա 300 դատավոր, նպատակ կա 80-100-ով ավելացնել դատավորների թիվը:


Ավելացել է Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի դատավորների վարձատրությունը:


Դատական համակարգը նոր պրոֆեսիոնալ կադրերով համալրելու նպատակով նախատեսվել են դատավորների ներգրավման առավել ճկուն ընթացակարգեր:


Նախատեսվում է փակել 4 քրեակատարողական հիմնարկ եւ դրանց փոխարեն կառուցել նոր, ժամանակակից քրեակատարողական հիմնարկ:


«Արդյոք կա՞ն չկատարված դրույթներ»,- հետաքրքրվել է պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ոլորտում ծրագիրը կատարվել է 89-90 տոկոսով:


Ի պատասխան պատգամավոր Արփինե Դավոյանի՝ անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակի լրացման վերաբերյալ հարցի՝ նախարարը պարզաբանել է, որ 3-ով ընդլայնվել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Մասնավորապես, հանրային պաշտպանի ծառայությունից կարող են օգտվել պայմանագրային զինծառայողները, անչափահասները: 10-ով ավելացել է հանրային պաշտպանների թիվը: Նպատակ կա ավելացնել հանրային պաշտպանների աշխատավարձի չափը:


Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն: