27.11.2024
ՀՀ-ն պետք է կշռադատված քաղաքականություն վարի հարևանների ու դաշնակիցների նկատմամբ. փորձագետ
prev Նախորդ նորություն

Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը չպետք է լինի ՀՀ շահերի հաշվին. Բալասանյան

Հայաստանը պետք է առաջ տանի իր շահը, բայց այն չպետք է փնտրի գերտերությունների առճակատման մեջ: Այս մասին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի հրավիրած «Ռազմական հատուկ գործողության ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի գործընթացների վրա. տարվա ամփոփում և հնարավոր զարգացումներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանն ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

Նա շեշտեց, որ շատ կարևոր հանգամանք է այն, որպեսզի Հայաստանը չդառնա թատերաբեմ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները պարզելու համար, և պետք է շարունակի իր հարաբերությունները բոլոր բևեռների հետ, բայց իր հստակ խաղի կանոններով: Հայաստանը ՌԴ դաշնակիցն է, բայց միևնույն ժամանակ մեր երկիրը պատրաստ է հարաբերությունները զարգացնել այլոց հետ՝ չվնասելով դաշնակցային հարաբերություններին և, հատկապես, ոչ այդ հարաբերությունների հաշվին:




“ԵՄ հետ հարաբերությունները կառուցելիս ՀՀ-ն պետք է խուսափի ծայրահեղություններից: ՀՀ-ն պետք է հետևի նաև, որպեսզի եվրոպացի պաշտոնյաները, որոնք ժամանում են Հայաստան, մեր դաշնակիցների դեմ ուղղված հայտարարություններ չանեն, ինչպես դա եղավ, օրինակ, օրերս, երբ Երևան էր ժամանել Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը: Հայաստանը ՌԴ հետ կապված է հազարավոր թելերով և ԵՄ պաշտոնյաները դա հստակ գիտեն”,- ասաց Բալասանյանը:

Բալասանյանն անդրադարձավ ՌԴ նախագահի վերջին ուղերձին, որին, ըստ բանախոսի, ՀՀ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն: Այդպես, Վլադիմիր Պուտինը հստակ իր ուղերձում հայտարարեց, որ Հարավ-Հյուսիս միջանցքը անցնելու Հայաստանով, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն ու ապահովումը պետք է լինի մեր իշխանությունների օրակարգում: Բայց, իհարկե, որ ՀՀ պետական շահերի հաշվին:

Անդրադառնալով մեր բարեկամների հետ հարաբերություններին, Բալասանյանն ասաց, որ այն, թե ինչպիսի հարաբերություններ ունի Արևմուտքը Իրանի հետ՝ Արևմուտքի գործն է, Հայաստանը չպետք է տուրք տա դրան և փչացնի կամ փորձի փչացնել հարաբերությունները մեր դարավոր բարեկամի հետ: Երևանը, մատնանշեց նա, պետք է ամեն ինչ անի, որպեսզի 3+3 ձևաչափը միս ու արյուն ստանա և թույլ չտա, որպեսզի Արևմուտքից կամ այլ բևեռներից փորձեն մտնել մեր տարածաշրջան ու այստեղ առկա խնդիրները լուծեն իրենց շահերի կոնտեքստում:

«Պուտինի ուղերձը լավ հնարավորություններ է բացում ՀՀ համար, բայց մենք պետք է հստակ գծենք մեր կարմիր գծերը, հասկանալի լինենք մեր գործընկերների, դաշնակիցների ու նաև թշնամիների համար, որոնք պետք է հասկանանք, որ կան գծեր, որոնցից Հայաստանը չի կարող անցնել»,- հավելեց Բալասանյանը: