24.11.2024
Լավրովի հայտարարության ուշագրավ տողատակերը
prev Նախորդ նորություն

Բերձորի ճանապարհը բացելու դիմաց Ադրբեջանը շարունակում է պահանջել այլ զիջումներ․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Բերձորի ճանապարհը բացելու դիմաց Ադրբեջանը շարունակում է պահանջել այլ զիջումներ։ Պահանջներն էին՝ Ռուբեն Վարդանյանի ազատում, Արցախի անցակետում ռենտգեն սարքի տեղադրում, Կաշենի հանքում մոնիթորինգի թույլտվություն, ծանր ռազմատեխնիկայի դուրսբերում Արցախից։ Մեր աղբյուրներն ասում են, որ ռենտգեն սարքի հարցն ադրբեջանական կողմը կարեւորում է։ Պնդում են՝ անցակետում նման սարք պետք է տեղադրվի… Բանակցությունների ընթացքում սկզբում առաջ է քաշվել միայն բեռնատար ավտոմեքենաները ստուգելու հարցը` ադրբեջանական կողմի կասկածները փարատելու համար, որ վտանգավոր ուղեբեռ՝ զենք չտեղափոխվի Հայաստանից։ Արցախյան կողմն էլ հակընդդեմ պահանջ է ներկայացրել․ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այդ մտքից, ապա կարող է միայն սարք տեղադրել եւ դրա միջոցով մեքենաներին հետեւել հեռավար, այսինքն՝ անցակետում պետք է շարունակեն միայն ռուս խաղաղապահները հսկողություն իրականացնել, այնտեղ չպետք է կանգնեն ադրբեջանցի հսկիչներ: Այսինքն՝ չպետք է խախտվի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի բովանդակությունը։ Հատկանշական է, որ նախօրեին Բաքու այցելած ՌԴ արտգործնախարար Լավրովը երեկ հայտարարել է, որ որեւէ հսկիչ անցակետի ստեղծում Լաչինի միջանցքում նախատեսված չէ, իսկ միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիարժեք համապատասխանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներին: Երեկ գրել էինք նաեւ, որ նախօրեին կայացած Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին արցախյան կողմից մասնակցել են ԱՀ նախագահը, ԱԽՔ-ն եւ ՀԿ-ներից մեկի ղեկավարը։ Տեղեկացանք, որ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է ԿԳԲ-ի պետը, նրան ուղեկցել են այլ պաշտոնյաներ եւս։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպումը տեւել է 2.5 ժամից ավելի: Մենք տեղեկացանք, որ պատգամավորների ու նախարարի միջեւ ակտիվ երկխոսություն է ծավալվել: Ինչպես նշել էինք, այդ հանդիպումը նախաձեռնվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, եւ խորհրդարան եկած նախարարին հարցեր են ուղղել նոր ստեղծված նախարարության աշխատանքի մասին եւս: Հետաքրքիր է, որ հարցուպատասխանի ժամանակ շատ են եղել հարցեր թմրամոլության դեմ պայքարի մասին: Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկին ակտիվացել եւ որոշել է պարբերաբար նման հավաքնել կազմակերպել խորհրդարանում՝ հրավիրելով գործադիրի ներկայացուցիչներին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջել է «Մարտի 1»-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեից վերցնել եւ դնել իր սեղանին, որպեսզի այսուհետ հենց ինքը զբաղվի այս գործով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ այս առիթով Գլխավոր դատախազությունից, որտեղից, ի պատասխան մեր հարցադրմանը, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Մոտ տասն օր առաջ գլխավոր դատախազը գործը զեկուցելու հանձնարարական է տվել»: Նկատենք՝ մարտի մեկի ողբերգական իրադարձությունների 15-րդ տարին է լրանում այսօր: 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի տված՝ «Մարտի 1»-ը բացահայտելու խոստումը չի կատարվել, չնայած նա տարբեր առիթներով շարունակում է ասել, թե այն բացահայտված է համարում: 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարել էր. «Դուք բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները: Մենք կարող ենք ասել, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»: Այս հայտարարությունից՝ գրեթե 5, եւ մարտի 1-ի դեպքերից 15 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարտի 1-ի օրը զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտնեց. «Մինչեւ հիմա «Մարտի 1»-ը բացահայտված չէ, բայց քանի որ ունենք նոր դատախազ, հույս ունեմ, որ կբացահայտվի»: Ստացվում է, որ զոհերի հարազատները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին արդեն չեն վստահում եւ հույսը դրել են նոր դատախազի վրա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկություններ ենք ստանում, որ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Մանե Թանդիլյանը. վերջինս արդեն սկսել է ձեւավորել քարոզչական թիմ ու նախապատրաստվել գալիք ընտրություններին: Իհարե, ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի զբաղվելու սեփական քարոզչության կազմակերպմամբ, սակայն առնվազն տարօրինակ է, որ Արցախում մնալու, Արցախը շենացնելու խոստումներ տված Ռուբեն Վարդանյանի քաղաքական թիմի առաջին շարքերում են մարդիկ, որոնք իրենց անցյալով ու ներկայով, մեղմ ասած, չեն համապատասխանում այդ սկզբունքներին: Վառ օրինակ է Մանե Թանդիլյանը. վերջինս ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր Արցախի սոցապահովության նախարարի պաշտոնը ու չէր դադարում Արցախ գնալու կոչեր անել, սակայն ինչպես պարզել էին մեր աղբյուրները, նա նույնիսկ իր որդիներին է Հայաստանից դուրս տարել, էլ չենք խոսում իր ու ընտանիքի՝ Արցախ տեղափոխվելու մասին: Մեր աղբյուրները պնդում են, որ Թանդիլյանի այդ քայլը կապված է որդիներին բանակից ազատելու ցանկության հետ, ինչը թերեւս ստացվել է:


Ալավերդու տարածաշրջանում ծնված Մանե Թանդիլյանը Երեւանի քաղաքապետ է ուզում դառնալ՝ չցանկանալով սեփական երեխաներին հայոց բանակ զորակոչել, կասկածի տակ դնելով թե՛ իր, թե՛ իր կուսակցության լիդերի խոստումների անկեղծությունն ու հիմնավոր լինելը: Մեր օրերում ընդունված է հայրենասիրություն դրեւորել Արցախի շուրջ՝ բոցաշունչ խոսքեր, ֆեյսբուքյան կոչեր, սակայն, ինչպես հաճախ պատահում է, ուսումնասիրելով հայտարարություններ անողների անցյալը՝ բախվում ենք շարքային պոպուլիզմի հետ: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանի մեկ այլ ակտիվ թիմակից, այդ քաղաքական ուժի PR-ով զբաղվող նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը եւս չի ծառայել ՀՀ զինված ուժերում, ինչը նրան չի խանգարում շատ հայրենանվեր ու ամեն բանով երկրին ծառայելու մասին ստատուսներ գրել: Ակնկալում ենք, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՊՆ-ն հետամուտ կլինեն հատկապես հայ քաղաքական գործիչների որդիների՝ բանակ զորակոչվելու ու զինապարտության հարցերին: Հայրենիքի պաշտպանությանը պետք է մասնակցեն բոլորի զավակները, իսկ քաղաքացիներն իրավունք ունեն տեղյակ լինել իրենց ծառայելու խոստումներ տվողների կյանքի որոշ մանրամասներին, որտեղից կարելի է հասկանալ՝ արդյոք այդ մարդիկ պատրաստ են երկրին տալ ամեն ինչ, թե շարքային պոպուլիստներ են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթեւեկում է օպերատիվ համարանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է Քոչարյանին խորհրդարան աշխատանքի գալիս ինչ-որ կասկածելի խառը համարանիշի համարանիշներով ԱԺ ծառայողական ավտոմեքենայով: Դրանք ամենևին ԱԺ բալանսում գտնվող համարանիշներ չեն. պարզվեց՝ այլ ուժայիններին են պատկանում: Պարզվում է՝ այն օպերատիվ պետհամարանիշ է, որը ենթադրում է անխափան երթեւեկություն, այսինքն՝ վարորդը կարող է ավտոմեքենան արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքով կանգնել եւ այլն, բայց չտուգանվել, քանի որ տեսախցիկներն օպերատիվ պետհամարանիշների խախտումները չեն գրանցում, այլ դրանք հիմնավորում են իբրեւ ծառայողական անհրաժեշտություն: Ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանն իրեն արտոնյալի կարգավիճակ է վերապահել, հատուկ պետհամարանիշով մեքենայով է շրջում, որպեսզի պատասխանատվության չենթարկվի: Ի դեպ, պատգամավորին օպերատիվ համարանիշ ունենալու իրավունք տրված չէ. այն ունենալու իրավունք ունեն միայն օպերատիվ աշխատողները՝ ոստիկաններ, քննիչներ, ԱԱԾ աշխատակիցներ եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ով է տրամադրել օպերատիվ պետհամարանիշները իրեն, սակայն պատգամավորը հերքեց «անհերքելին»՝ ասելով, թե չունի օպերատիվ համարանիշ: Հիշեցնենք, որ նախկինում, երբ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, կամ այլ օդիոզ դեմքեր ՊՆ համարանիշներով էին շրջում, Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխական թիմը կոկորդ էին պատռում, թե արտոնյալներ չպիտի լինեն: Հիմա հարց՝ ո՞վ, ինչո՞ւ եւ ո՞ւմ միջնորդությամբ է Անդրանիկ Քոչարյանին «չնկարվող» համարներ տրամադրել: «Ժողովուրդ» օրաթերթը սա պարզելու համար գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն, որտեղից դեռ չեն պատասխանել մեր հարցմանը: Ոստիկանության պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք, միայն հավելենք, որ որեւէ օրենքով նախատեսված չէ, որ պատգամավորը կարող է օպերատիվ համարանիշներ ունենալ. դա օրինախախտում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներից էլի կան մի քանիսը, որոնք երթեւեկում են օպերատիվ համարանիշներով. նրանց կանդրադառնանք առաջիկայում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակի» տեղեկություններով, շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, գողության դեպք է արձանագրվել Իջեւան քաղաքում: Ըստ մեր իջեւանյան աղբյուրի` թալանել են Իջեւան քաղաքի դատախազ Վասիլ Սարգսյանի բնակարանը` հափշտակելով ավելի քան 25 հազար ԱՄՆ դոլար ու ոսկյա զարդեր: Նշենք, որ Իջեւանի դատախազ Վասիլ Սարգսյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի մորաքրոջ որդին է: Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը: «Նման դեպք տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ, բնակարանային գողության հատկանիշներով, Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի: Այս պահի դրությամբ վնասի չափը հստակեցված չէ, այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում»,- ասաց քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը:


«Հրապարակ» թերթը գրում է. Արդշինբանկը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանի եւ դատարանից պահանջում է նրան պարտավորեցնել՝ հերքել զրպարտություն հանդիսացող գրառումը, որը Խզմալյանն արել է իր ֆեյսբուքյան էջում։ Բանկը նաեւ ֆինանսական փոխհատուցում է պահանջում՝ 6 մլն դրամի չափով։ Մեզ հետ զրույցում Խզմալյանը պարզաբանեց, թե ինչ գրառման համար են իր դեմ հայց ներկայացրել․ «Երկու գրառում կար, որոնցից մեկը հոդված էր այն մասին, թե ինչպես պատերազմի մասնակցին պատերազմի ամիսներին չվճարված գումարի համար տուգանեցին, նա փորձեց վիճարկել, խնդիր առաջացավ, տուգանման գումարը կտրուկ աճեց, բայց հետո մենք ընկերներով փակեցինք։ Հոդվածը կոչվում էր․ «Ազատամարտիկը՝ ընդդեմ Արդշինբանկի»: Բավականին վաղուց էր` անցած տարի։ Իսկ մեկնաբանություններում կար մի միտք, որ Հայաստանի 3 ձեռնարկություններ, այդ թվում՝ Արմիմպեքսբանկը, հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ։ Ես փորձեցի գտնել այդ Արմիմպեքսբանկի պոչը եւ տեսա, որ 2017 թվականին այդ բանկը, ըստ Արդշինբանկի հրապարակած պաշտոնական տեղեկությունների, ձուլվել էր Արդշինբանկին։ Ես հարց տվեցի, թե ով գիտի՝ արդյոք խոսքը գնում է Արդշինբանկի՞ մասին, քանի որ ցուցակում Արդշինբանկը չկար, բայց կար մի բանկ (Արմիմպեքսբանկը), որը հիշատակված էր ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի պատժամիջոցների ցանկում, եւ հայցում հիշատակվում է հենց այդ գրառումը։ Ավելի ճիշտ՝ դա ոչ թե գրառում էր, այլ քոմենթների մեջ էր, իրենք բացել են քոմենթները եւ կցել գործին»։ Այսինքն, բանկը դիմել է դատարան` պնդելով, որ իրեն զրպարտել են` իր նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներ չկան: Նշենք, որ հայցը դատարանը վարույթ է ընդունել 2022-ին, այն մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին, վերջին նիստը կայացել է հունվարի 9-ին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող օբյեկտները դարձել են պետական գերատեսչությունների սիրելի վայրերը: Բանն այն է, որ ներկայացուցչական ծախսեր, այսինքն՝ պատվիրակության համար ճաշը կամ ընթրիքը պետական գերատեսչություններից շատերը կազմակերպում են հենց այս ընկերության կողմից շահագործվող օբյեկտներում: Օրինակ՝ Պետական եկամուտների կոմիտեն այս ընկերության հետ պայմանագիր է կնքել 123 հազար դրամի չափով, որի շրջանակում պաշտոնական ճաշ է կազմակերպել 10 անձի համար: Մեկ անգամ էլ Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննության ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի գլխավորած պատվիրակության համար հյուրասիրություն՝ 125 հազար դրամի չափով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այնտեղ կազմակերպվել է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում աշխատաժողովի համար Հայաստան ժամանած անձանց պաշտոնական ճաշը: Այս պայմանագիրը կնքվել է փետրվարի 16-ին: Ազգային ժողովն էլ փետրվարի 9-ին 15 միլիոն դրամի մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքած եղել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Այդ գումարով նրանք մի քանի ռեստորաններում են հաշիվ փակած եղել, եւ այդ բոլոր ռեստորաններն էլ պատկանել են նույն ՍՊԸ-ին:


«Հրապարակ» թերթը գրում է. Օրենքներ գրելու եւ կարեւոր որոշումներ կայացնելու իրավունքն իշխանությունը հանձնել է տարբեր սորոսական կազմակերպությունների, կիսագրագետ իրավաբանների, անհայտ հանրային գործիչների, որոնք իրենց կյանքում ոչինչ չեն ստեղծել: Նրանք այժմ Սահմանադրություն ու Քրեական օրենսգիրք են փոխում, կանոնակարգեր գրում: Արդյունքում` ծանր հանցագործություն կատարած անձանց ուզում են ազատել պատժից` զղջալու հիմքով, կամ` արտակարգ դրության ժամանակ համացանցն անջատելու դրույթ մտցնել: Իսկ երեկ ինչ-որ անհայտ ՀԿ-ների ներկայացուցիչներ արդարադատության նախարարի հետ քննարկել են ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմների հարցը: